Wigmore Women’s & Children’s Hospital
Ինչպե՞ս վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը։
Ինչպե՞ս վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը։
29 Июль
Կրծքագեղձի քաղցկեղը կանանց մոտ չարորակ նորագոյացությունների խմբում զբաղեցնում է առաջին տեղը։ Սակայն կրծքագեղձի քաղցկեղը դատավճիռ չէ, այն ընդամենը ախտորոշում է, մասնավորապես եթե վաղ փուլում է հայտնաբերվում։
Կրծքագեղձի քաղցկեղն ունի հիվանդության նախակլինիկական շրջան և, վաղ փուլերում հայտնաբերման պարագայում, բուժումը շատ արդյունավետ է։

Ռիսկի գործոններն են․
  • Ժառանգական նախատրամադրվածությունը,
  • Վաղաժամ կամ ուշացած դաշտանադադարը,
  • Կրծքով չկերակրելը,
  • Ճարպակալումը,
  • Ֆիզիկական ակտիվության սահմանափակումը,
  • Ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը։

Կանխարգելիչ հետազոտությունների նպատակը կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումը և բուժումն է։
  • Կարևոր է յուրացնել կրծքագեղձի ինքնազննման հմտությունը։ Ինքնազննումը կատարվում է ամիսը մեկ անգամ և կարող է օգնել հայտնաբերել հիվանդության ամենավաղ դրսևորումները։

  • 25 տարեկանից սկսած խորհուրդ է տրվում պարբերաբար իրականացնել կրծքագեղձերի սոնոգրաֆիկ հետազոտություն։
  • 30 տարեկանում, մասնագետի հետ խորհրդակցելով, կարելի է գնահատել քաղցկեղի առաջացման ռիսկը։ Ի դեպ, կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի 85% պայմանավորված չէ ժառանգականությամբ։
  •  40 տարեկանից սկսած քաղցկեղի վաղ հայտնաբերման ամենաարդյունավետ եղանակը տարին մեկ անգամ մամոգրաֆիկ հետազոտություն իրականացնելն է։ Այս կանխարգելիչ հետազոտության շնորհիվ կրծքագեղձի քաղցկեղով պայմանավորված մահացության ցուցանիշը կարող է իջնել 40%-ով։

Ստորև ներկայացված նշանների դեպքում կինը պետք է անհապաղ դիմի մասնագետի՝ չսպասելով կանխարգելիչ հետազոտության համար նախանշված ժամկետին։ Դրանք են՝
  • Շոշափվող գոյացություն կրծքագեղձում,
  • Մաշկի ներքաշվածություն,
  • Դաշտանային ցիկլով չպայմանավորված ցավ մի կրծքագեղձում,
  • Կրծքագեղձի մաշկի կարմրություն,
  • Պտուկից արյունային արտադրություն,
  • Պտուկի ներքաշվածություն կամ վերքային մակերեսի առաջացում,
  • Կրծքագեղձի մաշկի փոփոխություն՝ նմանվող լիմոնի կեղևի։


«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մամոլոգիական ծառայությանը կարող եք ծանոթանալ հղմամբ: