Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց

Նորություններ

17 Հոկտեմբեր
Կրծքագեղձի ուռուցքաբանական վիրաբուժական ծառայություններ
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում պետպատվերի շրջանակում արդեն հասանելի են կրծքագեղձի ուռուցքաբանական վիրաբուժական ծառայությունները։
17 Հոկտեմբեր
Շվեդիայի առաջատար մանկական էնդոկրինոլոգը՝ Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ․ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում ամփոփում են հոկտեմբերի 14-16-ը մասնագիտական այցով Հայաստան ժամանած Շվեդիայի Ումեո համալսարանական հիվանդանոցի մանկական էնդոկրինոլոգիայի և դիաբետոլոգիայի բաժանմունքի ղեկավար Ելենա Լունդբերգի մասնագիտական այցն ու այցի շրջանակում կայացած՝ «Աճից մինչև սեռահասունացում․ մանկական էնդոկրին համակարգի խանգարումների վարման ժամանակակից մոտեցումները» թեմայով ՇՄԶ-կրեդիտավորված գիտաժողովը՝ նախատեսված մանկաբույժների, մանկական և մեծահասակների էնդոկրինոլոգների համար։«Ուիգմոր»-ից տեղեկացնում են, որ մասնագիտական այցի և գիտաժողովի էական նպատակն էր Հայաստանում խթանել մանկական էնդոկրինոլոգիայի ոլորտում միջազգային փորձի փոխանակումը, մասնագիտական համայնքում ապահովել նորագույն տեխնոլոգիաների կիրառումն, ապացուցահեն բժշկության հիման վրա շարունակական որակի զարգացումն ու լավագույն մոտեցումների տեղայնացումը հայկական բժշկական միջավայրում։ Առանձնահատուկ ուշադրության կենտրում էր մանկական շաքարային դիաբետի ժամանակակից բուժման մեթոդները, մասնավորապես՝ ինսուլինային պոմպերի տեխնոլոգիան, որն արդեն երկար տարիներ լայնորեն կիրառվում է Շվեդիայում և մի շարք եվրոպական երկրներում, սակայն Հայաստանում դեռ լայն տարածում չունի։ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը» այս ուղղությամբ հանդես է գալիս որպես նորարարական մոտեցումների ներդրող, նպատակ ունենալով Հայաստանի երեխաների համար հասանելի դարձնել ինսուլինային պոմպերի կիրառման փորձը և բարելավել նրանց կյանքի որակը՝ վերահսկվող և ճշգրիտ ինսուլինոթերապիայի միջոցով։Ըստ ՄԱԿ-ի, IDF (Diabetes Atlas, 2021) և ISPAD (Clinical Practice Consensus Guidelines, 2023) տվյալների՝ աշխարհում ավելի քան 1.52 միլիոն երեխա և դեռահաս (0-19 տ.) ապրում է առաջին տիպի շաքարային դիաբետով։ Վերջին տասնամյակում հիվանդացության տարեկան աճը կազմում է միջինը 3 տոկոս։ Ըստ պաշտոնական տվյալների ՀՀ֊ում ներկայումս շուրջ 900 երեխա ունի շաքարային դիաբետ։ Զարգացած երկրներում երեխաների մեծ մասը ստանում է ինսուլինոթերապիա պոմպային համակարգերի միջոցով։ Այս մոտեցումը նվազեցնում է հիպոգլիկեմիաների ռիսկը, բարելավում գլյուկոզայի վերահսկումը և զգալիորեն բարձրացնում երեխայի և ընտանիքի կյանքի որակը։ «Մեր նպատակն է շարունակաբար ապահովել բժշկական ծառայությունների բարձր որակը՝ հիմնվելով ապացուցահեն բժշկության և աշխարհի առաջատար փորձի վրա։ Դր Լունդբերիգ այցը մեզ հնարավորություն տվեց ոչ միայն դիտարկել մանկական էնդոկրին խանգարումների բուժման ժամանակակից մոտեցումները, այլև հասկանալ, թե ինչպե՞ս կարող ենք Հայաստանում զարգացնել ինսուլինային պոմպերի տեխնոլոգիան՝ դարձնելով այն հասանելի մեր փոքրիկ բուժառուների համար», - նշում է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի էնդոկրինոլոգիական ծառայության պատասխանատու Լուսինե Քալանթարյանը։ Ըստ մասնագետի հիվանդանոցը չի կարող ունենալ ապագա, եթե այստեղ չեն իրականացվում կրթական ծրագրեր և կայացած գիտաժողովը լավագույն ձևաչափերից մեկն է, որով գիտելիքն ու նորարարությունը տեղափոխվում են կրթական հարթակ։ «Յուրաքանչյուր միջազգային այց և համագործակցություն մեզ հնարավորություն են տալիս շարունակաբար բարձրացնել մեր բուժառուների բուժման որակը, ինչպես նաև լինել մեր երկրում առաջինը՝ մանկական դիաբետի բուժման նորարարական լուծումների ներդրման գործում», - ընդգծում է Լ․Քալանթարյանը։ «Աճից մինչև սեռահասունացում․ մանկական էնդոկրին համակարգի խանգարումների վարման ժամանակակից մոտեցումները» ՇՄԶ կրեդիտավորված գիտաժողովի ընթացքում քննարկվեցին մանկական էնդոկրին խանգարումների ժամանակակից ախտորոշման, բուժման և մոնիթորինգի ուղեցույցները, ներկայացվեցին Շվեդիայի առողջապահական ոլորտի փորձի մի շարք գործնական օրինակներ, ինչպես նաև Շվեդիայի և Հայաստանի մասնագետների համատեղ աշխատանքից բխող դիտարկումներ։ «Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա այցելել Ուիգմոր և կիսել Շվեդիայի փորձը՝ մանկական էնդոկրին հիվանդությունների ախտորոշման և բուժման ոլորտում», - նշում է Ումեո համալսարանական հիվանդանոցի (Շվեդիա) մանկական էնդոկրինոլոգիայի և դիաբետոլոգիայի բաժանմունքի ղեկավար Ելենա Լունդբերգը։ «Գիտելիքի փոխանակումը յուրաքանչյուր ոլորտի զարգացման առանցքային պայմանն է։ Աշխարհի լավագույն փորձի տեղայնացումն ու հարմարեցումը տեղական իրականությանը հնարավորություն է տալիս ապահովել կայուն և որակյալ բժշկական խնամք երեխաների համար։ Հայաստանում տեսնում եմ մեծ ներուժ և նվիրված թիմ, որը պատրաստ է ներդնել միջազգային նորարարությունները մանկական էնդոկրին խնդիրերի բուժման գործում», - հավելում է մասնագետը։ Ընհանուր այցի շրջանակում իրականացվել են նաև համատեղ խորհրդատվություններ և մասնագիտական քննարկումներ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի էնդոկրինոլոգիական թիմի հետ։ *** «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը Երևանում տեղակայված 220 մահճակալով բազմապրոֆիլ բժշկական կենտրոն է, որը տրամադրում է կանանց և երեխաների առողջությանը նվիրված ծառայությունների ամբողջական շարքը։ Հիվանդանոցն արժանացել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված մանկական խնամքի երրորդ՝ բարձրագույն մակարդակի, իսկ իր կրթական և գործընկերային նախաձեռնություններով նպաստում է առողջապահության համակարգի շարունակական զարգացմանը Հայաստանում։
13 Հոկտեմբեր
Վարդագույն հոկտեմբեր․ Ինչո՞ւ է կարևոր հոգ տանել կրծքագեղձերի առողջության մասին
Երբևէ նկատե՞լ եք՝ որքան հաճախ ենք մեր առողջության հետ կապված գործողությունները հետաձգում․․․ Մինչև բոլոր ավելի կարևոր գործերն ավարտենք։ Մինչև ցավն անտանելի չդառնա։ Մինչև․․․ Հոկտեմբերն ամբողջ աշխարհում նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս։ Սա ժամանակ է խոսելու կանանց առողջության, վաղ ախտորոշման և հիվանդության կանխարգելման մասին և խրախուսել հոգ տանել սեփական առողջության մասին, ոչ թե մինչև․․․ այլ հենց հիմա՛։ Հարյուրավոր երկրներում բարձրաձայնում են պարզ և կարևոր ճշմարտություն. կրծքագեղձի քաղցկեղը բուժելու հավանականությունը շատ բարձր է, եթե այն հայտնաբերվի ժամանակին։ Հայաստանում այս հարցերը դեռ հնչում են առավել հուզական ու հրատապ․․․ Ինչո՞ւ հատկապես Հայաստանում 2022-2024թ․-ը ամբողջ աշխարհում գրանցվել է առավել քան 2.2 միլիոն կրծքագեղձի քաղցկեղի նոր դեպք (ըստ ԱՀԿ տվյալների)։ Հայաստանում ամեն տարի գրանցվում է կրծքագեղձի քաղցկեղի ավելի քան 1400 նոր դեպք։ Ցավալի է նաև այն, որ հիվանդությունը «երիտասարդանում» է. վերջին տարիներին դեպքերն ավելի հաճախ արձանագրվում են մինչև 40 տարեկան կանանց շրջանում։ «Ամենամեծ մարտահրավերը, որ պետք է բոլորս օգնենք կանանց հաղթահարել, վախն է․ վախ՝ ցավից, վախ՝ անցանկալի ախտորոշում լսելու։ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում մենք փորձում ենք ձևավորել առողջության հանդեպ պատասխանատու և հոգատար վերաբերմունքի մշակույթ։ Մենք կարևորում ենք կանանց հետ բաց և հասանելի հաղորդակցությունը, կազմակերպում ենք կրթական հանդիպումներ, դասախոսություններ, այցելություններ դեպի մարզեր՝ նպաստելով, որ կանխարգելիչ բժշկությունը հասանելի ու հասկանալի լինի բոլորին», — ասում է Ներսիկ Ժամհարյանը՝ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մամոլոգիական ծառայության պատասխանատուն։ Իր հերթին «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի բժիշկ-ռադիոլոգ, ՈւՁՀ մասնագետ/մամոգրաֆիստ Հերմինե Պողոսյանն ընդգծում է, որ շատ հաճախ է տեսնում կանանց, որոնք մամոգրաֆիայի սենյակ մտնում են վախով ու լարվածությամբ, սակայն