Wigmore Women’s & Children’s Hospital
Գեստացիոն դիաբետ․ ի՞նչ է կարևոր իմանալ ապագա մայրիկներին
24 November
Գեստացիոն դիաբետը առաջին անգամ հղիության ընթացքում հայտնաբերված գլյուկոզի մակարդակի բարձրացումն է։
Գեստացիոն դիաբետը զարգանում է հղիությանը բնորոշ հորմոնալ փոփոխությունների հետևանքով և պահանջում է, ինչպես ապագա մայրիկի, այնպես էլ մասնագետների ուշադրությունն ու վերահսկումը։
Ինչո՞ւ է գեստացիոն դիաբետը զարգանում հենց հղիության ընթացքում
Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմը անցնում է խորքային հորմոնալ վերակառուցումների և փոփոխությունների միջով։ Ընկերքը (պլացենտա) սկսում է արտադրել հղիությունն ապահովելու և պահպանելու համար անհրաժեշտ հորմոններ, սակայն այդ նույն հորմոնները կարող են նվազեցնել բջիջների ինսուլինի նկատմամբ զգայունությունը՝ առաջացնելով կայունություն ինսուլինի հանդեպ, ինսուլինառեզիստենտություն։
Որպեսզի օրգանիզմը հաղթահարի այս վիճակը, ենթաստամոքսային գեղձը պետք է արտադրի ավելի շատ ինսուլին։ Եթե այն չի հասցնում բավարար քանակությամբ արտադրել, արյան մեջ գլյուկոզի մակարդակը բարձրանում է՝ առաջացնելով գեստացիոն դիաբետ։
Կարևոր է նշել, որ գեստացիոն դիաբետը ամենևին ապագա մայրիկի մեղքը չէ։ Այն հղիության բնական գործընթացների բավական հաճախ հանդիպող հետևանք է, որը պարզապես պահանջում է աչալուրջ մասնագիտական վերահսկում։

Հղիների համար գլյուկոզի նոր նորմեր․ ինչո՞ւ են դրանք սովորականից ավելի ցածր
Հղիության ընթացքում գործում են գլյուկոզի ավելի ցածր նորմեր։ Պատճառը հետևյալն է․ գլյուկոզը հեշտությամբ անցնում է ընկերքի միջով և կարող է ազդել պտղի զարգացման վրա։ Մոր մոտ գլյուկոզի նորմայից բարձր ցուցանիշները կարող են հանգեցնել խնդիրների ինչպես մոր, այնպես էլ ապագա երեխայի մոտ։
Որոնք են հնարավոր խնդիրները․
- Պտղի մեծ չափերը (մակրոսոմիա);
- ծննդաբերության ընթացքի բարդությունները;
- նորածնի հիպոգլիկեմիայի ռիսկը (մեծ քանակով ինսուլինի պատճառով);
- հղի կնոջ զարկերակային ճնշման բարձրացումը:
Այս ամենից ելնելով միջազգային գործելակարգերը խորհուրդ են տալիս հղիության ընթացքում ավելի խիստ վերահսկել արյան գլյուկոզի մակարդակը և ժամանակին հայտնաբերել ցանկացած շեղում։
Պարտադիր թեստ Հայաստանում․ ի՞նչ է փոխվել
2024 թվականից Հայաստանում բոլոր հղի կանայք պարտադիր պետք է անցնեն օրալ գլյուկոզա-տոլերանտային թեսթ (ՕԳՏԹ)՝ հղիության 24–28 շաբաթում, անկախ նրանից՝ ունեն ռիսկի գործոններ, թե ոչ։
Սա կարևոր քայլ է բարդությունների կանխարգելման ուղղությամբ, քանի որ գեստացիոն դիաբետը շատ հաճախ չի ունենում արտահայտված ախտանիշներ։ Կինը կարող է իրեն լավ զգալ և չկասկածել շաքարի բարձրացման մասին։
ՕԳՏԹ-ը թույլ է տալիս ճշգրիտ հասկանալ՝ արդյոք օրգանիզմը ճիշտ է արձագանքում գլյուկոզի ծանրաբեռնվածությանը։

