Wigmore Women’s & Children’s Hospital
ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂ. Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ՝ ՉՈՒՇԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
08 October
Հոկտեմբերն աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է։
Այս համատեքստում զրուցել ենք «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մամոլոգ, գինեկոլոգ, ուլտրաձայնային հետազոտության մասնագետ, մամոլոգիական ծառայության պատասխանատու Ներսիկ Ժամհարյանի հետ՝ պարզելու, թե ի՞նչ է իրականում կարևոր իմանալ կրծքագեղձի խնամքի և առողջության մասին։

— Բժիշկ Ժամհարյան, ինչո՞ւ ենք այսօր կրծքագեղձի քաղցկեղի մասին այսքան շատ խոսում։
— Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված ուռուցքային հիվանդությունն է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Ըստ տարբեր տվյալների՝ ամեն տարի Հայաստանում հայտնաբերվում է ավելի քան 1400 նոր դեպք (ըստ՝ Գիտությունների Ազգային ինստիտուտի 2024թ․-ի տվյալների)։ Ամենացավալին այն է, որ հայտնաբերված դեպքերի մի զգալի մաս հայտնաբերվում է արդեն 3-րդ կամ 4-րդ փուլում, երբ խոսքն արդեն գնում է բարդ ու երկարատև բուժման մասին, որը երբեմն բուժառուի լիարժեք լավացման չի բերի։ Սա է մեզ դրդում նորից ու նորից անդրադառնալ այս թեմային, քանի որ շատ կարևոր է այն դիտարկել նաև իրազեկման և կանխարգելման հարթության մեջ և ոչ թե, ինչպես արդեն նշեցի, միայն բարդ փուլերում՝ միջամտությունների հարթությունում․․․

— Ձեր կարծիքով հիմնական խնդիրը բժշկական ծառայությա՞ն հասանելիությունն է, թե՞ հասարակական գիտակցության պակասը։
— Ոչ թե բժշկությունը, այլ՝ տեղեկացվածության պակասն է խնդիրը։ Հատկապես մեր հասարակությանը բնորոշ է վախը վատ ախտորոշում լսելու․ արդյունքում կանայք այնքան են վախենում լսել «հենց այն» ախտորոշումը, որ կարող են տարիներով հետաձգել հետազոտությունը։
Հաճախ լինում է, որ մտածում են՝ «դե լավ, եթե չի ցավում՝ ուրեմն ամեն ինչ լավ է, խնդիր չկա, կարող ենք այս տարի հետազոտություն չանցնել»։ Սակայն կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլերում է «լուռ», գանգատներ չի առաջացնում։ Այստեղ էլ մենք հնարավորինս շեշտում ենք կանխարգելիչ հետազոտությունների և վաղ ախտորոշման անհրաժեշտությունը։
— Շատերն էլ կարծում են, թե մամոգրաֆիան ցավոտ և վնասակար է։
— Սա ամենատարածված միֆերից է։ Ժամանակակից թվային մամոգրաֆները, 3D տոմոսինթեզի շնորհիվ ապահովում են արագ և ճշգրիտ հետազոտություն, իսկ եռաչափ պատկերի առկայությունը թույլ է տալիս ստանալ անհրաժեշտ պատկերը՝ կրծքագեղձի մինիմալ սեղմումով։ Ամբողջ գործընթացը տևում է մոտ 15 րոպե։

— Որքա՞ն հաճախ է պետք հետազոտվել։
— 40 տարեկանից հետո մամոգրաֆիկ հետազոտությունն անհրաժեշտ է կատարել տարին մեկ անգամ (ըստ American Cancer Society-ի)։ Եթե ընտանիքում եղել են կրծքագեղձի քաղցկեղի դեպքեր, մամոգրաֆիայի տարիքային շեմը կարող է իջեցվել՝ ըստ բժշկի ցուցման։
Մինչև 40 տարեկան կանանց համար ամենամյա կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտությունը և ըստ անհրաժեշտության մասնագետի խորհրդատվությունը բավարար է։