գործողության ավարտին դուրս են գալիս դրական հույզերով։ «Ժամանակակից մամոգրաֆիան տևում է 10-15 րոպե՝ մասնագետին տալով առավելագույն անհրաժեշտ տեղեկատվությունը։ Ժամանակակից սարքերը, որոնք օգտագործվում են «Ուիգմոր»-ում, կրծքագեղձին քիչ սեղմումով տալիս են բարձրորակ, գերճշգրիտ պատկերներ՝ նվազագույն ճառագայթման պայմաններում։ Բացի այդ ռեպրոդուկտիվ տարիքի կանանց մոտ մամոգրաֆիան իրականացնելու համար ընտրվում է դաշտանային ցիկլի այնպիսի օրեր, երբ կրծքագեղձը մինիմալ զգայուն է։ Սովորաբար, դրանք դաշտանային ցիկլի 7-12-րդ օրերն են։ Զննման սկզբում մենք հանգիստ խոսում ենք հետազոտության ընթացքի, նպատակների ու հնարավոր արդյունքների մասին։ Տրվում է տեղեկատվական թերթիկ՝ պարզ լեզվով ներկայացված բոլոր հարցերով՝ ի՞նչ հագնել, ինչպե՞ս պատրաստվել, ի՞նչ սպասել։ Զրուցում ենք նաև ընդհանուր առողջական ֆոնից, ժառանգականությունից, և, եթե անհրաժեշտ է, հավելյալ հետազոտության տարբերակներ ենք առաջարկում։ Մեր նպատակն է ոչ միայն հետազոտություն կատարել, այլ նաև օգնել կնոջը գիտակցել՝ իր առողջությունն իր ձեռքերում է», - պատմում է բժիշկ․ Հ․Պողոսյանը։ Ի՞նչ է մամոգրաֆիան Մամոգրաֆիան կրծքագեղձի ռենտգեն հետազոտություն է, որն ունի կարգավիճակ՝ վաղ հայտնաբերման տեսանկյունից։ «Ուիգմոր»-ում տեղադրված նոր սերնդի սարքավորումները թույլ են տալիս ստանալ եռաչափ պատկերներ՝ մինիմալ ճնշմամբ, բարձր հստակությամբ և գրեթե առանց ցավի։ Հետազոտությունը տևում է 5-10 րոպե, իսկ պատասխանը տրվում է նույն օրը՝ 10 րոպեում։ Մամոգրաֆիկ հետազոտության կամ խորհրդատվության գրանցվելու կամ հավելյալ տեղեկություն ստանալու համար զանգահարեք՝ 012345678։ Հավելյալ տեղեկատվություն կրծքագեղձի առողջության վերաբերյալ․ 10 փաստ մամոլոգիայի մասին՝ https://wigmore.am/hy/wigmore-kanants-ev-erekhaneri-hivandanots/norutyunner/10-past-mamologiayi-masin-2025-10-03 Ինչպե՞ս վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը՝ https://wigmore.am/hy/wigmore-kanants-ev-erekhaneri-hivandanots/norutyunner/inchpes-vagh-haytnaberel-krtskageghdzi-kaghtskeghy-2025-07-29Ի՞նչ է մամոգրաֆիան՝ https://wigmore.am/hy/wigmore-kanants-ev-erekhaneri-hivandanots/norutyunner/inch-e-mamografian-2025-07-28 Կրծքագեղձի անվճար սքրինինգային ծրագիր՝ https://wigmore.am/hy/wigmore-kanants-ev-erekhaneri-hivandanots/norutyunner/krtskageghdzi-kaghtskeghi-vagh-haytnaberman-skriningayin-hetazotutyunner-2025-08-15 «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մամոլոգիական ծառայություն՝ https://wigmore.am/hy/wigmore-kanants-ev-erekhaneri-hivandanots/tsarayutyunner/mamologia 
09 Հոկտեմբեր
Մասնագիտական այց՝ Օսամա Շաուկի
Նոյեմբերի 3-ին «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը մասնագիտական այցով հյուրընկալելու է Կահիրեի «Շիֆա» հիվանդանոցի պրոֆեսոր Օսամա Շաուկիին, ով ներարգանդային վիրաբուժության առաջատարներից է ամբողջ աշխարհում։ Այցի շրջանակում պրոֆեսորը Ուիգմորի գինեկոլոգիական թիմի հետ համատեղ կիրականացնի վիրահատական միջամտություններ հետևյալ խնդիրներն ունեցող կանանց համար․ ▫️Էնդոմետրիումի պոլիպներ, ▫️Արգանդի ենթալորձային միոմաներ(սուբմուկոզ), ▫️Ներարգանդային կպումներ (Աշերմանի համախտանիշ), ▫️Արգանդի բնածին արատներ (արգանդի խոռոչի միջնապատ, միաեղջյուր արգանդ), ▫️Կեսարյան հատման սպիի պլաստիկա: Առաջնային խորհրդատվությունը կիրականացվի «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի գինեկոլոգների կողմից։ Խորհրդատվության համար կարող են գրանցվել նաև այն բուժառուները, ովքեր նախկինում ունեցել են ներարգանդային վիրահատական միջամտություն, որը չի բերել ցանկալի արդյունքի, ինչպես նաև անպտղություն ունեցող կանայք։ Գրանցման համար կարող եք զանգահարել 012 345678։
08 Հոկտեմբեր
ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂ. Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ՝ ՉՈՒՇԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոկտեմբերն աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է։Այս համատեքստում զրուցել ենք «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մամոլոգ, գինեկոլոգ, ուլտրաձայնային հետազոտության մասնագետ, մամոլոգիական ծառայության պատասխանատու Ներսիկ Ժամհարյանի հետ՝ պարզելու, թե ի՞նչ է իրականում կարևոր իմանալ կրծքագեղձի խնամքի և առողջության մասին։ — Բժիշկ Ժամհարյան, ինչո՞ւ ենք այսօր կրծքագեղձի քաղցկեղի մասին այսքան շատ խոսում։ — Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված ուռուցքային հիվանդությունն է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Ըստ տարբեր տվյալների՝ ամեն տարի Հայաստանում հայտնաբերվում է ավելի քան 1400 նոր դեպք (ըստ՝ Գիտությունների Ազգային ինստիտուտի 2024թ․-ի տվյալների)։ Ամենացավալին այն է, որ հայտնաբերված դեպքերի մի զգալի մաս հայտնաբերվում է արդեն 3-րդ կամ 4-րդ փուլում, երբ խոսքն արդեն գնում է բարդ ու երկարատև բուժման մասին, որը երբեմն բուժառուի լիարժեք լավացման չի բերի։ Սա է մեզ դրդում նորից ու նորից անդրադառնալ այս թեմային, քանի որ շատ կարևոր է այն դիտարկել նաև իրազեկման և կանխարգելման հարթության մեջ և ոչ թե, ինչպես արդեն նշեցի, միայն բարդ փուլերում՝ միջամտությունների հարթությունում․․․ — Ձեր կարծիքով հիմնական խնդիրը բժշկական ծառայությա՞ն հասանելիությունն է, թե՞ հասարակական գիտակցության պակասը։ — Ոչ թե բժշկությունը, այլ՝ տեղեկացվածության պակասն է խնդիրը։ Հատկապես մեր հասարակությանը բնորոշ է վախը վատ ախտորոշում լսելու․ արդյունքում կանայք այնքան են վախենում լսել «հենց այն» ախտորոշումը, որ կարող են տարիներով հետաձգել հետազոտությունը։ Հաճախ լինում է, որ մտածում են՝ «դե լավ, եթե չի ցավում՝ ուրեմն ամեն ինչ լավ է, խնդիր չկա, կարող ենք այս տարի հետազոտություն չանցնել»։ Սակայն կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլերում է «լուռ», գանգատներ չի առաջացնում։ Այստեղ էլ մենք հնարավորինս շեշտում ենք կանխարգելիչ հետազոտությունների և վաղ ախտորոշման անհրաժեշտությունը։ — Շատերն էլ կարծում են, թե մամոգրաֆիան ցավոտ և վնասակար է։ — Սա ամենատարածված միֆերից է։ Ժամանակակից թվային մամոգրաֆները, 3D տոմոսինթեզի շնորհիվ ապահովում են արագ և ճշգրիտ հետազոտություն, իսկ եռաչափ պատկերի առկայությունը թույլ է տալիս ստանալ անհրաժեշտ պատկերը՝ կրծքագեղձի մինիմալ սեղմումով։ Ամբողջ գործընթացը տևում է մոտ 15 րոպե։ — Որքա՞ն հաճախ է պետք հետազոտվել։ — 40 տարեկանից հետո մամոգրաֆիկ հետազոտությունն անհրաժեշտ է կատարել տարին մեկ անգամ (ըստ American Cancer Society-ի)։ Եթե ընտանիքում եղել են կրծքագեղձի քաղցկեղի դեպքեր, մամոգրաֆիայի տարիքային շեմը կարող է իջեցվել՝ ըստ բժշկի ցուցման։ Մինչև 40 տարեկան կանանց համար ամենամյա կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտությունը և ըստ անհրաժեշտության մասնագետի խորհրդատվությունը բավարար է։ — Արդյո՞ք բարձր է կրծքագեղձի քաղցկեղի բուժման հավանականությունը, եթե այն վաղ փուլում է հայտնաբերվում։ — Այո, դեպքերի մեծամասնությունում լիարժեք բուժման մեծ հնարավորություն կա։ Ժամանակակից բուժական մեթոդները հնարավորություն են ստեղծել կրծքագեղձի քաղցկեղի առաջին և երկրորդ փուլի լիարժեք բուժման՝ առանց կնոջ կյանքի որակի և տևողության վրա ազդեցության։ Ըստ այդմ, որքան վաղ փուլում հայտնաբերվի գոյացությունը, այնքան ավելի բարձր է գեղձը պահպանելու հավանականությունը։ — Ի՞նչ կասեք այն կանանց, ովքեր հետաձգում են հետազոտություններն ու բժիշկի մոտ այցը։ — Ես միշտ պարզ օրինակ եմ բերում. մենք կանոնավոր կերպով հոգ ենք տանում մեր երեխաների և հարազատների մասին՝ կազմակերպելով նրանց կանխարգելիչ հետազոտությունները․․․ Ուրեմն ինչո՞ւ մենք մեր հանդեպ նույնպես չունենք այս մոտեցումը՝ հոգ տանել մեր մարմնի առողջության մասին՝ որպես առողջ և լիարժեք կյանքի գրավական։ Երբ կինն իր առողջությանն առաջնահերթություն է տալիս, լավ է սնվում, ակտիվ կյանքով է ապրում և կանոնավոր կանխարգելիչ հետազոտություններ է իրականացնում նա ոչ միայն իրեն է պաշտպանում, այլև կարևոր օրինակ է դառնում իր դուստրերի, ընկերուհիների, ամբողջ շրջապատի համար։ Կանխարգելիչ առողջության մշակույթը սիրո և սեփական անձի մասին հոգ տանելու մշակույթ է։ — Իսկ ի՞նչ է անում Ուիգմորի թիմն այս մշակույթը ձևավորելու ուղղությամբ։ — Մենք ներդրել ենք ամբողջական ախտորոշիչ գործուն շղթա՝ ՈՒՁՀ, մամոգրաֆիա, նեղ մասնագիտական խորհրդատվություն և բազմապրոֆիլ թիմի մոտեցում։ Կինն այստեղ պաշտպանված է, նա երբեք մենակ չէ իր ախտորոշման հետ։ Մենք կազմակերպում ենք նաև բաց դռների օրեր, երբ կինը կարող է գալ, ծանոթանալ թիմին, հիվանդանոցի հագեցվածությանը, անվճար հետազոտվել։ Նաև իրականացնում ենք մարզային այցեր և մարզային բժիշկների շարունակական վերապատրաստումներ, որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր անկյունում կինն ունենա որակյալ բուժօգնության հասանելիություն։ — Բժիշկ Ժամհարյան, Ձեր գլխավոր ուղերձը մեր կանանց։ — Մի՛ վախեցեք ախտորոշումը լսելուց․ կրծքագեղձի քաղցկեղը բուժելի է։ Պարզապես պետք է ժամանակին և կանոնավոր հետազոտվել, չվախենալ, չհետաձգել, և վստահել բժիշկներին։
