Մադերա (Կալիֆորնիա) – Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը և ԱՄՆ լավագույն մանկական բուժհաստատություններից մեկը՝ Valley Children’s Healthcare-ը հայտարարել են իրենց համագործակցության մասին․ շարունակական գործակցության համաձայնագրի նպատակն է միջազգային ստանդարտներ ներդնել Հայաստանի մանկաբուժական առողջապահության ոլորտում։
Հուշագիրը ենթադրում է հայ և ամերիկացի բժիշկների շարունակական երկուստեք փորձի փոխանակում, բուժքույրական կրթություն և վերապատրաստում, որակի և հիվանդների անվտանգության արձանագրությունների մշակում, ինչպես նաև օրդինատուրայի ծրագրերի և համատեղ հետազոտական ջանքերի շուրջ համագործակցություն:
«Ուիգմորի և ընդհանրապես Հայաստանի մանկաբուժական ոլորտի համար պատմական այս հուշագիրը նոր նշաձող է սահմանում բոլորիս համար», – նշում է Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի տնօրեն բժիշկ Զավեն Քոլոյանը։ Ըստ նրա խոսքերի՝ Ուիգմորն ու Valley Children’s-ը միավորում են միևնույն տեսլականն ու արժեքները, որոնց հիմքում է համապարփակ, մատչելի և բարձրորակ առողջապահական ծառայություններ մատուցելու մշակույթը։
«Միացյալ Նահանգների առաջատար առողջապահական հաստատության հետ համագործակցության այս հուշագրի կնքումը վերահաստատում է Ուիգմորի առաքելությունը՝ վերափոխել մանկական առողջապահությունը, համակարգային փոփոխություններ բերել Հայաստանի առողջապահական ոլորտ՝ սահմանելով որակի և խնամքի միջազգային չափանիշներ», - նշում է Զավեն Քոլոյանը։
Իր հերթին, Valley Children’s Healthcare-ի նախագահ և գործադիր տնօրեն Թոդ Սունտրապակը իր երախտագիտությունն է հայտնում Ուիգմորի թիմին համագործակցությունը հաստատելու համար։
«Համագործակցության հուշագրի ստորագրումը մեր հարգանքի տուրքն է երկու բուժհաստատության ընդհանուր արժեքների՝ գործնական դաշտում արտահայտմանը․ ԱՄՆ մանկական բուժօգնության փորձառությունը, Valley Children’s-ի 70-ամյա փորձն ու ժառանգությունը հայ մասնագետների հետ կիսելու հնարավորությունը, ինչպես նաև նման համագործակցության պրակտիկ չափելիությունը մեզ համար կարևոր ու անգնահատելի են», – նշել է Թոդ Սունտրապակը։
Ավելի վաղ, Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի բժիշկների արդեն երկրորդ խումբը մեկնել էր Valley Children's մասնագիտական փորձի փոխանակման մանկաբուժության, մանկական վիրաբուժության և ռադիոլոգիայի ոլորտներում:
***
Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը, ՀՀ, Երևանում տեղակայված 220 մահճակալներով հագեցած առողջապահական հաստատություն է, որի աշխատանքի հիմքում երեխաների և կանանց համապարփակ, մատչելի և բարձրորակ առողջապահական ծառայություններ մատուցելու մշակույթն է։ Ընդունելով ընտանիքներ հանրապետության ողջ տարածքից՝ Ուիգմորը տրամադրում է միջազգային ճափանիշներին համապատասխան ընդհանուր մանկաբուժական, նեղ մասնագիտացված մանկաբուժական, ինչպես նաև կանանց առողջապահական ծառայությունների լայն շրջանակ:
Ուիգմորի առաքելությունն է նպաստել Հայաստանի առողջապահական ոլորտի համակարգային փոփոխություններին, վերափոխելով մանկական առողջապահությունը, սահմանել որակի և խնամքի միջազգային չափանիշներ՝ դառնալով Հայաստանի Հանրապետության առողջապահական ոլորտի անփոխարինելի հիմնաքարերից:
ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի հուլիսի 6-ի թիվ 3350-Ա որոշման համաձայն՝ Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցն արժանացել է մանկական խնամքի երրորդ բարձրագույն աստիճանի։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.wigmore.am կայք։
***
Valley Children’s Healthcare ԱՄՆ կենտրոնական Կալիֆորնիայի մանկական առողջապահական բարձրորակ և համապարփակ խնամքի ծառայությունների մատակարար է։ Հիվանդանոցն ապահովում է մասնագիտացված բժշկական և վիրաբուժական ծառայություններ, ունի 358 մահճակալ կարողություն:
Valley Children’s Healthcare-ն իր տարածաշրջանի առաջին բուժ. հաստատությունն է, որ ստացել է Magnet Nursing՝ աշխարհի ամենաբարձր բուժքույրական հենանիշը։
2023թ. Valley Children’s-ը ԱՄՆ-ի խոշորագույն՝ U.S. News and World Report մեդիա ընկերության կողմից հերթական անգամ ճանաչվել է որպես երկրի լավագույն մանկական հիվանդանոցներից մեկը՝ մանկաբուժական յոթ մասնագիտություններով:
Իր 3500 աշխատակիցներով Valley Children’s-ը բարձրորակ, համապարփակ խնամք է տրամադրում կենտրոնական Կալիֆորնիայի ավելի քան 1,3 միլիոն երեխաների։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.valleychildrens.org:









