Wigmore Women’s & Children’s Hospital
Ատամների ծկթում
08 September 2025


Երեխաների մեծ մասի առաջին ատամը ծկթում է 4-6 ամսականում, սակայն մինչև 18 ամսականը առաջին ատամի ծկթումը համարվում է նորմալ։
30 ամսականում երեխաներն ունենում են բոլոր 20 կաթնատամները։
Հազվադեպ, երեխան կարող է ծնվել ատամիկով կամ ատամը կարող է ծկթել մինչև երեք ամսականը։ Այս ատամները նույնպես կազմում են ատամնաշարի մաս՝ առողջ կաթնատամներից են, և հեռացնել խորհուրդ չի տրվում, եթե չեն խանգարում կերակրելուն կամ շարժուն լինելու պատճառով չեն կարող պոկվել և հայտնվել շնչուղիներում։


Ատամների ծկթման ժամանակ կարող են դիտվել լնդերի քոր, այտուցվածություն և ցավոտություն։ Երեխան կարող է անհանգիստ լինել, որոշ դեպքերում ջերմության թեթև բարձրացում է դիտվում։
Ծնողների, իսկ երբեմն նաև բժիշկների կողմից ատամների ծկթելուն վերագրվում են նաև այլ ախտանիշներ, որոնք ոչ թե ծկթելու, այլ հիվանդության նշան կարող են լինել։
Հազը, բարձր ջերմությունը, լուծը, փսխումները, հեղուկներից կամ սննդից հրաժարվելը ատամների ծկթումով պայմանավորված չեն և այդ նշանների առկայության դեպքում պետք է դիմել բժշկի՝ դրանց իրական պատճառը պարզելու և համապատասխան բուժում իրականացնելու համար։

Լնդերի ցավը մեղմելու համար կարելի է մեղմորեն մերսել նրա լնդերը․ նախապես լվացեք Ձեր ձեռքերը և մատներով կամ փափուկ կտորի օգնությամբ զգուշորեն մերսեք երեխայի լնդերի այտուցված հատվածները։
Կարելի է օգտագործել նաև ծկթման համար նախատեսված հատուկ սառեցված օղակները, որոնք երեխան կծում է՝ մեղմելով լնդերի ցավը։
Շատ բարձր կամ ցածր ջերմաստիճանը կարող է վնասել օղակի պլաստմասսան և բերել հեղուկի արտահոսքի, ուստի այդ օղակները՝
- Պետք է սառեցնել սառնարանում
- Չի կարելի պահել սառցարանում
- Չի կարելի վարակազերծել եռացող ջրում կամ սպասք լվանալու մեքենայում

Մանկաբույժի հետ խորհրդակցելով՝ ատամների ծկթումով պայմանավորված անհանգստությունը նվազեցնելու համար կարելի է պարացետամոլ (ացետամինոֆեն) և/կամ իբուպրոֆեն տալ։
Լնդերին քսվող տարբեր տեղային ցավազրկող դեղամիջոցներ խորհուրդ չի տրվում օգտագործել։ Նախ, դրանք շատ արագ լվացվում են թքով և երկարատև ազդեցություն չեն կարող ապահովել, մյուս կողմից որոշ ցավազրկողներ կարող են թմրեցնել երեխայի բկանցքի լորձաթաղանթը, խանգարել երեխայի կլման ակտը և կյանքի համար վտանգավոր իրավիճակներ ստեղծել։
Last news
22 December 2025
Մանկական ատամնաշարի առողջությունը
22 December 2025
Ո՞վ է զարգացման մանկաբույժը և ե՞րբ է կարիք լինում դիմել մասնագետին
12 December 2025
«Մտածել լայն եւ համարձակ». Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցը 3 տարեկան է
10 December 2025
ԱՐԴՅՈ՞Ք ՁՄՌԱՆԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՎԻՏԱՄԻՆ D Է ԱՆՀՐԱԺԵՇՏ
08 December 2025
Ջերմային (ֆեբրիլ) ցնցումներ
08 December 2025
Ջերմություն․ ինչպե՞ս օգնել երեխային․․․
04 December 2025
Ցելիակիա ունեցող երեխաների սննդակարգ
04 December 2025
Գաստրոշիզիս. երբ բացակայում է նորածնի որովայնի պատը (Հանրային հեռուստաընկերության անդրադարձը)
28 November 2025
Ճարպակալում
27 November 2025
«Հասանելի դարձնել որակյալ բուժօգնությունը». «Ուիգմոր»-ի երրորդ պոլիկլինիկան