03 Հոկտեմբեր
10 փաստ մամոլոգիայի մասին
1. Մամոլոգիան բժշկության ենթաճյուղ է, որը զբաղվում է կրծքագեղձերի հիվանդությունների կանխարգելմամբ, ախտորոշմամբ և բուժումով, ներառյալ բարորակ և չարորակ գոյացությունները:2. Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված չարորակ գոյացությունն է։ Վաղ ախտորոշումը և ճիշտ բուժական տակտիկան թույլ են տալիս հասնել վերջնական ապաքինման՝ խուսափելով կյանքի որակի կամ տևողության վրա էական ազդեցությունից: 3. Մամոգրաֆիան ախտորոշման ոսկե ստանդարտ է համարվում։ Ճառագայթային այս մեթոդը թույլ է տալիս հայտնաբերել նորագոյացությունները ամենավաղ փուլերում, երբ այլ ախտանիշներ դեռ ի հայտ չեն եկել: 4. Ուլտրաձայնային հետազոտությունը և մամոգրաֆիան համարժեք հետազոտություններ չեն, դրանք լրացնում են միմյանց։ Մինչև 40 տարին լրանալը՝ որպես կրծքագեղձի հետազոտման առաջնային մեթոդ կիրառվում է ՈՒՁՀ-ը, ինչը պայմանավորված է երիտասարդ տարիքում կրծքագեղձերի կառուցվածքային առանձնահատկություններով։ 5. Կրծքագեղձերի ինքնազննումը կարևոր կանխարգելիչ միջոց է։ Պարբերաբար (ամիսը 1 անգամ) ինքնազննումը օգնում է կանանց նկատել փոփոխությունները կրծքագեղձում և ժամանակին դիմել բժշկի: Սակայն այս մեթոդը չի փոխարինում մասնագիտական հետազոտությունը։ 6. Հղիությունը և կրծքով կերակրումը նվազեցնում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը: 7. Կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի հիմնական գործոնները ներառում են ծխելը, ալկոհոլի չարաշահումը, ավելորդ քաշը, նստակյաց կյանքը, ինչպես նաև կարևոր է ընտանեկան անամնեզը։ 8. Կրծքագեղձի հիվանդություն կարող է առաջանալ նաև տղամարդկանց մոտ. չնայած դրանք ավելի հաճախ են հանդիպում կանանց մոտ, տղամարդիկ ևս կարող են ունենալ կրծքագեղձի խնդիրներ, օր․՝ գինեկոմաստիա (մեծացած կրծքագեղձեր), բարորակ գոյացություններ կամ շատ ավելի հազվադեպ հանդիպող կրծքագեղձի քաղցկեղ: Նման խնդիրներ նկատելու դեպքում տղամարդիկ նույնպես պետք է դիմեն մամոլոգի։ 9. Ֆիբրոադենոման կրծքագեղձի առավել հաճախ հանդիպող բարորակ գոյացություն է։ Այն հիմնականում հանդիպում է մինչև 35 տարեկան կանանց մոտ։ Բուժական տակտիկան կախված է ֆիբրոադենոմայի աճի տեմպերից, չափերից և տեղակայման առանձնահատկություններից։ 10. Կրծքագեղձի հիվանդություն կարող է առաջանալ նաև տղամարդկանց մոտ. չնայած դրանք ավելի հաճախ են հանդիպում կանանց մոտ, տղամարդիկ ևս կարող են ունենալ կրծքագեղձի խնդիրներ, օր․՝ գինեկոմաստիա (մեծացած կրծքագեղձեր), բարորակ գոյացություններ կամ շատ ավելի հազվադեպ հանդիպող կրծքագեղձի քաղցկեղ: Նման խնդիրներ նկատելու դեպքում տղամարդիկ նույնպես պետք է դիմեն մամոլոգի։ Մամոլոգիական ծառայությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
27 Սեպտեմբեր
Մասնագիտական այց՝ Շվեդիայի Ումեո համալսարանական հիվանդանոցից
Հոկտեմբերի 14-16 մասնագիտական այցով Հայաստան կայցելի Շվեդիայի Ումեո համալսարանական հիվանդանոցի մանկական էնդոկրինոլոգիայի և դիաբետոլոգիայի բաժանմունքի ղեկավար Ելենա Լունդբերգը։Այցի ընթացքում Ուիգմորի էնդոկրինոլոգիական թիմի հետ կիրականացվեն խորհրդատվություններ։ Խորհրդատվության համար կարող են գրանցվել հետևյալ խնդիրներով բուժառուները (0-18տ)՝ • Աճի հորմոնի անբավարարություն, իդիոպաթիկ կարճահասակություն, • Սեռահասունացման հապաղում կամ վաղաժամ սեռահասունացում, • Օնկոլոգիական հիվանդությունների բուժման արդյունքում առաջացած էնդոկրին խանգարումներ, • Ինսուլինային պոմպեր օգտագործող բուժառուներ, • Հիպոպիտուիտարիզմ (հիպոֆիզի հորմոնների արտադրության խանգարում), • Մակերիկամի պաթոլոգիաներ, • Բնածին հիպերինսուլինիզմ, • Տերների համախտանիշ։ Խորհրդատվության համար նախնական գրանցումը պարտադիր է։ Առաջնային խորհրդատվությունը կիրականացնեն Ուիգմորի էնդոկրինոլոգները: Գրանցվելու համար զանգահարեք 012345678 կամ գրեք մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին։
22 Սեպտեմբեր
LDR ծննդաբերություն․ ի՞նչ է անհրաժեշտ իմանալ Հայաստանում միակ LDR ծննդատան մասին
Այստեղ ծնվում է երջանկությունը«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի ծննդօգնության ծառայությունը միակն է Հայաստանում՝ կառուցված է LDR սկզբունքով (Labor – Delivery – Recovery), երբ հղին նախածննդյան փուլը, ծննդաբերությունը և հետծննդյան խնամքը անցկացնում է նույն հարմարավետ սենյակում։ Սա կնոջ համար նշանակում է խաղաղություն, հարմարավետություն, մշտական բժշկական վերահսկում և մաքսիմալ ջերմ ու տան պայմաններին մոտ միջավայր։ Աշխարհի լավագույն փորձը՝ Հայաստանում «Ուիգմոր»-ի մասնագետները վերապատրաստվել և շարունակաբար վերապատրաստվում են ԱՄՆ առաջատար կենտրոններում (Bassett Medical Center, Greater Baltimore Medical Center)՝ Հայաստան բերելով ապացուցահեն բժշկության և ծննդօգնության նոր մոտեցումները։ Բոլոր ընթացակարգերն ու ուղեցույցները մշակված են միջազգային հետազոտությունների հիման վրա և տեղայնացված են հայկական առողջապահական չափորոշիչներին համապատասխան։ Ծննդաբեր կինը՝ կենտրոնական դերակատար«Ուիգմոր»-ում ծննդաբերության ամբողջ ընթացքը կազմակերպված է մայրիկի շուրջ։ Նա կարող է լինել ակտիվ, ընտրել դիրքը՝ օգտագործելով հարմարավետ մահճակալ-տրանսֆորմերը, բազկաթոռը, յոգայի գորգը, գնդակը, ինչպես նաև օգտվել ջրային ծննդաբերության հնարավորությունից։ Սենյակն ապահովված է անհատական սանհանգույցով և հիդրոթերապիայի հնարավարությամբ լոգարանով։Կնոջն իր ընտրությամբ կարող է ուղեկցել և աջակցել իր հարազատը կամ դուլան։ Ոսկե ժամԾննդաբերությունից հետո նորածին բալիկը չի տեղափոխվում այլ սենյակ․ բոլոր գործողությունները՝ հետազոտուոյուն, չափումներ, և այլ գործողություններ, կազմակերպվում են նույն սենյակում՝ ծնողների ներկայությամբ։ Ծննդատանը գտնվելու ողջ ընթացքում երեխան չի բաժանվում մայրիկից։ Իսկ առաջին «ոսկե ժամի»՝ նորածնի և մոր մաշկ-մաշկի շփումը խթանում է կրծքով կերակրումը, ամրացնում նորածնի իմունիտետը և ապահովում հզոր զգայական կապ մայրիկի հետ։Հետծննդյան աջակցություն «Ուիգմոր»-ը հետևողական է նաև մայրիկի հետծննդյան առողջությանը․ բժիշկների կողմից հատուկ մշակված հարցաշարով գնահատվում են մայրիկի ֆիզիկական և հոգեբանական վիճակը, անհրաժեշտության դեպքում կազմակերպվում են ուրոգինեկոլոգի կամ հոգեբանի խորհրդատվություններ։ Գիտելիք և վստահություն«Ուիգմոր»-ում գործում է «Ապագա ծնողների դպրոց», որտեղ հղիները և նրանց զուգընկերները հենց մեր բժիշկներից ստանում են հղիության, ծննդաբերության, հետծննդյան խնամքի և նորածնի խնամքի մասին անհրաժեշտ գիտելիքները։«Ուիգմոր»․ այստեղ ծնվում է երջանկությունը․․․
18 Սեպտեմբեր
Բերանի խոռոչի խնամք
