Wigmore Women’s & Children’s Hospital
Գեստացիոն դիաբետ․ պարզաբանում է էնդոկրինոլոգը
Գեստացիոն դիաբետ․ պարզաբանում է էնդոկրինոլոգը
02 Февраль
Գեստացիոն դիաբետը առաջին անգամ հղիության ընթացքում հայտնաբերված գլյուկոզի մակարդակի բարձրացումն է։
Գեստացիոն դիաբետը զարգանում է հղիությանը բնորոշ հորմոնալ փոփոխությունների հետևանքով և պահանջում է ինչպես ապագա մայրիկի, այնպես էլ մասնագետների ուշադրությունն ու վերահսկումը։ Ինչո՞ւ է գեստացիոն դիաբետը զարգանում հենց հղիության ընթացքում և ինչպե՞ս ճիշտ վերահսկել հղիությունը պատմում է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի էնդոկրինոլոգիական ծառայության պատասխանատու Լուսինե Քալանթարյանը։


Բժիշկ Քալանթարյան, պատմեք, խնդրեմ, ինչո՞վ է առանձնահատուկ գեստացիոն դիաբետը։
- Գեստացիոն դիաբետը գլյուկոզի փոխանակության խանգարում է, որն ի հայտ է գալիս հենց հղիության ընթացքում։ Պատճառը հղիությանը բնորոշ հորմոնալ փոփոխություններն են, որոնք նվազեցնում են հյուսվածքների զգայունությունը ինսուլինի նկատմամբ։

Որքա՞ն տարածված է այս խանգարումը: 
- Գեստացիոն դիաբետն այսօր համարվում է բավականին հաճախ հանդիպող խանգարում՝ միջինում հղիությունների 10%-ը ընթանում է գեստացիոն դիաբետով։ Խանգարման տարածվածության աճը պայմանավորված է ներկայումս հղի կանանց ավելի մեծ տարիքով, ավելորդ քաշի և ճարպակալման տարածվածության մեծացմամբ, ինչպես նաև ավելի լավ ախտորոշման մեթոդների կիրառմամբ։


Ինչո՞ւ են հղիների գլյուկոզի նորմերը ավելի ցածր։
- Պատճառն այն է, որ գլյուկոզան հեշտությամբ անցնում է ընկերքի միջով, և նրա մակարդակի նույնիսկ փոքր բարձրացումը մոր արյան մեջ կարող է անցանկալի ազդեցություն ունենալ հղիության ընթացքի և պտղի վրա։ Այդ պատճառով միջազգային ուղեցույցները խորհուրդ են տալիս հղիների մոտ կիրառել ավելի խիստ նորմեր և վերահսկել գլյուկոզի մակարդակը։

Ինչպե՞ս է կատարվում գեստացիոն դիաբետի ախտորոշումը։
2024թ-ից Հայաստանում պարտադիր է բոլոր հղիների համար կատարել օրալ գլյուկոզտոլերանտային թեստ (ՕԳՏԹ)՝ հղիության 24–28-րդ շաբաթում՝ անկախ ռիսկի գործոնների առկայությունից։ Սա հեշտ և ճշգրիտ մեթոդ է․ հղին խմում է հատուկ խտության գլյուկոզի լուծույթ և 2 անգամ երակային արյուն հանձնում։


Որո՞նք են գեստացիոն դիաբետի հիմնական ռիսկերը մոր և պտղի համար։
- Պտղի համար․
  • չափից արագ աճ, մեծ քաշ (մակրոսոմիա),
  • ծննդաբերության բարդությունների բարձր ռիսկ,
  • ծնվելուց հետո հիպոգլիկեմիա (գյլուկոզի ցածր ցուցանիշ)։
- Մոր համար․
  • հղիության բարդություններ (պրեէկլամպսիա, գերջրություն),
  • ծննդաբերության դժվար ընթացք,
  • հետագայում՝ 2-րդ տիպի դիաբետի զարգացման ավելի բարձր ռիսկ․․․
Ժամանակին ախտորոշման դեպքում այս բոլոր ռիսկերը հնարավոր է կանխել։


Արդյո՞ք բոլոր հղիներն է անհրաժեշտ ինսուլին։
Ո՛չ։ Գեստացիոն դիաբետով կանանց մեծ մասի մոտ (մոտ 70–80%)
ճիշտ սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը և գլյուկոզի հսկողությունը լիովին բավարար են։ Ինսուլինը նշանակվում է միայն այն դեպքում, երբ գլյուկոզի մակարդակը չի կարգավորվում։ Այն ժամանակավոր է և անվտանգ պտղի համար։

Գլյուկոզի մակարդակը ծննդաբերությունից հետո վերադառնու՞մ է նորմայի։
Շատ հաճախ՝ այո։ Սակայն գեստացիոն դիաբետ ունեցած կանայք հետագայում ունեն 2-րդ տիպի դիաբետի բարձր ռիսկ, ուստի մենք խորհուրդ ենք տալիս հետծննդյան մոնիթորինգ և տարեկան պարտադիր ստուգումներ։

Հղիների մոտ ինչպիսի՞ էնդոկրին խնդիրներ եք առավել հաճախ հանդիպում։
- Բացի գեստացիոն դիաբետից կարող եմ առանձնացնել 1 և 2 տիպի շաքարային դիաբետը և վահանագեղձի ֆունկցիայի տարատեսակ խանգարումները։ «Ուիգմոր»-ում հղիության վարումը կատարվում է էնդոկրինոլոգի և գինեկոլոգի համատեղ աշխատանքի շնորհիվ, ինչը ապահովում է առավել անվտանգ և մուլտիդիսցիպլինար հսկողություն։


Ի՞նչ նորարարական մոտեցումներ է կիրառում «Ուիգմոր»-ը հղիության ժամանակ դիաբետի վերահսկման գործում։
- Մենք կիրառում ենք միջազգային լավագույն փորձը, օրինակ՝
  • գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի (CGM) համակարգեր,
  • ինսուլինային պոմպեր (1ին և 2րդ տիպի դիաբետի դեպքում),
  • թվային վերահսկման և հետադարձ կապի համակարգեր։
Պետք է նշեմ, որ «Ուիգմոր»-ը Հայաստանում այն եզակի հիվանդանոցներից է, որտեղ հասանելի է ինսուլինային պոմպերի տեղադրումը։

Ինչպե՞ս է «Ուիգմոր»-ը աջակցում հղիներին՝ գեստացիոն դիաբետի դեպքում։
- Մենք առաջարկում ենք ամբողջական մոտեցում՝
  • անհատականացված հսկողություն,
  • սննդի և ֆիզիկական ակտիվության խորհրդատվություն,
  • մոնիթորինգ հղիության ընթացքում,
  • հետծննդյան ուղեկցում։
Մեր նպատակը պարզ է՝ առողջ մայրիկ և առողջ երեխա։

Ձեր գլխավոր խորհուրդը ապագա մայրիկներին։
- Գեստացիոն դիաբետն այն ախտորոշումը չէ, որի պատճառով պետք է վախենալ, կամ, առավել ևս, խուսափել բժշկի այցերից։ Պետք է հիշել, որ գեստացիոն դիաբետն ամբողջությամբ վերահսկելի է։ Կարևոր է միայն հետևել բժշկի խորհուրդներին, ապահովել մշտադիտարկումը և վստահել մասնագետներին։ Ժամանակին և ճիշտ վերահսկումը ապահովում են անվտանգ հղիություն և առողջ երեխա։


«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական ներզատաբանության ծառայությանը կարող եք ծանոթանալ հղմամբ՝