Wigmore Women’s & Children’s Hospital
«Մտածել լայն եւ համարձակ». Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցը 3 տարեկան է
«Մտածել լայն եւ համարձակ». Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցը 3 տարեկան է
12 Декабрь
Երեք տարի առաջ բացված «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ն այսօր դարձել է ոչ միայն Ուիգմոր Գրուփի նշանակալի ձեռքբերումն, այլեւ՝ հայաստանյան առողջապահական համակարգի կարեւոր դերակատար։
Ուիգմոր Գրուփի հիմնադիր տնօրեն, ողնաշարի վիրաբույժ Զավեն Քոլոյանն ասում է՝ այս տարիներին հաջողվել է ձեւավորել ոչ միայն զարգացած ենթակառուցվածք եւ կարեւոր միջազգային համագործակցություններ, այլեւ՝ միջավայր, որում իրենց վստահ, պաշտպանված ու լսված են զգում թե՛ թիմի անդամները, թե՛ բուժառուները։
Մեդիամաքսի հետ զրույցում նա ամփոփել է «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի գործունեության երեք տարին եւ կիսվել դրան նախորդած ծավալուն աշխատանքով, որն էլ հիմք է դարձել հիվանդանոցի ստեղծման համար։  

- Եթե ամփոփենք «Ուիգմոր»-ի գործունեության ողջ ընթացքը, որո՞նք են Ձեր կարծիքով ամենաէական ձեռքբերումները։
- Իմ գնահատմամբ «Ուիգմոր»-ի ամենամեծ ձեռքբերումը մեր ստեղծած միջավայրն է։ Դրանում ամրապնդված են փոխվստահությունը, թիմային մտածողությունը, մասնագիտական աճի անհագուրդ ձգտումը, արժանապատիվ աշխատանքային պայմանները, անվտանգության զգացումը, գործընթացների թափանցիկությունն ու մշտական մոտիվացիան։


Այսպիսի միջավայրում հնարավոր է սիրով ու բարձր արդյունավետությամբ բժշկել, զարգանալ, զարգացնել եւ երբեք չճահճանալ։

- Ի՞նչն էր ամենաբարդը «Ուիգմոր»-ի ձեւավորման եւ զարգացման ճանապարհին։ Ի՞նչ դժվարությունների ու մարտահրավերների եք բախվել։
- Ամենաբարդը եղել է սովորել որակումներ չտալ երեւույթներին: Երբ իրավիճակը դասակարգում ես «բարդ» կամ «հեշտ», դրա նկատմամբ ձեւավորում ես վերաբերմունք, իսկ սա հաճախ խանգարում է։ Բոլոր խնդիրներն ընթացիկ հարցեր են, բոլոր հարցերն՝ ընդամենը իրավիճակներ, որոնցում պետք է կողմորոշվել։ Կարծում եմ՝ արդյունավետ կողմնորոշվելու համար նախեւառաջ խնդրից պետք է հանել հուզականությունը եւ փորձել մեկանձնյա որոշումներ չկայացնել։
Այս հարցում երջանիկ ղեկավար եմ, քանի որ «Ուիգմոր»-ի ղեկավար կազմում հատընտիր մասնագետներ են, որոնց շնորհիվ «մարտահրավեր» բառը լարվածություն չի առաջացնում։ 


Շրջադարձային էր նաեւ մի շարք անհատների միանալը մեր թիմին: Այս մարդիկ կիսել են մեր արժեքները, սիրել միջավայրը, բերել նոր էներգիա, մտածողություն ու ոգեշնչում։ Այս իրողությունն առավել լավ պատկերացնելու համար պարզապես նշեմ, որ 8 տարի առաջ աշխատանքը սկսել ենք 35 թիմակցով, իսկ այժմ «Ուիգմոր»-ն ունի ավելի քան 900 աշխատակից։ Այնպես որ, ամեն նոր աշխատակցի հետ շրջադարձվել ենք (ժպտում է – հեղ.): 

- Կհիշե՞ք հատկանշական պատմություններ հիվանդանոցի գործունեության ընթացքից:
- Հիվանդանոցային կյանքը յուրահատուկ է: Այստեղ տեսնում ես անպատմելի դեպքեր, գերլարված հույզեր, բազմատեսակ ճակատագրեր, անմարդկային իրավիճակներ եւ մարդկային կորուստներ։ 


Վստահ եմ՝ «Ուիգմոր»-ի շենքերում պահված են բազում անձնական պատմություններ, որոնք ուժ են տալիս բուժանձնակազմին շարունակելու իրենց աշխատանքը նույնիսկ ամենածանր օրերին։ Այդ պատմություններում մարդու լավագույն դրսեւորումներն են, անմար հույսը, փրկված կյանքերը, շնորհակալական հայացքները, կոկորդը խեղդող դրական հույզերը, անխոս ձեռքսեղմումներն ու երջանկության արցունքներ։ 


Հենց այս կենդանի պատմությունների շնորհիվ է բժշկական համայնքը մնում համառ, մարդասեր եւ անսահման նվիրված՝ կրկին ու կրկին ընտրելով օգնելու ճանապարհը։ 

Ամբողջական հարցազրույցը՝ հղմամբ։