Ինչո՞ւ է կարևոր ժամանակին հայտնաբերել գեստացիոն դիաբետը
Հղիության ընթացքում գլյուկոզի բարձր մակարդակը կարող է առաջացնել մի շարք բարդություններ․
- պտղի չափերի արագ աճ (մակրոսոմիա),
- ծննդաբերության բարդություններ,
- պտղաջրերի քանակի մեծացում
- նորածնի հիպոգլիկեմիայի ռիսկ,
- բարձրացած ճնշում և պրեէկլամպսիա,
- կեսարյան հատման և վաղաժամ ծննդաբերության հավանականության մեծացում։
Ժամանակին հայտնաբերման և ճիշտ կառավարման դեպքում հնարավոր է այս բոլոր բարդություններից խուսափել։
Գեստացիոն դիաբետի վերահսկում և բուժում
Գեստացիոն դիաբետ ունեցող կանանց մեծ մասը հաջողությամբ կառավարում է արյան մեջ գլյուկոզի մակարդակը՝ ճիշտ սննդակարգի և ֆիզիկական ակտիվության միջոցով։ Եթե այս միջոցները բավարար չեն, կարող է նշանակվել ինսուլին։
Կարևոր է իմանալ․
- ինսուլինը ժամանակավոր է և չի առաջացնում կախվածություն,
- լիովին անվտանգ է պտղի համար,
- նշանակվում է միայն մասնագետի հսկողությամբ։
Կանանց մեծ մասը դադարեցնում է ինսուլինը ծննդալուծումից հետո, երբ գլյուկոզի մակարդակը վերադառնում է նորմայի։
Արդյո՞ք պետք է վերահսկվել ծննդաբերությունից հետո
Հաճախ ծննդաբերությունից հետո գլյուկոզի մակարդակը կայունանում է, վերադառնալով նորմին, սակայն պետք է հիշել, որ գեստացիոն դիաբետի պատմություն ունեցող կանայք ունեն հետագայում 2-րդ տիպի դիաբետի առաջացման բարձր ռիսկ։
Հետևաբար խորհուրդ է տրվում․
- անցնել վերահսկիչ թեստ՝ ծննդաբերությունից 4–12 շաբաթ անց,
- հետագայում սքրինինգ՝ 1–3 տարին մեկ անգամ։
Ինչպե՞ս կարող է Ուիգմորն աջակցել Ձեզ այս փուլում
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի էնդոկրինոլոգների թիմը մասնագիտացած է հղիների մոտ գլյուկոզի խանգարումների կառավարման մեջ։ Մենք առաջարկում ենք․
- ճշգրիտ ախտորոշում,
- էնդոկրինոլոգի և գինեկոլոգի համատեղ հսկողություն,
- անհատական սննդակարգ,
- գլյուկոզի մշտադիտարկման սարքերի կիրառում,
- անհրաժեշտության դեպքում անվտանգ ինսուլինոթերապիա,
- հետծննդյան հսկողություն։
Մեր նպատակն է ապահովել անվտանգ և առողջ հղիություն՝ ապագա մոր և երեխայի համար։
Last news
25 November
Թոքաբորբ․ ախտանշաններ, ռիսկի գործոններ և կանխարգելում
18 November
Երեխաներ և կենդանիներ․ համատեղ անվտանգ կեցության կանոնները
18 November
Երեխայի աճը
11 November
Բաց դռների օր «Ուիգմոր»-ում՝ նվիրված շաքարային դիաբետի համաշխարհային օրվան
11 November
Ի՞ՆՉ Է ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԸ
07 November
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ․ ԷՆԴՈԿՐԻՆՈԼՈԳԻԱ
01 November
Valley Children’s Healthcare-ի այցը Ուիգմոր, Սեպտեմբեր 2025
23 October
Աճից մինչև սեռահասունացում շվեդ մանկական էնդոկրինոլոգը՝ Հայաստանում
20 October
Կրծքով կերակրման մասնագետ
17 October
Շվեդիայի առաջատար մանկական էնդոկրինոլոգը՝ Հայաստանում