Երեխայի բերանի խոռոչի հիգիենան երեխայի ընդհանուր առողջության կարևոր բաղադրիչներից է։ Ներկայացնում ենք բերանի խոռոչի հիգիենիկ առանձնահատկությունները ըստ տարիքի։ Բերանի խոռոչի խնամքը նախքան ատամների ծկթումը չափազանց կարևոր է, քանի որ թքարտադրությունը և մկանային ակտիվությունը դեռևս բավարար չեն, որպեսզի անցման ծալքերում կամ լեզվի վրա կաթնային մնացորդները ինքնամաքրեն։  Կերակրումներից հետո մաքրեք երեխայի լնդերը թաց թանզիվով կամ հատուկ սիլիկոնե մատնոցներով։ Սա օգնում է հեռացնել սննդային մնացորդները, ձևավորում է խնամքի սովորություն։  Ատամները կարելի է մաքրել հատուկ փափուկ կամ գերփափուկ խոզանակներով։  Մինչև երեխայի մեկ տարեկանը կարելի է կիրառել խոզանակն առանց մածուկի կամ կիրառել 0+ տարիքի համար նախատեսված մածուկներ, որոնք չեն պարունակում ֆտոր, պարաբեններ կամ այլ վտանգավոր նյութեր։ Մինչև մեկ տարեկան երեխաների համար ֆտորով մածուկի կիրառումը պետք է լինի միայն ստոմատոլոգի ցուցումով։  Ատամների մաքրումը ցանկալի է իրականացնել ամեն ուտելուց հետո։  Օգտագործել ատամի մածուկը քիչ՝ բրնձի հատիկի չափով, ֆտորի մինիմալ պարունակությամբ (500ppm)։  Երեխային սովորեցնել մածուկը կուլ չտալ, իսկ 2 տարեկանից բարձր երեխաներին սովորեցնել բերանի ողողում կատարել։ Թույլ տալ երեխային ինքնուրույն փորձել մաքրել ատամները մեծի հսկողությամբ, սակայն հիմնական խնամքը պետք է իրականացնի ծնողը։  Կազմակերպել առաջին այցը ստոմատոլոգի մոտ հենց 1-2 տարեկան հասակում:  Բացառել քաղցր հյութերի, կոնֆետների, կպչուն մարմելադների օգտագործումը, առավել ևս քնից առաջ։  Մածուկը օգտագործել ոլոռի հատիկի չափով, ընտրել ֆտորի 1000ppm պարունակությամբ մածուկ:  Բացատրել երեխային բերանի խոռոչի հիգիենայի կարևորությունը և օրինակ ծառայել: Ամենօրյա խնամքի մաս դարձնել ատամնաթելը կամ ֆլոսերները՝ միջատամնային տարածությունների հիգիենան պահպանելու և կոնտակտային կարիեսի առաջացումը կանխելու համար։  Այս տարիքում կարող եք թույլ տալ երեխային ինքնուրույն մաքրել ատամները, սակայն մեծահասակի անմիջական և պարտադիր հսկողության տակ:  Ատամները լվանալ առավոտյան և երեկոյան՝ առնվազն 1,5-2 րոպե տևողությամբ։  Այցելել ստոմատոլոգի պրոֆիլակտիկ այցի ամենաքիչը տարին մեկ անգամ։  Ամենօրյա խնամքի մեջ պարտադիր կիրառել ատամնաթել։  Խիստ սահմանափակել քաղցրի, գազավորված ըմպելիքների օգտագործումը։  Այցելել ստոմատոլոգի պրոֆիլակտիկ այցի առնվազն տարին մեկ անգամ։6 տարեկանում ծկթում են առաջին մշտական ծամիչները։ Այս ատամները հաճախ են ունենում կարիեսային ախտահարում, երբ հիգիենան բավարար չէ։ Ատամները ծկթելու ժամանակ ցանկալի է դիմել մանկական ստոմատոլոգի՝ քննարկելու նոր ծկթած ատամների ակոսների զմրսումը և կարիեսի կանխարգելումը։ Գոյություն ունեն ատամնափառի ինդիկատորներ կամ ինդիկատորով մածուկներ՝ ատամների վրա առկա փառը գունավորելու և ավելի ակնառու դարձնելու համար։ Ցանկալի է նման մածուկ կամ ինդիկատոր կիրառել ատամները մաքրելուց հետո, որը կգունավորի ատամների դեռևս չմաքրված ատամնափառի մնացորդները։ Վերջինս խոզանակով մաքրելու դեպքում հեշտորեն անցնում է։ Այն հնարավորություն է տալիս գնահատել բերանի խոռոչի հիգիենան, հասկանալ թերի խնամքի արժանացած տեղամասերը։  Ատամների խոզանակումը խորհուրդ է տրվում սկսել վերին աջ ատամների դրսային (այտային) մակերեսից․ խոզանակի գլխիկը պետք է ատամի առանցքի հետ կազմի 45 աստիճանի անկյուն։  Ծամիչ մակերեսների մաքրման ժամանակ ատամի խոզանակը պետք է պահել ծամիչ մակերեսին զուգահեռ, իսկ կտրիչների մաքրման ժամանակ՝ քմային կամ լեզվային մակերեսին զուգահեռ։  Խոզանակը պետք է շարժել լնդից դեպի կտրող եզր ուղղությամբ՝ հանդարտ շարժումներով։ Ատամի խոզանակը պետք է փոխել 2-3 ամիսը մեկ։  Ներգրավեք երեխային խնամքի գործընթացի մեջ՝ ցույց տվեք ուսուցողական մուլտֆիլմեր ատամների վերաբերյալ, թույլ տվեք նրանց ընտրել մածուկի համ, խոզանակի գույն կամ տեսք։  Կոնֆետները կարող եք փոխարինել ատամների համար չափազանց օգտակար շաքարով՝ քսիլիտով։ Քսիլիտը բնական քաղցրացուցիչ է, որն օգտակար է բերանի խոռոչի հիգիենայի համար։ Այն ունի հակակարիեսային ազդեցություն, ճնշում է բակտերիաների աճը, նպաստում է թքարտադրությանը։ Կարող եք ձեռք բերել քսիլիտի պարունակությամբ մաստակներ, ատամի մածուկներ, կոնֆետներ և սառնաշաքարներ։
16 Սեպտեմբեր
Հայ-ամերիկյան համագործակցության շնորհիվ առողջապահության ոլորտում բացվում են նոր հորիզոններ
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ Հայաստանի մանկաբուժության ոլորտի համար նշանակալի իրադարձություն. ստորագրվեց «Ուիգմոր»-ի և ԱՄՆ առաջատար մանկական հիվանդանոց Valley Children’s Healthcare-ի հետ համագործակցության երկրորդ փուլի հուշագիրը։Համագործակցության նպատակը Հայաստանի մանկական առողջապահության զարգացումն է՝ բժիշկների մասնագիտական փորձի փոխանակման և վերապատրաստման, ինչպես նաև բուժքույրական կրթության և որակի՝ միջազգային ստանդարտներ ներդնելու միջոցով։ «Ուիգմոր»-ի և Valley Children’s-ի համագործակցությունը պաշտոնապես մեկնարկեց 2023 թվականի նոյեմբերին՝ միջազգային հուշագրի ստորագրումով։ Հուշագրի ստորագրումից ի վեր ութ մասնագիտական փոխայցելություն է իրականացվել հիվանդանոցների միջև՝  ներառյալ ԱՄՆ-ի գործընկերների երկու այցերը Հայաստան։Հիմնվելով հաջողված առաջին փուլի վրա՝ հաստատությունները մեկնարկում են համագործակցության երկրորդ փուլը՝ խորացնելով և ընդլայնելով թիրախային ուղղությունների զարգացումը։ Լրագրողների հետ զրույցում «Ուիգմոր Գրուփ»-ի հիմնադիր տնօրեն Զավեն Քոլոյանը նշեց, որ երբ որոշեցին մանկական հիվանդանոց կառուցել, նպատակն էր ստեղծել նմանը չունեցող, միջազգային չափանիշներին համապատասխան կենտրոն, ինչը մեծ պատվով իրականացվեց։«Մեր նպատակն անփոփոխ է՝ վստահելի և անվտանգ բուժօգնությունը իրական դարձնել Հայաստանում յուրաքանչյուր երեխայի համար։ Հենց այս տրամադրվածությամբ էլ մեկնարկում ենք համագործակցության երկրորդ փուլը՝ խորացնելով և ընդլայնելով թիրախային ուղղությունների զարգացումը»,- ասաց Քոլոյանը։Նրա հավաստմամբ՝ հիվանդանոցի ստեղծման ավելի երկարաժամկետ և կարևոր նպատակն է շարունակաբար զարգացնել և պահպանել «ուիգմորական» բժշկության որակը, և այդ հարցում իրենց օգնության եկան ԱՄՆ-ի գործընկերները։Ամբողջական նյութը հասանելի է հղմամբ՝ https://armenpress.am/hy/article/1228745
12 Սեպտեմբեր
Հայ-ամերիկյան համագործակցության շնորհիվ առողջապահության ոլորտում բացվում են նոր հորիզոններ
«Մեր նպատակն անփոփոխ է՝ վստահելի և անվտանգ բուժօգնությունը իրական դարձնել Հայաստանում յուրաքանչյուր երեխայի համար։ Հենց այս տրամադրվածությամբ էլ մեկնարկում ենք համագործակցության երկրորդ փուլը՝ խորացնելով և ընդլայնելով թիրախային ուղղությունների զարգացումը», - Զավեն Քոլոյան։
11 Սեպտեմբեր
Մասնագիտական այց
Սեպտեմբերի 22-26-ը «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը մասնագիտական այցով հյուրընկալելու է Նյու-Յորքի «Bassett Medical Center»-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ծառայության ղեկավար, ուրոգինեկոլոգ, պրոֆեսոր Սամվել Բադալյանին և University at Buffalo-ի ուրոգինեկոլոգ, կոնքի ռեկոնստրուկտիվ վիրաբուժության մասնագետ Արմեն Կիրակոսյանին։Այցի շրջանակում մասնագետները Ուիգմորի ուրոգինեկոլոգների թիմի հետ համատեղ կիրականացնեն խորհրդատվություններ և անհրաժեշտության դեպքում կկատարվեն վիրահատական միջամտություններ հետևյալ խնդիրներն ունեցող կանանց համար․ ▫️կոնքի օրգանների իջեցումներ, ▫️անմիզապահություն, ▫️անկղապահություն, ▫️միզուղիների կրկնվող բորբոքումներ, ▫️չորություն հեշտոցում։ Առաջնային խորհրդատվությունը կիրականացվի «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի ուրոգինեկոլոգների կողմից։ Խորհրդատվության համար կարող են գրանցվել նաև այն բուժառուները, ովքեր նախկինում ունեցել են վիրահատական միջամտություն վերոնշյալ խնդիրների հետ կապված։ Գրանցման համար կարող եք զանգահարել 012 3456789։
09 Սեպտեմբեր
Մանկաբուժությունը գործնականում․ կիսելով Valley Children’s-ի փորձն ու գիտելիքը» գիտաժողով
Սեպտեմբերի 6-ին կայացավ «Մանկաբուժությունը գործնականում․ կիսելով Valley Children’s-ի փորձն ու գիտելիքը» ՇՄԶ կրեդիտավորված գիտաժողովը։Գիտաժողովը ներգրավեց ավելի քան երկու հարյուր մասնակիցներ Հայաստանի բոլոր մարզերից, դառնալով եզակի հարթակ՝ գիտելիքի փոխանակման և ապացուցահեն բժշկության միջազգային մոտեցումների քննարկման համար Հայաստանի մանկաբուժական համայնքի համար։ Շնորհակալություն Հանրային հեռուստաընկերությանը անդրադարձի համար:
