Wigmore Women’s & Children’s Hospital
Հրաչուհի Ղազարյան. «Մեր նպատակը ուժ և թևեր է տալիս»
01 June
Հրաչուհի Ղազարյանն ավելի քան 15 տարի զբաղվում է, իր խոսքով, դժվար, բայց միևնույն ժամանակ, դրական հույզեր պարգեւող ու երիտասարդացնող աշխատանքով։
«Վստահորեն ասում եմ, որ բժշկական ոլորտում չկա այլ մասնագիտություն, որտեղ դու՝ որպես բժիշկ, բուժառուներից այդքան դրական էմոցիաներ ես ստանում։ Իրենք միշտ ստիպում են, որ լինես երիտասարդ, որ քո մեջ լինի մի երեխա, ով միշտ ապրում եւ իրենց հետ մեծանում է։ Եթե այսօր նորից բժշկական մասնագիտություն ընտրեի, միանշանակ, դա լինելու էր մանկաբուժությունը»,- խոստովանում է «Ուիգմոր Կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի բուժական գծով փոխտնօրենը։
«Երբ դու ունես քո երեխաները, այլ անկյունից ես ընկալում ծնողների էմոցիաները»
Դպրոցական տարիներին Հրաչուհին երազում էր գիտնական դառնալու մասին։ Բայց ընտանիքի հետ քննարկումներից հետո ընդունվեց Բժշկական համալսարան։ Սովորելու տարիներին հասկացավ, որ գերադասում է երեխաների հետ աշխատանքը։ Մանկաբույժ դառնալու մտադրությունն ամրապնդվեց իր մեծ ուսուցիչ, մանկական սրտաբան Կոնստանտին Տեր-Ոսկանյանի հետ հանդիպումից հետո։
«Ես միշտ ասում եմ, որ մանկաբույժները շատ բարի են։ Միևնույն ժամանակ, մանկաբույժը, բժշկական գիտելիքներից զատ, պետք է կարողանա ազատ եւ հեշտ շփվել երեխայի հետ, կոնտակտի մեջ մտնել ընտանիքի հետ, լսել, կիսել նրա ապրումները, եւ, իհարկե, արժանանալ ընտանիքի վստահությանը»։
Չնայած ընտանիքն ու աշխատանքը համատեղելը ջանքեր է պահանջում, բայց բժշկուհին ասում է, որ հենց իր երեխաների շնորհիվ է նաև հաջողում գործում։
«Երբ ունես քո երեխաները, զգացել ես ծնող լինելու բոլոր գույները, այլ կերպ ես ընկալում ծնողների էմոցիաները։ Դա օգնում է, որպեսզի նույնիսկ ամենավրդովված կամ ամենաչհամագործակցող ծնողի տեսանկյունից դիտես խնդիրը, հասկանաս, թե ինչու նա այդ պահին չի կիսում քո տեսակետը։ Մեր երիտասարդ բժիշկներին միշտ հորդորում եմ, որ փորձեն նաև ծնողի աչքերով նայել խնդրին»։
«Նպատակը ուժ եւ թեւեր է տալիս»
Հրաչուհի Ղազարյանը երկար տարիներ աշխատել է մանկաբուժական ոլորտում։ Մեծ փորձ և գիտելիք ձեռք բերելով, արտերկրում աշխատելով ու կրթվելով՝ մի քանի տարի առաջ կայացրեց իր կյանքի ամենահամարձակ որոշումներից մեկը. համախոհ հինգ մանկաբույժների հետ նոր բացված «Ուիգմոր Քլինիք»-ում ծավալել մանկաբուժական ծառայություն։
«Հնարավորություն եմ ունեցել օրդինատուրայի մի մեծ հատված անցկացնել Միացյալ Թագավորությունում՝ Բրիստոլի մանկական հիվանդանոցում։ Վերադառնալուց հետո երազանք ունեի. այն, ինչ տեսել եմ այնտեղ, հասանելի լինի իմ երկրում։ Շատ հաճախ քննարկումներ են եղել՝ միգուցե արտագաղթել, գնալ եւ աշխատել այդ մշակույթում, պատրաստի համակարգում, բայց երբեք չեմ տրվել այդ գայթակղությանը։ Կար նպատակ եւ պետք էր փորձել այն իրագործել հենց Հայաստանում։
Հրաչուհի Ղազարյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Իհարկե, միայնակ դա հնարավոր չէր լինի։ Երևանում արդեն մեկ տարի գործում էր «Ուիգմոր Քլինիք»-ը, որի թիմի տեսլականը և նոր մշակույթ բերելու ձգտումը շատ գրավիչ էին։ Մեր բժշկական թիմը միացավ Քլինիքին։ Այն ժամանակ շատ մեծ էր մտահոգությունը, որ աշխատելով փոքր հաստատությունում, չենք կարողանա օգնել մեծ թվով երեխաների։ Ինչ խոսք, դժվար որոշում էր։ Նաեւ թիմի համար էր դժվար աշխատել փոքր, սահմանափակ թվով նեղ մասնագետների թիմում։ Բայց երբ ունես տեսլական, երբ գիտես՝ ուր ես գնում, որտեղ է նպատակը, դա միշտ թեւեր եւ ուժ է տալիս»։
«Թիմն աշխատում է մեկ ստանդարտով, եւ բոլոր պրոցեսները համակարգված են»
Մանկաբուժական հինգ հոգանոց թիմը շատ արագ մեծացավ։ Ամբուլատոր ծառայությունից բացի «Ուիգմոր Քլինիք»-ում սկսեցին հիվանդանոցային բուժօգնություն տրամադրել։ Ներուժը մեծ էր, շենքային պայմանները՝ սահմանափակ։ Որպեսզի ներդրված չափանիշներով բուժօգնությունը հասանելի լինի մեծ թվով բուժառուների, ծնվեց առանձին մանկական հիվանդանոց ունենալու գաղափարը։
2022 թվականին օտարերկրյա ներդրումներով հիմնվեց «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը»՝ մատուցելով ընդհանուր մանկաբուժական և նեղ մասնագիտական ծառայությունների գրեթե ողջ սպեկտրը և ավելի լայն ծավալներով։ Եթե «Քլինիք»-ում ընդամենը 16 մանկաբուժական մահճակալ կար, ապա հիվանդանոցում՝ 220։ Միայն մանկաբուժական թիմում հիմա 50 բժիշկ է աշխատում։
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկաբուժական թիմը 2023թ. նոյեմբերին
Լուսանկարը` «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»
«Հիվանդանոցի գործունեության առաջին տարում առողջապահության նախարարության կողմից արժանացանք երրորդ մակարդակի հիվանդանոցի կոչման։ Դա նշանակում է, որ մենք ունենք այնպիսի ենթակառուցվածքներ, հնարավորություններ, այնպիսի նեղ մասնագետների թիմ, որ կարող ենք ամենաբարդ խնդիրներին՝ ներառյալ հազվադեպ հանդիպող իրավիճակներին լուծում տալ, ինչպես նաև ներգրավվել երկրում գործող «սանավիացիայի» ծառայությունը՝ ՀՀ մարզերից վերակենդանացման միջոցառումներ պահանջող երեխաներին տեղափոխել Երևան:
Պետական պատվեր ունենալու շնորհիվ ապացուցահեն բժշկությունը եւ թիմային մոտեցումները հասանելի են Հայաստանի՝ մինչեւ 18 տարեկան բոլոր երեխաներին, ինչին մենք ձգտում էինք դեռ մեր փոքրիկ «Քլինիքում»»։
«Ուիգմոր Կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ում Հրաչուհի Ղազարյանը մանկաբույժ լինելուց զատ նաեւ բուժական գծով փոխտնօրեն է։ Զուգահեռ շարունակում է կրթական գործունեությունը. ղեկավարում է Առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի ընդհանուր մանկաբուժություն եւ մանկական նեղ մասնագիտացումների ամբիոնը։
Ծանրաբեռնվածությունը մեծացել է, բայց հիվանդանոցի կարեւոր առանձնահատկությունը թիմային աշխատանքն է։
«Մեր նպատակն է ունենալ մեկ ստանդարտով աշխատող բժշկական թիմ ու հիվանդանոց, որտեղ բոլոր պրոցեսները համակարգված են, երբ բուժառուի հիվանդության վարումը կախված չէ այն հանգամանքից, թե որ բժշկին կհանդիպի: Իհարկե, այստեղ հնարավոր չէ առանց ուղեցույցների եւ գործելակարգերի, որոնք կան եւ կիրառվում են աշխարհում: Եթե մեկ բառով՝ դա ապացուցահեն բժշկությունն է։
Մենք հաճախ դիմում ենք բուժօգնության եւ ակնկալում ենք, որ կոնկրետ բժիշկը 7/24 պետք է կարողանա արձագանքել մեր հարցերին։ Այս մոտեցումը մշակութային փոփոխություն է պահանջում․ հասարակության ընկալման մեջ պետք է ներդրվի ընդհանուր ստանդարտներով և թիմային մոտեցումով աշխատող բուժսպասարկումը։ Այստեղ մանկաբույժի առանցքային դերն այն է, որ ընտանիքին, խնամողին, ծնողին կրթի, թե խնդիրն ինչ ճանապարհով պետք է լուծել, որոնք են մեր հաջորդ քայլերը, եւ պարտադիր ուսուցանի վտանգի նշանները, երբ անհապաղ պետք է դիմել բուժհաստատություն»։
Կարևորելով կանխարգելիչ բժշկությունը և առաջնային օղակի դերը, «Ուիգմոր»-ն այսուհետ ունի նաեւ առաջնային օղակի հաստատություն ընտանեկան առողջության կենտրոն, որտեղ պետպատվերի շրջանակում կարող են հսկվել ինչպես երեխաները, այնպես էլ մեծահասակները։ Այն առայժմ գործում է միայն Պուշկին 56 հասցեում, բայց նախատեսված է ստեղծել առաջնային օղակի հաստատությունների ցանց։
«Կենտրոնում բուժառուն եւ իր ընտանիքն են»
Հրաչուհին ասում է, որ «Ուիգմոր Կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի համար կարեւոր է միջազգային լավագույն փորձը Հայաստան բերելը։ Առանձնացնում է Ֆրեզնոյի Valley Children’s Healthcare հիվանդանոցի հետ համագործակցությունը, որի շրջանակում «Ուիգմոր»-ի բժիշկների 3 խումբ արդեն մեկնել են ԱՄՆ գործընկեր հիվանդանոց՝ սովորելու, աշխատելու եւ փորձի փոխանակման։ Ամռանն էլ Ֆրեզնոյի հիվանդանոցի բժիշկներին են հյուրընկալելու Ուիգմորում։
Որպես միջազգային փորձի կիրառման օրինակ՝ բժշկուհին նշում է անհետաձգելի բուժօգնության բժշկի օրդինատուրայի ծրագրի ներդրումը. մի բան, որ մինչ օրս չկա Հայաստանում։ Իրենք նպատակ ունեն լրացնել այս բացը, պատրաստել բժիշկների, որոնք կտիրապետեն անհետաձգելի բուժօգնության բոլոր իրավիճակներին եւ կախված չեն լինի նեղ մասնագետներից։
Լուսանկարը` «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»
«Միջազգային փորձի ներդրումը ոչ միայն բժշկական գիտելիքներն են, այլեւ ընտանիքակենտրոն եւ բուժառուակենտրոն լինելը։ Շատ կարեւոր է, երբ կենտրոնում բուժառուն եւ իր ընտանիքն են, իսկ մնացած բոլոր գործընթացները կառուցվում են նրանց շուրջ։ Փորձում ենք մեր հիվանդանոցում հասանելի դարձնել գրեթե բոլոր նեղ մասնագիտական ծառայությունները, որպեսզի բուժառուն, երբ բարդ խնդիր ունի, ստիպված չլինի հաստատությունից հաստատություն պտտվել, այլ ինքը լինի այստեղ, եւ մնացած բոլորը պտտվեն իր շուրջը եւ փորձեն լուծել խնդիրը»։
Կարևորելով հետադարձ կապը, ունենք բաժին, որը մշտադիտարկում է մեր բուժառուների փորձառությունը, վերլուծում է ընտանիքների եւ խնամողների առաջարկները, ինչու չէ, նաև բողոքները, ինչի հիման վրա շարունակաբար բարելավվում են ներհիվանդանոցային գործընթացները։
Հարցազորւյցի ամբողջական տարբերակը կարդացեք այս հղումով։
Last news
18 October
«Հայ բժշկության պատմություն»․ եզակի փաստավավերագրական ֆիմի ցուցադրություն
20 September
Ուշադրություն. ավետում է Ուիգմորը…
11 September
Մանկական վիրաբուժության օր «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում
22 August
10 փաստ, որոնք անհրաժեշտ է իմանալ Արևմտյան Նեղոսի Տենդի մասին
20 August
«Մասնագիտություն»․ Հայաստանում նոր կազմավորվող մասնագիտություն՝ ուրոգինեկոլոգիա
01 August
«Ուրոգինեկոլոգիայի և փոքր կոնքի վերակառուցողական վիրաբուժության 3-րդ գիտաժողով». Հայաստանում նոր մասնագիտական համայնք է ձևավորվում
31 July
«Ուիգմոր»-ն ամփոփում է «Valley Children’s Healthcare»-ի անդրանիկ այցը Հայաստան
15 July
Podcast-Հարց բժշկին. ուրոգինեկոլոգիան լուծում է և՛ գինեկոլոգիական, և՛ ուրոլոգիական հարցերը միաժամանակ
09 July
Համագործակցություն՝ ուղղված մանկական առողջապահության զարգացմանը. «Ուիգմոր»-ում մեկնարկել է «Valley Children’s healthcare» (ԱՄՆ) մանկական հիվանդանոցի մասնագիտական այցը
29 June
«Ուշադրություն․ավետում է «Ուիգմոր»-ը․ այստեղ ծնվում է երջանկությունը