— Արդյո՞ք բարձր է կրծքագեղձի քաղցկեղի բուժման հավանականությունը, եթե այն վաղ փուլում է հայտնաբերվում։
— Այո, դեպքերի մեծամասնությունում լիարժեք բուժման մեծ հնարավորություն կա։ Ժամանակակից բուժական մեթոդները հնարավորություն են ստեղծել կրծքագեղձի քաղցկեղի առաջին և երկրորդ փուլի լիարժեք բուժման՝ առանց կնոջ կյանքի որակի և տևողության վրա ազդեցության։ Ըստ այդմ, որքան վաղ փուլում հայտնաբերվի գոյացությունը, այնքան ավելի բարձր է գեղձը պահպանելու հավանականությունը։

— Ի՞նչ կասեք այն կանանց, ովքեր հետաձգում են հետազոտություններն ու բժիշկի մոտ այցը։
— Ես միշտ պարզ օրինակ եմ բերում. մենք կանոնավոր կերպով հոգ ենք տանում մեր երեխաների և հարազատների մասին՝ կազմակերպելով նրանց կանխարգելիչ հետազոտությունները․․․ Ուրեմն ինչո՞ւ մենք մեր հանդեպ նույնպես չունենք այս մոտեցումը՝ հոգ տանել մեր մարմնի առողջության մասին՝ որպես առողջ և լիարժեք կյանքի գրավական։
Երբ կինն իր առողջությանն առաջնահերթություն է տալիս, լավ է սնվում, ակտիվ կյանքով է ապրում և կանոնավոր կանխարգելիչ հետազոտություններ է իրականացնում նա ոչ միայն իրեն է պաշտպանում, այլև կարևոր օրինակ է դառնում իր դուստրերի, ընկերուհիների, ամբողջ շրջապատի համար։ Կանխարգելիչ առողջության մշակույթը սիրո և սեփական անձի մասին հոգ տանելու մշակույթ է։
— Իսկ ի՞նչ է անում Ուիգմորի թիմն այս մշակույթը ձևավորելու ուղղությամբ։
— Մենք ներդրել ենք ամբողջական ախտորոշիչ գործուն շղթա՝ ՈՒՁՀ, մամոգրաֆիա, նեղ մասնագիտական խորհրդատվություն և բազմապրոֆիլ թիմի մոտեցում։ Կինն այստեղ պաշտպանված է, նա երբեք մենակ չէ իր ախտորոշման հետ։

Մենք կազմակերպում ենք նաև բաց դռների օրեր, երբ կինը կարող է գալ, ծանոթանալ թիմին, հիվանդանոցի հագեցվածությանը, անվճար հետազոտվել։ Նաև իրականացնում ենք մարզային այցեր և մարզային բժիշկների շարունակական վերապատրաստումներ, որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր անկյունում կինն ունենա որակյալ բուժօգնության հասանելիություն։
— Բժիշկ Ժամհարյան, Ձեր գլխավոր ուղերձը մեր կանանց։
— Մի՛ վախեցեք ախտորոշումը լսելուց․ կրծքագեղձի քաղցկեղը բուժելի է։ Պարզապես պետք է ժամանակին և կանոնավոր հետազոտվել, չվախենալ, չհետաձգել, և վստահել բժիշկներին։

Last news

13 October
Վարդագույն հոկտեմբեր․ Ինչո՞ւ է կարևոր հոգ տանել կրծքագեղձերի առողջության մասին

09 October
Մասնագիտական այց՝ Օսամա Շաուկի

03 October
10 փաստ մամոլոգիայի մասին

27 September
Մասնագիտական այց՝ Շվեդիայի Ումեո համալսարանական հիվանդանոցից

22 September
LDR ծննդաբերություն․ ի՞նչ է անհրաժեշտ իմանալ Հայաստանում միակ LDR ծննդատան մասին

18 September
Բերանի խոռոչի խնամք

16 September
Հայ-ամերիկյան համագործակցության շնորհիվ առողջապահության ոլորտում բացվում են նոր հորիզոններ

12 September
Հայ-ամերիկյան համագործակցության շնորհիվ առողջապահության ոլորտում բացվում են նոր հորիզոններ

11 September
Մասնագիտական այց
09 September
Մանկաբուժությունը գործնականում․ կիսելով Valley Children’s-ի փորձն ու գիտելիքը» գիտաժողով