Հեպատիտ Բ-ի վիրուսը առաջացնում է լյարդի այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են հեպատիտը (լյարդի բորբոքում), ցիրոզը, լյարդի չարորակ գոյացությունները (հեպատոցելյուլար կարցինոմա): Վիրուսը փոխանցվում է արյան և այլ կենսական հեղուկների միջոցով, մորից նորածնին՝ ծննդալուծման ժամանակ, ինչպես նաև սեռական ճանապարհով։ Հեպատիտ Բ-ի վիրուսը 100 անգամ ավելի վարակիչ է քան ՄԻԱՎ-ը և կարող է պահպանել վարակելիությունը արտաքին միջավայրում մինչև 7 օր։
Հեպատիտ Բ-ի վիրուսը որոշ դեպքերում
կարող է փոխանցվել նաև կենցաղում, մասնավորապես, երեխայի սնունդը համտեսելիս,
նույն անձնական օգտագործման միջոցները (ատամի խոզանակ, ածելի, մատնահարդարման պարագաներ
և այլն) օգտագործելիս և այլն։
Համաձայն ԱՀԿ տվյալների 2022
թ․ 250 մլն-ից ավել մարդ ունեցել է Հեպատիտ Բ վիրուսով պայմանավորված լյարդի
քրոնիկ հիվանդություն, յուրաքանչյուր
տարի գրանցվել է շուրջ 1.2 միլիոն նոր վարակ և մոտավորապես 1.1 միլիոն մահվան դեպք։
Հեպատիտ Բ վարակը առավել
վտանգավոր է մինչև 1 տարեկան երեխաների շրջանում, քանզի այս տարիքում վարակը 90%
դեպքերում հանգեցնում է լյարդի քրոնիկ հիվանդությանը և վերը նշված բարդությունների,
և երեխան մնում է վարակիչ ամբողջ կյանքի ընթացքում։ Հենց այս պատճառով է, որ Հեպատիտ
Բ-ի դեմ պատվաստումը կատարվում է ծնվելուց անմիջապես հետո։
Հեպատիտ Բ-ի պատվաստում կարող է ստանալ յուրաքանչյուր անձ ցանկացած տարիքում, սակայն հատկապես կարևոր է ռիսկի խմբում գտնվող անձանց ժամանակին պատվաստվելը։
Ռիսկի խմբերն են՝
- բուժաշխատողները,
- հասարակական անվտանգության աշխատակիցները (ոստիկաններ, արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներ և այլն),
- լյարդի հիվանդություններով անձինք (ցիրոզ, հեպատիտ C վարակ, լյարդի ճարպային հիվանդություն, լյարդի ալկոհոլային հիվանդություն, աուտոիմուն հեպատիտ)
- Հեպատիտ Բ վարակված անձանց ընտանիքի անդամները
- շաքարային դիաբետով հիվանդները
- երիկամների խնդիրներով, դիալիզ ստացող հիվանդները,
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցող անձինք
- նույնասեռականները
- ներերակային թմրամիջոցներ օգտագործողները
Ե՞րբ չի կարելի կատարել կամ հարկավոր
է հետաձգել պատվաստումը
- Եթե հեպատիտ Բ պատվաստման նախորդ դեղաչափից առաջացել է ծանր ալերգիկ ռեակցիա կամ անաֆիլաքսիա
- Ջերմությամբ կամ առանց ջերմության միջին ծանրության կամ ծանր ընթացքով սուր հիվանդությունների դեպքում բժիշկը կարող է հետաձգել պատվաստումը
Ե՞րբ պատվաստման կատարումը հակացուցված չէ
- Ջերմությամբ կամ առանց ջերմության թեթև հիվանդություններ
- Տեղային ռեակցիաներ (այտուց, ցավ, կարմրություն), կամ ջերմության բարձրացում նախորդ դեղաչափից հետո
- Հիվանդության լավացման շրջան
- Վարակիչ հիվանդի հետ շփում
- Դեղորայքի ընդունում
Ի՞նչ կարող է լինել պատվասատումից հետո
Ինչպես և բոլոր դեղերի դեպքում,
պատվաստումներից հետո նույնպես հազվադեպ կարող են զարգանալ կողմնակի երևույթներ։
Սովորաբար նրանք թեթև են ընթանում
և անցնում են մի քանի օրվա ընթացքում։
- այտուց, կարմրություն, ցավ ներարկման տեղում
- տենդ
- թուլություն, գլխացավ, սրտխառնոց, մկանացավ, ցան
- 1 միլիոնից 1-ի մոտ կարող է զարգանալ անաֆիլակտիկ ռեակցիա, որը ի հայտ է գալիս պատվաստումը ստանալուց հետո րոպեների ընթացքում։ Հենց այս պատճառով է, որ խորհուրդ է տրվում պատվաստումից հետո մնալ բուժ․ հիմնարկում ևս 20-30 րոպե։
Ի՞նչ անել հետպատվաստումային
ռեակցիաների զարգացման դեպքում
- Տեղային ռեակցիաների զարգացման դեպքում (այտուց, ցավ, կարմրություն) հարկավոր է ներարկման տեղում դնել սառը ջրով թրջոցներ
- Ջերմության բարձրացման, ցավերի դեպքում կարելի է կիրառել պարացետամոլ կամ իբուպրոֆեն
Ի՞նչ չանել պատվաստումից առաջ
և հետո
- Մինչև պատվաստումը կարիք չկա կատարել որևէ հետազոտություն
- Մինչև պատվաստումը և դրանից հետո մի օգտագործեք հակաալերգիկ կամ որևէ այլ դեղորայք (բացառությամբ բժշկի նշանակված դեղորայքից)
- Պատվաստումից հետո ներարկման տեղում ջրից բացի չի կարելի քսել այլ հեղուկներ, քսուքներ, սառույց
- Կարիք չկա փոխել Ձեր առօրյան պատվաստումից հետո (լոգանք, զբոսանք)
Ե՞րբ դիմել բժշկի
- 2 օրից ավել տևող ջերմության դեպքում
- Արտահայտված այտուցի, կարմրության դեպքում
- Ցանկացած այլ գանգատների դեպքում, որոնք զարգացել են պատվաստումից 3 օր հետո։