08 Սեպտեմբեր
Ատամների ծկթում
Երեխաների մեծ մասի առաջին ատամը ծկթում է 4-6 ամսականում, սակայն մինչև 18 ամսականը առաջին ատամի ծկթումը համարվում է նորմալ։ 30 ամսականում երեխաներն ունենում են բոլոր 20 կաթնատամները։ Հազվադեպ, երեխան կարող է ծնվել ատամիկով կամ ատամը կարող է ծկթել մինչև երեք ամսականը։ Այս ատամները նույնպես կազմում են ատամնաշարի մաս՝ առողջ կաթնատամներից են, և հեռացնել խորհուրդ չի տրվում, եթե չեն խանգարում կերակրելուն կամ շարժուն լինելու պատճառով չեն կարող պոկվել և հայտնվել շնչուղիներում։ Ատամների ծկթման ժամանակ կարող են դիտվել լնդերի քոր, այտուցվածություն և ցավոտություն։ Երեխան կարող է անհանգիստ լինել, որոշ դեպքերում ջերմության թեթև բարձրացում է դիտվում։ Ծնողների, իսկ երբեմն նաև բժիշկների կողմից ատամների ծկթելուն վերագրվում են նաև այլ ախտանիշներ, որոնք ոչ թե ծկթելու, այլ հիվանդության նշան կարող են լինել։ Հազը, բարձր ջերմությունը, լուծը, փսխումները, հեղուկներից կամ սննդից հրաժարվելը ատամների ծկթումով պայմանավորված չեն և այդ նշանների առկայության դեպքում պետք է դիմել բժշկի՝ դրանց իրական պատճառը պարզելու և համապատասխան բուժում իրականացնելու համար։ Լնդերի ցավը մեղմելու համար կարելի է մեղմորեն մերսել նրա լնդերը․ նախապես լվացեք Ձեր ձեռքերը և մատներով կամ փափուկ կտորի օգնությամբ զգուշորեն մերսեք երեխայի լնդերի այտուցված հատվածները։ Կարելի է օգտագործել նաև ծկթման համար նախատեսված հատուկ սառեցված օղակները, որոնք երեխան կծում է՝ մեղմելով լնդերի ցավը։ Շատ բարձր կամ ցածր ջերմաստիճանը կարող է վնասել օղակի պլաստմասսան և բերել հեղուկի արտահոսքի, ուստի այդ օղակները՝ Պետք է սառեցնել սառնարանում Չի կարելի պահել սառցարանում Չի կարելի վարակազերծել եռացող ջրում կամ սպասք լվանալու մեքենայում Մանկաբույժի հետ խորհրդակցելով՝ ատամների ծկթումով պայմանավորված անհանգստությունը նվազեցնելու համար կարելի է պարացետամոլ (ացետամինոֆեն) և/կամ իբուպրոֆեն տալ։ Լնդերին քսվող տարբեր տեղային ցավազրկող դեղամիջոցներ խորհուրդ չի տրվում օգտագործել։ Նախ, դրանք շատ արագ լվացվում են թքով և երկարատև ազդեցություն չեն կարող ապահովել, մյուս կողմից որոշ ցավազրկողներ կարող են թմրեցնել երեխայի բկանցքի լորձաթաղանթը, խանգարել երեխայի կլման ակտը և կյանքի համար վտանգավոր իրավիճակներ ստեղծել։
05 Սեպտեմբեր
«Valley Children’s Healthcare և «Ուիգմոր»․ համագործակցության հուշագրի երկրորդ փուլի ստորագրում
2025թ․ սեպտեմբերի 2-ին Ուիգմոր հիվանդանոցում տեղի ունեցավ Հայաստանի մանկաբուժության ոլորտի համար նշանակալի իրադարձություն․ ստորագրվեց Ուիգմոր հիվանդանոցի և ԱՄՆ առաջատար մանկական հիվանդանոց Valley Children’s Healthcare-ի միջև համագործակցության երկրորդ փուլի հուշագիրը։«Արմենիա ԹՎ»-ի «Բարի լույս» հաղորդման եթերում զրուցել ենք համագործակցության նպատակների, հաջողությունների և առաջիկա ուղղությունների մասին։ Հաղորդման հյուրերն են Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի զարգացման գծով փոխտնօրեն Տաթևիկ Քոլոյանը և բուժական գծով փոխտնօրեն, բ.գ.թ., մանկաբույժ Հրաչուհի Ղազարյանը։
04 Սեպտեմբեր
Համագործակցության նոր փուլ`ուղղված Հայաստանում մանկական առողջապահության հզորացմանը
Չկա ավելի թանկ բան, քան փոքրիկների առողջությունը. Սեպտեմբերի 2-ին «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում տեղի ունեցավ Հայաստանի մանկաբուժության ոլորտի համար նշանակալի իրադարձություն․ ստորագրվեց «Ուիգմոր»-ի և ԱՄՆ առաջատար մանկական հիվանդանոց Valley Children’s Healthcare-ի հետ համագործակցության երկրորդ փուլի հուշագիրը։ Մեր նպատակն անփոփոխ է՝ վստահելի և անվտանգ բուժօգնությունը իրական դարձնել Հայաստանում յուրաքանչյուր երեխայի համար։
02 Սեպտեմբեր
«Valley Children’s Healthcare և «Ուիգմոր»․ համագործակցության հուշագրի երկրորդ փուլի ստորագրում
.ԵՐԵՎԱՆ — 2025թ. Սեպտեմբերի 2-ին «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում տեղի ունեցավ Հայաստանի մանկաբուժության ոլորտի համար նշանակալի իրադարձություն․ ստորագրվեց «Ուիգմոր»-ի և ԱՄՆ առաջատար մանկական հիվանդանոց Valley Children’s Healthcare-ի հետ համագործակցության երկրորդ փուլի հուշագիրը։ Ուիգմոր հիվանդանոցի և Valley Children’s-ի հետ համագործակցությունը սկիզբ է առել 2023թ․-ին՝ երկկողմ հուշագրի ստորագրմամբ։ Համագործակցության դրական փորձը և բազմաթիվ հաջողությունները հիմք ծառայեցին այսօր հուշագրի երկրորդ փուլի ստորագրման համար։«Մեր նպատակն անփոփոխ է՝ վստահելի և անվտանգ բուժօգնությունը իրական դարձնել Հայաստանում յուրաքանչյուր երեխայի համար։ Հենց այս տրամադրվածությամբ էլ մեկնարկում ենք համագործակցության երկրորդ փուլը՝ խորացնելով և ընդլայնելով թիրախային ուղղությունների զարգացումը», - նշում է «Ուիգմոր Գրուփ»-ի հիմնադիր տնօրեն Զավեն Քոլոյանը։ «Երբ որոշեցինք մանկական հիվանդանոց կառուցել, նպատակն էր ստեղծել նմանը չունեցող՝ միջազգային չափանիշներին համապատասխան կենտրոն, ինչը մեծ պատվով կարողացանք իրականացնել։ », - պատմում է Զավեն Քոլոյանը։ Ըստ նրա խոսքերի, հիվանդանոցի ստեղծման ավելի երկարաժամկետ և կարևոր նպատակն է շարունակաբար զարգացնել և պահպանել «ուիգմորական» բժշկության որակը, որտեղ էլ օգնության եկան ԱՄՆ գործընկերները։ «Կարծում եմ, նման համագործակցության կարևորությունն այն է, որ, ինչպես Valley Children’s-ը, այնպես էլ Ուիգմորը, ամբողջությամբ երեխաների մասին են և չկա ավելի թանկ բան, քան մեր փոքրիկների առողջությունը։ Այսօրվա արարողությանը մենք շատ հավակնոտ նպատակների և արդեն իսկ գրանցված մեծ առաջընթացի մասին լսեցինք, որոնք ինձ անկեղծորեն հիացրեցին։ Valley Children’s-ում մենք մշտապես ձգտում ենք որակի շարունակական բարելավմանը, և այս կոնտեքստում Ուիգմորում իրականացվող աշխատանքը, իրապես, տպավորիչ է։ Մեզ համար մեծ պատիվ է մասնակցել այս ամենին և աջակցել այնպիսի նախաձեռնությունների, որոնց կարիքը երկիրը կենսականորեն ունի։ Սա մեզ համար պարզապես համագործակցություն չէ, այլ բարոյական պարտավորություն», - նշում է Valley Children’s Healthcare-ի Առողջապահության հանձնաժողովի նախագահ Մայքլ Հենսընը։  «․․․մենք հնարավորություն ունենք կիսվելու մեր գիտելիքով, բժիշկների փորձառությամբ ու կառավարման մշակույթով՝ աջակցելով առողջապահության զարգացմանը և ապահովելով ճիշտ ուղղություն», - նշեց Valley Children’s Healthcare-ի Հիվանդանոցի կառավարման հանձնաժողովի նախագահ Հոզե Էլգոռիագան։ Ըստ Հ․ Էլգոռիագայի խոսքերի, հուշագրի ստորգրման երկրորդ փուլի նպատակն է և՛ Հայաստանում, և՛ ԱՄՆ-ում առողջ ու լիարժեք ապագայի հնարավորություն տալ յուրաքանչյուր երեխայի։«Այս համագործակցության կարևոր մասը՝ կրթական բաղադրիչն է, որի շրջանակում կարող ենք ապահովել մեր բժիշկների, ադմինիստրատիվ թիմի և հատկապես բուժքույրական անձնակազմի շարունակական կրթությունը», նշեց «Ուիգմոր Գրուփ»-ի կառավարման հանձնաժողովի նախագահ Բեդրոս Եղիայանը։ 2023թ․ հուշագրի ստորագրումից ի վեր ութ մասնագիտական փոխայցելություն է իրականացվել հիվանդանոցների միջև՝ ներառյալ ԱՄՆ գործընկերների երկու այցերը Հայաստան։
22 Օգոստոս
Valley Children’s Healthcare-ի պատվիրակությունը սեպտեմբերին կայցելի Հայաստան․ տեղի կունենա «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի հետ համագործակցության հուշագրի երկրորդ փուլի ստորագրումը
