Wigmore Women’s & Children’s Hospital
Ջերմային (ֆեբրիլ) ցնցումներ
Ջերմային (ֆեբրիլ) ցնցումներ
08 Декабрь

Բարձր ջերմության ժամանակ առաջացող (ֆեբրիլ) ցնցումներն ավելի հաճախ հանդիպում են 6 ամսականից 5 տարեկան երեխաների շրջանում։ Ցնցումները սովորաբար դիտվում են ջերմության բարձրացման առաջին ժամերի ընթացքում, ավելի հաճախ՝ 38.9 և ավելի բարձր ջերմության դեպքում, թեև կարող է ցնցում լինել և ավելի ցածր ջերմության պարագայում։
Ջերմային ցնցումները կարող են դիտվել բարձր ջերմությամբ ուղեկցվող ցանկացած հիվանդության ժամանակ՝ վիրուսային վարակներ, ցանով ուղեկցվող հիվանդություններ և այլն։


Ջերմային ցնցումները մեծ մասամբ կարճ են տևում (1-2 րոպե) և երեխայի համար վտանգավոր չեն։ Պարզ ջերմային ցնցումները երեխայի նյարդային համակարգը և/կամ ուղեղը չեն վնասում, ինչպես նաև չեն կարող առաջացնել պարեզներ, չեն ազդում մտավոր զարգացման վրա և երեխայի կյանքի համար վտանգ չեն ներկայացնում։ Ցնցումից մոտ մեկ ժամ անց երեխան սովորաբար վերադառնում է իր սովորական ակտիվությանը:
Մինչև 5 տարեկան տարիքը 5 երեխայից 2-ը ունենում են ջերմային ցնցում, ավելի հաճախ՝ տղաները։


Պարզ ֆեբրիլ ցնցումը բնորոշվում է առողջ երեխայի մոտ ցնցումով, որը տևել է 15 րոպեից քիչ, 1 անգամ 24 ժամվա ընթացքում։ Այս դեպքում նյարդային համակարգի գործիքային հետազոտությունների անհրաժեշտություն և/կամ նյարդաբանի հսկողության անհրաժեշտություն չկա։ Ցնցումների մյուս տեսակների դեպքում ցուցված է նյարդաբանի հսկողություն և, նրա ուղղորդմամբ, անհրաժեշտ հետազտություններ (օրինակ՝ էլեկտրոէնցեֆալոգրամայի (ԷԷԳ), համակարգչային շերտագրում և այլն) ինչպես նաև հակացնցումային դեղամիջոցի նշանակում: 


  • Պառկեցրե՛ք երեխային
  • Գլուխը կողքի թեքեք, որպեսզի թուքը կամ փսխման զանգվածը շնչուղիներ չգնան


  • Մի՛ փորձեք որևէ առարկա կամ մատները մտցնել երեխայի բերանի մեջ
  • Մի՛ փորձեք բռնել լեզուն․ երեխան «լեզուն կուլ չի տա»
  • Փորձեք ֆիքսել ժամանակը․ եթե ցնցումները 5 րոպեից ավել են տևում, շտապ դիմեք մոտակա բուժհաստատություն։


  • Շտապ բուժօգնության դիմելու կարիք կա նաև այն դեպքում, երբ ցնցումից հետո երեխան մեկ ժամվա ընթացքում չի վերականգնվում։
  • Երեխայի ցնցումը դադարելուց հետո անհրաժեշտ է դիմել մանկաբույժի՝ ջերմության պատճառը հայտնաբերելու նպատակով։


Ջերմային ցնցումների կրկնվելու որոշակի հավանականություն կա, ընդ որում՝ որքան փոքր է եղել երեխան առաջին ցնցման ժամանակ, այնքան մեծ է կրկնման հավանականությունը։ Ի դեպ, ջերմային ցնցումների հանդեպ հակումը կարող է փոխանցվել ծնողներից։ Երեխաների մեծ մասը 5 տարեկանից հետո այլևս ցնցումներ չեն ունենում։ Շատ քիչ դեպքերում (մոտ 2%) կարող է հետագայում էպիլեպսիա զարգանալ։