Wigmore Women’s & Children’s Hospital
Աճի հորմոնի խթանման թեստեր
Աճի հորմոնի խթանման թեստեր
12 Ноябрь
Աճի հորմոնի խթանման թեստերը կիրառվում են կարճահասակություն ունեցող երեխաների հետազոտման ընթացքում, երբ երեխայի աճի տեմպը,
կլինիկական տվյալները և իրականացված հետազոտությունների արդյունքները հիմք են տալիս կասկածելու աճի հորմոնի անբավարարություն։
Թեստի նպատակն է գնահատել օրգանիզմի՝ աճի հորմոն արտադրելու կարողությունը և հաստատել կամ բացառել աճի հորմոնի անբավարարությունը։



Աճի հորմոնի խթանման թեստն իրականացվում է հիվանդանոցային պայմաններում՝ ցերեկային ստացիոնարի շրջանակում։
Երեխան առավոտյան ընդունվում է հիվանդանոց, օրվա ընթացքում գտնվում է բժշկական անձնակազմի հսկողության ներքո, իսկ թեստի
ավարտից հետո դուրս է գրվում նույն օրը։
Թեստի ընթացքում կիրառվում են աճի հորմոնի արտազատումը խթանող հատուկ նյութեր, որոնցից առավել հաճախ օգտագործվում են՝
  • արգինին,
  • ինսուլին,
  • կլոնիդին (կլոֆելին)։
Թեստի ընտրությունը կատարվում է մասնագետի կողմից՝ հաշվի առնելով երեխայի տարիքը, առողջական վիճակը և կլինիկական ցուցումները։



Աճի հորմոնի արտադրությունը փոփոխական և պուլսային բնույթ ունի, ուստի ախտորոշման ճշգրտությունն ապահովելու համար սովորաբար
իրականացվում են երկու տարբեր խթանման թեստեր։ Սա թույլ է տալիս նվազեցնել սխալի հավանականությունը և առավել վստահ հաստատել
կամ բացառել աճի հորմոնի անբավարարությունը։



Եթե հետազոտությունների արդյունքում հաստատվում է աճի հորմոնի անբավարարությունը, երեխան ընդգրկվում է բուժման և դիսպանսեր
 հսկողության ծրագրում։ Ուիգմորում գործում է աճի հորմոնի անբավարարության դիսպանսեր ծառայությունը, և ախտորոշման հաստատման
 դեպքում երեխաները պետպատվերի շրջանակում ստանում են աճի հորմոնով բուժում։ Հետագա հսկողությունն իրականացվում է մանկական
էնդոկրինոլոգի կողմից՝ պարբերաբար գնահատելով երեխայի աճի ցուցանիշները, բուժման արդյունավետությունը և առողջական ընդհանուր վիճակը։



Թե՛ խթանման թեստերը, թե՛ աճի հորմոնով բուժումը, ճիշտ դեղաչափերով և մասնագետի հսկողությամբ կիրառվելու դեպքում, անվտանգ են և
չեն վնասում երեխայի առողջությանը։