ԵՐԵՎԱՆ — 2025թ. Սեպտեմբերի 1-ից 12-ը «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը կհյուրընկալի իր գործընկեր, ԱՄՆ առաջատար մանկական բուժհաստատության՝ Valley Children’s Healthcare-ի մասնագիտական պատվիրակության երրորդ այցելությունը Հայաստան։Պաշտոնական այցը ղեկավարում են Valley Children’s Healthcare-ի Առողջապահության և Հիվանդանոցի կառավարման հանձնաժողովների նախագահներ Մայքլ Հենսընը և Հոզե Էլգոռիագան։ Պատվիրակության կազմում են մանկաբուժական ոլորտի առաջատար մասնագետներ և առողջապահության կազմակերպիչներ։Մասնագիտական հերթական այս այցն իրականացվում է Valley Children’s Healthcare-ի և «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի միջև 2023թ․-ին կնքված գործընկերության շրջանակում՝ նպատակ ունենալով Հայաստանում զարգացնել մանկական առողջապահությունը՝ բժշկական փորձի փոխանակման և շարունակական մասնագիտական կրթության միջոցով։ Այցի շրջանակում կկայանա հիվանդանոցների միջև համագործակցության հուշագրի երկրորդ փուլի ստորագրման պաշտոնական արարողությունը։ «Այս համագործակցությունը մեզ համար կարևոր է՝ Հայաստանում մանկական առողջապահության ոլորտում նոր, համակարգային զարգացումներ բերելու համար: Հիմնվելով հաջողված փորձի և արդյունքների վրա՝ մենք համագործակցության Երկրորդ փուլն ենք միասին կառուցում՝ խորացնելով թիրախային ուղղությունների զարգացումը՝ Հայաստանում լավագույն փորձը ներդնելու ճանապարհով», — նշում է «Ուիգմոր» հիվանդանոցի զարգացման գծով փոխտնօրեն Տաթևիկ Քոլոյանը։  Այցի շրջանակում սեպտեմբերի 6-ին տեղի կունենա «Մանկաբուժությունը գործնականում․ կիսելով Valley Children’s-ի փորձն ու գիտելիքը» թեմայով ՇՄԶ կրեդիտավորված մանկաբուժական գիտաժողովը, որտեղ դասախոսություններ կկարդան ԱՄՆ մասնագետները։ Գիտաժողովին կմասնակցեն Հայաստանի մանկաբուժական համայնքի մեծ թվով մասնակիցներ ՀՀ մարզերից և Երևանից։«Հայաստանի մանկաբուժական համայնքը հնարավորություն է ստանում շփվելու, քննարկելու և արտասահմանյան գործընկերների հետ կիսվելու փորձով։ Այս այցը և դրա շրջանակում նախատեսված գիտաժողովը այն հարթակն են, որտեղ մասնագետները միավորվում են՝ շարունակաբար կրթվելու, միմյանցից սովորելու և միասին զարգացնելու մանկաբուժության ոլորտը», — ասում է «Ուիգմոր» հիվանդանոցի բուժական գծով փոխտնօրեն, բ.գ.թ. Հրաչուհի Ղազարյանը։ Համագործակցության հուշագրի ստորագրումից ի վեր «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ից արդեն հինգ մասնագիտական խումբ է մեկնել ԱՄՆ վերապատրաստման։ *** Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը Երևանում տեղակայված, 220 մահճակալ կարողությամբ հագեցած բժշկական կենտրոն է, որի աշխատանքի հիմքում երեխաներին և կանանց համապարփակ, մատչելի և բարձրորակ առողջապահական ծառայություններ մատուցելու մշակույթն է։ ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի հուլիսի 6-ի թիվ 3350-Ա որոշման համաձայն՝ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ն արժանացել է մանկական խնամքի երրորդ բարձրագույն մակարդակի: Ընդունելով ընտանիքներ հանրապետության ողջ տարածքից՝ Ուիգմորը տրամադրում է միջազգային չափանիշներին համապատասխան ընդհանուր մանկաբուժական, նեղ մասնագիտական մանկական ծառայություններ, ինչպես նաև կանանց առողջությանն ուղղված և ծննդօգնության ծառայություններ: Ուիգմորի առաքելությունն է նպաստել Հայաստանի առողջապահական ոլորտի համակարգային բարեփոխմանը՝ սահմանելով որակի և խնամքի միջազգային չափանիշներ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք։*** Valley Children’s Healthcare ԱՄՆ կենտրոնական Կալիֆորնիայի մանկական առողջապահական բարձրորակ և համապարփակ խնամքի ծառայությունների մատակարար է։ Հիվանդանոցն ապահովում է մասնագիտացված թերապևտիկ և վիրաբուժական ծառայություններ, ունի 358 մահճակալ կարողություն: Valley Children’s Healthcare-ն իր տարածաշրջանի առաջին բուժ. հաստատությունն է, որ ստացել է Magnet Nursing՝ ԱՄՆ- ի ամենաբարձր բուժքույրական հենանիշը։ 2023թ. Valley Children’s-ը ԱՄՆ-ի խոշորագույն՝ U.S. News and World Report մեդիա ընկերության կողմից հերթական անգամ ճանաչվել է որպես երկրի լավագույն մանկական հիվանդանոցներից մեկը՝ մանկաբուժական յոթ մասնագիտություններով: Իր 3500 աշխատակիցներով Valley Children’s-ը բարձրորակ, համապարփակ բուժօգնություն է տրամադրում կենտրոնական Կալիֆորնիայի ավելի քան 1,3 միլիոն երեխաների։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք այստեղ:
21 Օգոստոս
Մանկաբուժությունը գործնականում․ կիսելով Valley Children’s-ի փորձն ու գիտելիքը» ՇՄԶ կրեդիտավորված գիտաժողով / օրակարգ
«Մանկաբուժությունը գործնականում․ կիսելով Valley Children’s-ի փորձն ու գիտելիքը» ՇՄԶ կրեդիտավորված գիտաժողովին ընդառաջ ներկայացնում ենք միջոցառման օրակարգը։ Դասախոսություններ կկարդան ԱՄՆ հեղինակավոր Valley Children's healthcare մանկական հիվանդանոցի բժիշկները։ Գիտաժողովի լեզուն՝ անգլերեն, հայերենի համաժամանակյա թարգմանությամբ։ Գիտաժողովի մանրամասների և գրանցման հղումն այստեղ։
19 Օգոստոս
Առաջին օգնություն ջրահեղձության ժամանակ
Ամառը ոչ միայն ջրում լողալու ու զովանալու, այլև մեծ պատասխանատվության սեզոն է․ մեր փոքրիկներին ջրահեղձությունից պաշտպանելու կարևորության մասին Հ1-ի եթերում խոսում են Ուիգմորի բժիշկները։• Երեխաներին երբեք մի՛ թողեք ջրում կամ ջրի մոտ առանց հսկողության, նույնիսկ մի քանի վայրկյանով։ • Լողացեք միայն վերահսկվող և հատուկ նախատեսված վայրերում։ • Լողի ընթացքում միշտ եղեք փոքրիկի կողքին՝ մեկ ձեռքի հեռավորության վրա։ • Տիրապետեք սրտի-թոքային վերակենդանացման (CPR) և առաջին օգնության հիմնական քայլերին։ • Նախքան ջուր մտնելը համոզվեք, որ տեղյակ եք ջրի խորությունից և հոսանքից։
19 Օգոստոս
Valley Children’s Healthcare-ի երրորդ մասնագիտական այցը՝ Ուիգմոր
Valley Children’s Healthcare-ի երրորդ մասնագիտական այցը՝ Ուիգմոր Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ սեպտեմբերի 1-12-ը «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում հյուրընկալելու ենք մեր գործընկեր, ԱՄՆ-ում ճանաչված լավագույն մանկական բուժհաստատություններից մեկի՝ Valley Children’s Healthcare-ի երրորդ մասնագիտական այցը։ Այցի շրջանակում պատվիրակության բժիշկները Ուիգմորի բուժանձնակազմի հետ միասին կաշխատեն համապատասխան բաժանմունքներում՝ փորձի ու գիտելիքի փոխանակում և բուժառուների համատեղ բուժօգնություն կազմակերպելով: Պատվիրակության կազմում են՝ Քերըն Դալը, բժշկական հարցերով փոխնախագահ, Սեզար Սանթոսը, մանկական նյարդաբանության ղեկավար, Փոլ Լեբբին, նյարդահոգեբանության ղեկավար, Ջուլիաննա Սահուրիան, մանկական անհետաձգելի բուժօգնության բժիշկ, Լորի Գրասսմայերը, շնչառական թերապիայի ծառայության ղեկավար, Ռոբ Սարոյանը, Valley Children’s Healthcare հիմնադրամի նախագահ: Մասնագիտական այցի կարևոր մաս է կազմում նաև ակտիվ կրթական օրակարգը․ այս տարի հատկանշական է ՇՄԶ կրեդիտավորված մանկաբուժական գիտաժողովը՝ «Կիսելով Valley Children’s-ի փորձն ու գիտելիքը», որը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին ԱՄՆ գործընկերների ներկայացմամբ։ Valley Children’s Healthcare-ի և «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի համագործակցությունը սկսվել է 2023 թվականին, երկկողմ հուշագրի ստորագրմամբ՝ ուղղված Հայաստանում մանկաբուժական առողջապահության զարգացմանը: Համագործակցության մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
15 Օգոստոս
Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտություններ
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը («Ուիգմոր գրուփ» ՓԲԸ) ընդգրկվել է պետության կողմից ֆինանսավորվող կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտություններ իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկում:Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային հետազոտության թիրախային խմբերն են` 1) պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող` բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված 45-68 տարեկան կանայք։ 2) սոցիալական փաթեթի շահառու 45-68 տարեկան կանայք: Թիրախային խմբերում ընդգրկված կանանց համար սքրինինգային մամոգրաֆիա անցնելու բացառություններ են համարվում․ 1) Հղիությունը և կրծքով կերակրող կանայք։ 2) 12 ամսից պակաս ժամանակահատվածում ախտորոշիչ մամոգրաֆիա անցած կանայք։ 3) Կրծքագեղձի քաղցկեղի որոշակի սիմպտոմներով, կամ ակնհայտ նշաններով կանայք (ցուցված է ախտորոշիչ մամոգրաֆիա)։ 4) Ախտորոշված կրծքագեղձի քաղցկեղով կանայք, որոնց բուժումից չի անցել առնվազն 5 տարի:
13 Օգոստոս
Մանկաբուժությունը գործնականում․ կիսելով Valley Children’s-ի փորձն ու գիտելիքը» ՇՄԶ կրեդիտավորված գիտաժողով
