Ուիգմոր Ընտանիքի Առողջության Կենտրոն
Մեծահասակների պատվաստումներ
21 Հուլիս

Պատվաստումները կարևոր է կատարել ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին ամբողջ կյանքի ընթացքում։ 

Ներկայացնում ենք ձեզ մեծահասակների պատվաստման վերաբերյալ տարածված հարցերը և պատասխանները։

Ո՞ր հիվանդություններից կարող են պաշտպանվել մեծահասակները պատվաստումների միջոցով

Բացի գրիպի պատվաստումից, որը խորհուրդ է տրվում կատարել ամեն տարի աշնանը, մեծահասակների համար շատ կարևոր է ստանալ նաև փայտացման, դիֆթերիայի դեմ պատվաստումները (10 տարին մեկ), ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հեպատիտ Բ-ի, կարմրուկի, կարմրախտի, խոզուկի, պնևմակոկային վարակի և այլ կանխարգելվող հիվանդությունների դեմ պատվաստումներ։

Արդյո՞ք կարելի է պատվաստվել քրոնիկ հիվանդությունների դեպքում

Շատ քրոնիկ հիվանդությունների դեպքում (շաքարային դիաբետ, սրտի, թոքերի, լյարդի հիվանդություններ, ասթմա և այլն) պատվաստումներով կանխարգելվող վարակների ծանր բարդությունների ռիսկը ավելի բարձր է, ուստի քրոնիկ հիվանդությունների առկայության դեպքում էլ ավելի է կարևորվում կանխարգելիչ պատվաստումների ժամանակին կատարելը։

Ավելին, փայծաղի բացակայության, արյան որոշ հիվանդությունների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և մի շարք այլ վիճակների դեպքում պարտադիր է կատարել լրացուցիչ պատվաստումներ՝ ծանր բարդություններից պաշտպանվելու համար։

Արդյո՞ք կարելի է պատվաստվել հղիության ընթացքում

Հղիության ընթացքում առավել կարևոր է լինել պաշտպանված, ինչպես նաև ապահովել պտղին և նորածնին պաշտպանիչ հակամարմիններով։

Հղիության ընթացքում կատարվող կարևոր պատվաստումներից են գրիպի, փայտացման, դիֆթերիայի և կապույտ հազի պատվաստումները, քանի որ նշված վարակները առավել ծանր են ընթանում հղի կանանց շրջանում, ինչպես նաև վտանգավոր են պտղի և նորածնի համար։

Որոշ պատվաստումներ հակացուցված են հղիության ընթացքում (օր․, կարմրուկ, կարմրախտ, խոզուկի դեմ պատվաստումները), սակայն ցուցման դեպքում դրանք կարելի է կատարել պլանավորվող հղիությունից 1 ամիս առաջ։

Մեծահասակների պատվաստումները առողջ ապրելակերպի կարևորագույն բաղադրիչներից են։