Wigmore Women’s & Children’s Hospital
Բեդրոս Եղիայան. Եթե հայ լինելը քեզ համար կարեւոր է, ընդմիշտ կապված ես Հայաստանին
Բեդրոս Եղիայան. Եթե հայ լինելը քեզ համար կարեւոր է, ընդմիշտ կապված ես Հայաստանին
16 Декабрь

Հայաստանի առողջապահությունը՝ օտարերկրյա ներդրողների ուշադրության եւ միջազգային համագործակցությունների կենտրոնում․ զրուցել ենք գործարար, բրիտանական «Wigmore Medical» ընկերության համահիմնադիր, հայկական «ՖարմաՏեք» ընկերության համահիմնադիր, «Ուիգմոր Քլինիք» եւ «Ուիգմոր Գրուփ» բժշկական կենտրոնների համահիմնադիր եւ ներդրող Բեդրոս Եղիայանի հետ:

- Պարոն Եղիայան, դուք ծնվել եք Կիպրոսում, ապրում եք Մեծ Բրիտանիայում եւ Ձեր մասնագիտական գործունեությունը կապված է «Wigmore Medical» միջազգային դեղագործական ընկերության հետ։ Միեւնույն ժամանակ, ամուր եւ հաստատուն կապ ունեք Հայաստանի հետ․ արդեն 30 տարի է հաճախակի այցելում եք Հայաստան, այստեղ ունեք տարբեր համագործակցություններ եւ ակտիվ գործունեություն, սակայն երբեւէ հանրային ելույթով հանդես չէիք եկել:

- Ոչ հանրային մարդ լինելը մտածված դիրքորոշում չէ. պարզապես միշտ առաջնահերթություն եմ տվել բուն գործունեությանս, առանց «երեւալու» ձգտումի։ Այսպես ես ինձ հանգիստ եմ զգում եւ աշխատանքիս վրա կենտրոնացած։

Այս անգամ այցիս յուրահատուկ հոբելյան է (ժպտում է-խմբ.)․ սա Հայաստան՝ իմ 275-րդ այցն է, լավ առիթ է հետահայաց դիտարկել անցած ուղին:

- Պատմեք Հայաստան Ձեր առաջին այցի մասին: Գիտենք, որ այն 1993 թվականին էր։

- Շրջադարձային էր 1988 թվականի երկրաշարժը: Որպես հայ միշտ մոտ ենք եղել հայոց լեզվին ու մշակույթին՝ եւ՛ ընտանիքով, եւ՛ ընկերներով։ Սակայն երբեք Հայաստանում չէի եղել, հայրենիքը մի գեղեցիկ, լուսավոր ու հեռավոր գաղափար էր։

Երկրաշարժը մտերմացրեց, ստիպեց գալ ու «շոշափել» Հայրենիքը։ Այդ տարիներին գործընկեր կազմակերպությունների հետ (Aid Armenia) անհրաժեշտ իրեր էինք հավաքում, ուղարկում Հայաստան: Հենց այդ ժամանակ էր, որ մեր աջակցությամբ Վանաձորում կառուցվեց եւ կահավորվեց «Նարեկ» մանկական հիվանդանոցը. այդ ժամանակ լոնդոնյան «Wigmore Medical»-ի արտադրանքը մեծապես բժշկական սարքավորումներն էին։

Առաջին այցս Հայաստան 1993 թվականի նոյեմբերին էր: Հիշում եմ՝ Հաղթանակի կամրջից նայում էի Երեւանին: Մութ էր ամենը, մշուշի մեջ: Մտածեցի՝ Հայաստան դրախտավայրն է: Անլույս մեր դրախտը…

- Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ այդ «անլույս դրախտավայրում» ներդրումային գործունեություն սկսեցիք։

- Նոր անկախություն կար, նորը ստեղծելու մեծ հույս կար։ Որտեղ շատերը միայն մութը, ցուրտը եւ վատը տեսան, ես տեսա նոր հնարավորություններ, եւ Հայաստանից շատ դրական տպավորված եւ նոր գաղափարներով վերադարձա։ Ընկերներս զարմանում էին՝ արդյո՞ք նույն Հայաստանն եմ գնացել։

Իմ առաջին այցից հետո, 1995 թվականին գործարար ընկերներիս հետ միտք ունեցանք Հայաստանում գործունեություն սկսել եւ 1997-ին բացեցինք «ՖարմաՏեք» դեղագործական ընկերությունը։ 1995-ից ի վեր ես շատ հաճախ եմ Հայաստան գալիս։

«ՖարմաՏեք»-ի շենքը

- Պատմեք, խնդրեմ, Ձեր նախագծերի մասին։

- 2012 թվականին այցով Արագածոտնի մարզում էինք, այցելեցի Կոշ համայնքի ամբուլատորիան։ Այնտեղ նոր հիմնված մեծ բժշկական կենտրոն կար, որն ամբողջությամբ կահավորեցինք Լոնդոնի «Wigmore Medical»-ից ներկրված կահույքով ու սարքավորումներով, եւ կենտրոնը գործարկվեց։

Բեդրոս Եղիայանը՝ «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի բացմանը

Շատ հետաքրքիր սկիզբ ունեցավ Ուիգմորի հիմնադրման պատմությունը. մի օր հանդիպեցի աշխարհահռչակ ողնաշարի վիրաբույժի, որը պատմեց, որ հաճախ է Հայաստանում վիրահատություններ իրականացնում։ Նա մի միտք հնչեցրեց, որը գործողությունների շղթայի սկիզբ դարձավ․ «երանի գոնե մեկ՝ համապատասխան կահավորանքով վիրահատարան եւ իրեն կից մեկ զննման սենյակ լիներ, որպեսզի հնարավոր լիներ վիրահատությունները պատշաճ որակով իրականացնել Հայաստանում»։

Այդպես մի ծանոթությունից, մի մտքից, մեկ վիրահատարանի անհրաժեշտությունից սկիզբ առավ արդեն բոլորին հայտնի Պուշկինի 56 հասցեում գտնվող Ուիգմոր Քլինիքի պատմությունը։ Մեկ վիրահատարանը եւ կից սենյակը «գրավեցին» շենքը, եւ արդեն 2017 թվականին ամբողջ ծավալով գործարկվեց «Ուիգմոր Քլինիք»-ը՝ օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության բժշկական կենտրոնը։

«Ուիգմոր Քլինիք»-ի գործարկումից մեկ տարի անց շենքում մեկնարկեց մանկաբուժական ծառայությունը։ Ի սկզբանե դա նախատեսված չէր՝ մանկաբուժական ծառայության ավելացումը ամբողջությամբ թելադրված էր աճող պահանջարկով։ Շատ արագ հասկացանք, որ «Քլինիքի» շենքում մանկաբուժական աճող պահանջարկը հնարավոր չէր բավարարել. նոր եւ ավելի մեծ հիվանդանոցի անհրաժեշտություն առաջացավ։

Սկսեցինք մտածել առաջին հայացքից անհնարին թվացող մանկական հիվանդանոցի գաղափարի մասին։ Շա՜տ համարձակ միտք էր. հիվանդանոցի կառավարման ծավալն ու գործընթացները շատ են տարբերվում օրթոպեդիայի փոքր կլինիկայից։

«Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցը»

Մյուս կողմից ներդրումների հարց ունեինք. Քլինիքը մեծապես Լոնդոնի «Wigmore Medical»-ի ներդրումներով էինք հիմնադրել, իսկ այս փուլում ավելի մեծ ռեսուրսների եւ ներդրումների կարիք ունեինք։ Այդպիսով, Ուիգմորի շուրջ միավորեցի գործընկերներիս՝ 5 գործարար ներդրողների տարբեր երկրներից՝ Մեծ Բրիտանիա, Իսրայել, Մոնակո եւ Լիբանան։ Նրանք միացան այս գաղափարին՝ հավատալով Ուիգմորի տեսլականին եւ զարգացման գաղափարներին, եւ ոգեշնչված Ուիգմոր Քլինիքի հաջողության պատմությամբ։

«Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցի» սպասասրահը

Մեր նպատակն էր, որ Քլինիքը շարունակի իր մասնագիտական գործունեությունը մեծահասակների համար, իսկ մանկական ծառայությունները՝ արդեն ընդլայնված եւ համալիր, մատուցվեն առանձին հաստատությունում՝ մանկական հիվանդանոցում։

«Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցի» սպասասրահը

Զրոյից հիվանդանոցի բացման ամենադժվար խնդիրներից էր թիմը՝ մարդիկ: Համաձայնեք, որ շատ դժվար է գործարկել որեւէ կառույց, եթե թիմակիցներ չունես։ Սակայն այս պարագայում ճշմարտությունն այն էր, որ արդեն կար կորիզը, կար թիմ, համախմբված մի մեծ գաղափարի շուրջ, եւ կային երկրում նոր որակ, մշակույթ բերելու եւ կրթվելու, առաջ գնալու պատրաստ բժիշկներ։

- Դուք կայացած գործարար եք Մեծ Բրիտանիայում․ որո՞նք էին Հայաստանում ներդրումային գործունեություն ծավալելու Ձեր շարժառիթները, հատկապես եթե հաշվի առնենք առողջապահության ոլորտի յուրահատկությունները բիզնեսի տեսանկյունից, Հայաստանի փոքր շուկան եւ ներդրումային առումով թերեւս ոչ շատ մրցակցային լինելը:

- Երեւի խենթ լավատես եմ (ծիծաղում է-խմբ.), ինչն անհրաժեշտություն է այս պարագայում։

Ես մասնագիտությամբ դեղագործ եմ եւ հայ եմ։ Եթե հայ ես եւ հայ լինելը քեզ համար կարեւոր է, անվերադարձ կապված ես Հայաստանին եւ միակ տեղը, որտեղ պիտի ուժ դնես, այստեղ է։ Այլ տեղ իմաստ չունի։

Հարցազրույցի ամբողջական տարբերակը կարդացեք այս հղումով։