Սեպտեմբերի 6-ին տեղի կունենա «Մանկաբուժությունը գործնականում․ կիսելով Valley Children’s-ի փորձն ու գիտելիքը» ՇՄԶ կրեդիտավորված գիտաժողովը։  Հանդիպմանը դասախոսություններ կկարդան ԱՄՆ հեղինակավոր Valley Children's healthcare մանկական հիվանդանոցի բժիշկները։Կներկայացվեն հետևյալ իրավիճակային խնդիրները՝ Ցնցումներ և մանկական էպիլեպսիա,Ուղեղի ցնցման և գլխի թեթև վնասվածքների կլինիկական վարումը մանկաբույժի կողմից,Մանկական թունավորումներ․ հայտնաբերում և կլինիկական վարում,Ինհալացիոն թերապիա մանկաբուժությունում․ ցուցումներ, սարքեր և կիրառման տեխնիկա,Հակաբիոտիկների արդյունավետ կիրառումը առաջնային օղակում․ առավել հաճախ հանդիպող վարակների դեպքում կիրառվող մոտեցումները։ Դասընթացը նախատեսված է մանկաբույժների և ընտանեկան բժիշկների համար։ Գիտաժողովը տեղի կունենա «Դաունթաուն» սրահում (հասցե՝ Ադմիրալ Իսակովի փ․11)։ Գիտաժողովի լեզուն՝ անգլերեն, հայերենի համաժամանակյա թարգմանությամբ։ Մասնակցելու համար հարկ է նախապես գրանցվել կից հղումով։
08 Օգոստոս
ՈՒՐՈԴԻՆԱՄԻԿ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
Ուրոդինամիկան հետազոտությունների համախումբ է, որը հնարավորություն է տալիս գնահատել միզապարկի ֆունկցիոնալ վիճակը։ Ցիստոմետրիան հիմնական հետազոտությունն է, որի միջոցով հնարավոր է գնահատել միզապարկի՝ հավաքված մեզը պահելու և արտամղելու կարողությունը։ Հետազոտության միջոցով կարելի է պարզել անմիզապահության առկայությունը կամ միզապարկի ոչ լիարժեք դատարկումը։ Ուրոդինամիկ հետազոտությունը կատարվում է, երբ կան միզարձակման հետ կապված խնդիրներ, մասնավորապես՝ անմիզապահություն։ Անմիզապահությունը կարող է անհանգստացնել ցանկացած տարիքի կնոջ․ երիտասարդների մոտ այն դիտվում է հղիությունից, ծննդաբերությունից հետո, իսկ հասուն տարիքի կանանց շրջանում խնդիրն առաջանում կամ բարդանում է դաշտանադադարի շրջանում։ Հիմնական գանգատները` • հազալիս, փռշտալիս, ծիծաղելիս, թեթև ֆիզիկական ծանրաբեռնվածության ընթացքում դիտվող անմիզապահություն,• դժվարամիզություն, • գիշերները միզելու ցանկություն, • հաճախամիզություն կամ անմիզապահություն միզելու անզուսպ ցանկության դեպքում, • միզուղիների կրկնվող բորբոքումներ։ Հետազոտության միջոցով ախտորոշվում է խնդրի առկայությունը և նշանակվում է համապատասխան բուժում։ Անմիզապահություն ունեցող ոչ բոլոր կանայք ունեն ուրոդինամիկ հետազոտության կարիք։ Եթե դեղորայքային բուժումը, հեղուկների քանակի քչացումը և կոնքի մկանների մարզման վարժություններն արդյունավետ չեն, ապա պետք է կատարել ուրոդինամիկա։ Հետազոտությունից առաջ հատուկ սննդակարգ պահպանելու կամ սոված ներկայանալու կարիք չկա։ Միզապարկը պետք է դատարկել հետազոտությունից 1 ժամ առաջ։                • Առաջին հատվածը ուրոֆլոումետրիան է, որի ընթացքում կինը միզում է հատուկ տարայի մեջ։ Այդ ընթացքում սարքը գնահատում է, թե արդյո՞ք միզելու ընթացքում միզապարկը լիարժեք դատարկվում է, միզարձակումը ընդհատումներով է, թե՞ անընդհատ:                • Երկրորդը ցիստոմետրիան է, որի ընթացքում տեղադրվում են երկու տարբեր կաթետերներ, մեկը՝ միզապարկում, մյուսը՝ հեշտոցում (եթե արտահայտված իջեցումներ չկան)։ Արտահայտված իջեցումների դեպքում կաթետերը դրվում է հետանցքում. նպատակը ներմիզապարկային և ներորովայնային ճնշումների ապահովումն է։                                                                                                                             Գործողության ավարտից հետո՝ կաթետերները դրված վիճակում, կինը կրկին միզում է չափիչ տարայի մեջ, ապա կաթետերները հանվում են։ Հետազոտությունը տևում է մոտ 30 րոպե, անցավ է և կատարվում է առանց ցավազրկման։ Կինը կարող է միայն որոշակի անհանգստություն ունենալ։ Հետազոտության պատասխանը պատրաստ է լինում նույն պահին, հետևաբար բժիշկը կարող է դրա հիման վրա անմիջապես բուժում նշանակել։ Հետազոտությունից հետո մեկ-երկու օր կինը կարող է միզելիս որոշ անհանգտություն ունենալ։ Բակտերիաների ներթափանցումը կանխելու նպատակով հետազոտությանը հաջորդող 2 օրերի ընթացքում պետք է մեծացնել ընդունվող հեղուկի քանակը։ Շարունակվող գանգատների դեպքում պետք է դիմել բժշկի։ Անգամ խիստ ստերիլ պայմաններում իրականացված հետազոտության դեպքում կարող է միզուղիների բորբոքում առաջանալ։ Նման դեպքերում բժիշկը կարող է միզուղիների բորբոքման բուժում նշանակել։ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի ուրոգինեկոլոգիական և գինեկոլոգիական ծառայությանը կարող եք ծանոթանալ հղմամբ։
07 Օգոստոս
ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
Նորածնին կրծքով կերակրեք ըստ պահանջի, սովորաբար 2-3 ժամը մեկ, թե՛ գիշերը, թե՛ ցերեկը։Կերակրման հաճախականությունը տատանվում է․ փոքրիկն օրվա ընթացքում կարող է 8-12 անգամ կուրծք ուտել։ Կարիք չկա սպասել, որ փոքրիկը լացով ուտել պահանջի։ Կան սովի դրսևորման այլ, անուղղակի նշաններ․ օր․՝ սոված երեխան ձեռքերը բերանն է տանում, բերանով և լեզվով ծծելու շարժումներ է անում, ասես կուրծք է ուտում։ Ճիչը և լացը սնունդ պահանջելու վերջին, հուսահատ ճիգերն են։ Դրանք կարող են ավարտվել կրծքից հրաժարվելով՝ «խռովելով»։ Յուրաքանչյուր կերակրման տևողությունը պետք է 15-20 րոպեից ոչ պակաս լինի, որպեսզի երեխան կարողանա ստանալ կրծքի կաթի առավել յուղոտ, հետին կաթը և հագենա։ Թույլ տվեք, որ երեխան ինքն ավարտի կերակրումը։ Երբեմն նա կուրծքը թողնում է, մի փոքր հանգստանում, ապա շարունակում է ուտել։ Եթե մի կրծքի կաթը բավարար չէ երեխային հագեցնելու համար, առաջարկեք մյուս կուրծքը։ Կրծքով կերակրվող երեխան լրացուցիչ հեղուկի՝ ջրի, սամիթի եփուկի, թեյի, հյութերի կարիք չունի (նույնիսկ շոգ եղանակին)։ Մինչև 1 ամսականը մի՛ օգտագործեք ծծակներ։ Կերակրման միջև ընդմիջումը կարող է 1-3 ժամ լինել։ Մայրական կաթը դյուրամարս է, ստամոքսը կարող է արագ դատարկվել և կերակրումից մեկ ժամ անց երեխան կարող է կրկին ուտելու ցանկություն ունենալ։ Մի փոքր մեծանալով՝ մանկիկն ինքն է սահմանում ուտելու իր անհատական ռեժիմը։Կերակրող մայրիկը հիմնականում կարող է ուտել ամեն ինչ, չկա որևէ սահմանափակում: Սննդակարգը պետք է ներառի բազմազան սնունդ, որպեսզի կարողանա լրացնել կալորիաների, վիտամինների ու մակրո-միկրո էլեմենտների պահանջը, որոնց կարիքը ունի թե՛ նոր ծննդաբերած մոր օրգանիզմը, թե՛ երեխայի օրգանիզմը:
01 Օգոստոս
5 փաստ կրծքով կերակրման մասին
Երկարատև կրծքով կերակրումը նվազեցնում է այս տեսակի քաղցկեղի զարգացման հավանականությունը՝ նվազեցնելով էստրոգենի ազդեցությունը հյուսվածքների վրա:Կերակրման ժամանակ արտադրվում է օքսիտոցին հորմոնը, որը նպաստում է արգանդի կրճատմանը և նվազեցնում հետծննդյան արյունահոսությունը:Լակտացիայի ժամանակ կալցիումի մետաբոլիզմը ակտիվանում է, ու թեև այն ժամանակավորապես որոշ քանակությամբ դուրս է գալիս ոսկրերից, սակայն կերակրման ավարտից հետո նրա պաշարները համալրվում են, ինչը ամրացնում է ոսկորները։Կրծքով կերակրումը նպաստում է օքսիտոցին և պրոլակտին հորմոնների կանոնավոր ձերբազատմանը, ամրապնդելով մոր և նորածնի հոգեէմոցիոնալ կապը և կանխելով հետծննդյան դեպրեսիան:Կրծքով կերակրումը արագացնում է կնոջ նյութափոխանակությունը և օգնում ավելի արագ վերադառնալ նախածննդյան կառուցվածքին:
29 Հուլիս
Ինչպե՞ս վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը։
Կրծքագեղձի քաղցկեղը կանանց մոտ չարորակ նորագոյացությունների խմբում զբաղեցնում է առաջին տեղը։ Սակայն կրծքագեղձի քաղցկեղը դատավճիռ չէ, այն ընդամենը ախտորոշում է, մասնավորապես եթե վաղ փուլում է հայտնաբերվում։Կրծքագեղձի քաղցկեղն ունի հիվանդության նախակլինիկական շրջան և, վաղ փուլերում հայտնաբերման պարագայում, բուժումը շատ արդյունավետ է։ Ռիսկի գործոններն են․ Ժառանգական նախատրամադրվածությունը, Վաղաժամ կամ ուշացած դաշտանադադարը, Կրծքով չկերակրելը, Ճարպակալումը, Ֆիզիկական ակտիվության սահմանափակումը, Ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը։ Կանխարգելիչ հետազոտությունների նպատակը կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումը և բուժումն է։ Կարևոր է յուրացնել կրծքագեղձի ինքնազննման հմտությունը։ Ինքնազննումը կատարվում է ամիսը մեկ անգամ և կարող է օգնել հայտնաբերել հիվանդության ամենավաղ դրսևորումները։ 25 տարեկանից սկսած խորհուրդ է տրվում պարբերաբար իրականացնել կրծքագեղձերի սոնոգրաֆիկ հետազոտություն։ 30 տարեկանում, մասնագետի հետ խորհրդակցելով, կարելի է գնահատել քաղցկեղի առաջացման ռիսկը։ Ի դեպ, կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի 85% պայմանավորված չէ ժառանգականությամբ։  40 տարեկանից սկսած քաղցկեղի վաղ հայտնաբերման ամենաարդյունավետ եղանակը տարին մեկ անգամ մամոգրաֆիկ հետազոտություն իրականացնելն է։ Այս կանխարգելիչ հետազոտության շնորհիվ կրծքագեղձի քաղցկեղով պայմանավորված մահացության ցուցանիշը կարող է իջնել 40%-ով։ Ստորև ներկայացված նշանների դեպքում կինը պետք է անհապաղ դիմի մասնագետի՝ չսպասելով կանխարգելիչ հետազոտության համար նախանշված ժամկետին։ Դրանք են՝ Շոշափվող գոյացություն կրծքագեղձում, Մաշկի ներքաշվածություն, Դաշտանային ցիկլով չպայմանավորված ցավ մի կրծքագեղձում, Կրծքագեղձի մաշկի կարմրություն, Պտուկից արյունային արտադրություն, Պտուկի ներքաշվածություն կամ վերքային մակերեսի առաջացում, Կրծքագեղձի մաշկի փոփոխություն՝ նմանվող լիմոնի կեղևի։ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մամոլոգիական ծառայությանը կարող եք ծանոթանալ հղմամբ:
28 Հուլիս
Ի՞նչ է մամոգրաֆիան։
Մամոգրաֆիան կրծքագեղձի հետազոտումն է ռենտգենյան ճառագայթների օգնությամբ։ Այն կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման ոսկե ստանդարտն է։ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում տեղադրված է նոր սերնդի մամոգրաֆիկ սարք։Ճառագայթման նվազագույն ինդեքս, Բարձրորակ և գերճշգրիտ պատկերներ՝ եռաչափ շերտավոր նկարի շնորհիվ, Հետազոտությունը գրեթե անցավ է/կրծքագեղձն ավելի քիչ է սեղմվում, Հետազոտությունն արագ է, տևում է ընդամենը 5-10 րոպե, Պատասխանը տրվում է նույն օրը, 10 րոպեի ընթացքում։ Կասկածելի գոյացություն հայտնաբերելու դեպքում մեր մասնագետներն անմիջապես խորհրդատվություն են տրամադրում և միջամտությունների պլան առաջարկում։ Ցանկալի է մամոգրաֆիա անցնել դաշտանից մեկ շաբաթ անց, երբ կրծքագեղձերը այտուցված և գերզգայուն չեն։ Խորհուրդ է տրվում կրել երկու կտորից բաղկացած հագուստ, այդպես հարմար կլինի կրծքագեղձը մերկացնել։ Ցանկալի չէ մամոգրաֆիայից առաջ հակաքրտինքային միջոցներ, օծանելիք և/կամ այլ խնամքի յուղեր օգտագործել․ դրանք կարող են խաթարել մամոգրաֆիկ պատկերի հստակությունը։«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մամոլոգիական ծառայությանը կարող եք ծանոթանալ հղմամբ:
18 Հուլիս
«Ուիգմոր»-ն ու ԱԱԻ-ն հայտարարում են կլինիկական օրդինատուրայի ընդունելություն
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի, 2025 — «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը և Առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ)՝ ընդհանուր մանկաբուժության և մանկական նեղ մասնագիտությունների ամբիոնը հայտարարում են կլինիկական օրդինատուրայի ընդունելության մեկնարկը։ Փաստաթղթերի ընդունումը մեկնարկում է ս․թ․հուլիսի 21-ից – օգոստոսի 25-ը ներառյալ՝ Առողջապահության ազգային ինստիտուտում։ Ուսուցումն իրականացվում է ԱԱԻ կլինիկական բազա հանդիսացող «Ուիգմոր» հիվանդանոցում՝ հիմնվելով միջազգային կրթական չափանիշների և օրդինատորների կլինիկական՝ ամբողջական ներգրավվածության մոդելի վրա, աշխարհի առաջատար բուժհաստատությունների օրինակով։ «Ուիգմոր» հիվանդանոցը 2023 թ․-ից իրականացնում է մանկաբույժների նոր սերունդ կրթելու իր առաքելությունը՝ որպես Առողջապահության ազգային ինստիտուտի ընդհանուր մանկաբուժության և մանկական նեղ մասնագիտությունների ամբիոնի կլինիկական բազա․ սա եզակի հնարավորություն է կլինիկական օրդինատորների համար անցնելու արևմտյան «ռեզիդենտուրայի» մոդելին համապատասխան ուսումնառություն, - պատմում է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի բուժական գծով փոխտնօրեն, մանկաբույժ, կլինիկական օրդինատուրայի ղեկավար՝ Հրաչուհի Ղազարյանը։ «Ամբիոնը վերակառուցվել է 2024 թվականին՝ ստանալով նոր անվանում և կրթական բովանդակություն․ ծրագիրն ընդգրկում է ինչպես ընդհանուր մանկաբուժություն, այնպես էլ մի շարք նեղ մասնագիտություններ՝ ներառյալ նեոնատոլոգիա, մանկական օրթոպեդիա, վիրաբուժություն, մաշկաբանություն, ուրոլոգիա, անեսթեզիոլոգիա և վերակենդանացում։ Այս տարի մեկնարկում ենք նաև գաստրոէնտերոլոգիան»։ Ըստ Հ․ Ղազարյանի, «Ուիգմոր»-ում կլինիկական օրդինատուրան անցնում է աշխարհի առաջատար բժշկական հաստատությունների օրինակով՝ միջազգային չափանիշներին և մոտեցումներին համապատասխան։ Կլինիկական օրդինատորները ուսուցում ու գործնական գիտելիքներ են ստանում` ներգրավվելով հիվանդանոցի բոլոր կլինիկական գործընթացների մեջ՝ բուժառուների զննում, մասնակցություն հիվանդանոցային աշխատանքին, դեպքերի մասնագիտական քննարկումներով և աշխատարաններով։ «Ուսումնական գործընթացում ներգրավված են նաև արտասահմանյան մենթորները, տարբեր երկրների մեր գործընկերները, ովքեր Հայաստան են այցելում՝ մեր օրդինատորների պրակտիկ կարողությունները զարգացնելու նպատակով», - նշում է Հ․Ղազարյանը։ «Կլինիկական օրդինատորները ակտիվ մասնակցում են տեղական և միջազգային կոնֆերանսներին և գիտաժողովներին։ Օրինակ, 2025 թ.-ին հաջող մասնակցություն ունեցանք Ռումինիայում տեղի ունեցած Եվրոպական մանկական վարակային հիվանդությունների ասոցիացիայի տարեկան կոնգրեսին (ESPID 2025)` ներկայացնելով կլինիկական դեպքեր/պոստերներ։ Ունենք նաև ընդունված պոստերներ և հաստաված բանավոր զեկույց՝ Մանկաբուժական ասոցիացիաների Եվրոպական ակադեմիայի կոնգրեսին (EAPS 2025), որը տեղի է ունենալու հոկտեմբերին, Պորտուգալիայում․ այս ամենը ներկայացնելու են մեր ռեզիդենտները», - պատմում է Հ․Ղազարյանը։«Ուիգմոր»-ում նշում են, որ կլինիկական օրդինատուրայի կարևոր առանձնահատկություններից է նաև ռեզիդենտի կողմից կատարվող աշխատանքի ֆինանսական փոխհատուցումը՝ տարբեր մոդելներով․ ռեզիդենտը կարող է ստանալ ուսումնական վարձի ամբողջական փոխհատուցում կամ, օրինակ, վճարվել կատարած հերթապահությունների համար, ստանալ դրամաշնորհ՝ կոնֆերանսների մասնակցության նպատակով։ «Կլինիկական օրդինատուրայի մեր ջանքերի նպատակն է՝ նախապատրաստել կադրեր, ովքեր մրցունակ կլինեն միջազգային բժշկական համայնքում, կունենան համարժեք գիտելիքներ և հմտություններ», - ընգծում է Հ․Ղազարյանը։
17 Հուլիս
Ի՞նչ է ձեռքի վիրաբուժությունը
Ձեռքի վիրաբուժությունը բժշկության մասնագիտացված առանձին ճյուղ է, որը կենտրոնացած է մատների, դաստակի և նախաբազկի տարբեր հիվանդությունների, խանգարումների և վիճակների ախտորոշման, բուժման և վերականգնման վրա։ Ձեռքի վիրաբուժությունը համատեղում է օրթոպեդիկ, պլաստիկ և միկրովիրաբուժության տեխնիկաները՝ ձեռքի գործառույթը վերականգնելու, ցավը նվազեցնելու և էսթետիկ տեսքը բարելավելու համար։ Ձեռքի վիրաբույժների կողմից հաճախ լուծվող խնդիրները ներառում են՝ Մատների և դաստակի կոտրվածքներ, հոդախախտեր և վերքեր; Ջլերի վնասվածքներ (ծալիչ և տարածիչ ջլեր); Նյարդային սեղմումներ/կոմպրեսիաներ (օրինակ՝ դաստակային՝ նույն ինքը կարպալ թունելի համախտանիշ); Դեգեներատիվ հիվանդություններ, ինչպիսիք են արթրիտը, արթրոզը; Այրվածքներ, ցրտահարություն և տրավմատիկ վնասվածքներ; Բնածին արատներ և դեֆորմացիաներ; Վերականգնողական միջամտություններ՝ տարբեր մանրմնամասերի վերապատվաստում, օրինակ՝ մատերի ռեպլանտացիա։ Քանի որ ձեռքը աներևակայելիորեն բարդ և նուրբ կառուցվածք ունի՝ պատասխանատու բազմազան շարժողական ֆունկցիաների, զգայունության, աշխարհընկալման և ճարպկության համար, ձեռքի վիրաբուժությունը պահանջում է բարձր ճշգրտություն և փորձառություն։ Այս ոլորտի վիրաբույժները հաճախ անցնում են լրացուցիչ վերապատրաստումներ տարբեր ոլորտներում՝ հիվանդների համար օպտիմալ արդյունքներ ապահովելու նպատակով։ Ձեռքի վիրաբուժությունը կարևոր դեր ունի բուժառուների կյանքի որակի բարելավման գործում, հատկապես վնասվածքներից հետո, հաշմանդամության և/կամ քրոնիկ ցավի դեպքերում։

1

2

3