Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց
ԱՐԴՅՈ՞Ք ՁՄՌԱՆԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՎԻՏԱՄԻՆ D Է ԱՆՀՐԱԺԵՇՏ
ԱՐԴՅՈ՞Ք ՁՄՌԱՆԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՎԻՏԱՄԻՆ D Է ԱՆՀՐԱԺԵՇՏ
10 Դեկտեմբեր

Հարցը մեկնաբանում է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի բուժական գծով փոխտնօրեն, մանկաբույժ Հրաչուհի Ղազարյանը:

 Վիտամին D-ի պակասի կանխարգելումը հաճախ մեզ մտահոգում է հենց ձմեռային սեզոնին․ սակայն պետք է նշել, որ այս խնդիրը միայն սեզոն-կախյալ չէ։
 
Կան տարիքներ և իրավիճակներ, երբ կանխարգելիչ վիտամին D պետք է տրվի անկախ սեզոնից։


Օրինակ՝
 Կրծքահասակ երեխաները մինչև մեկ տարեկան պետք է ստանան օրական 400-500 միավոր վիտամին D․ սա վիտամին D-ի պակասի և ռախիտի կանխարգելման հիմնական գործողությունն է կրծքահասակ երեխաների շրջանում։
Հաջորդ տարիքային խումբը, երբ կանխարգելիչ վիտամին D է ցուցված, կրկին անկախ սեզոնից՝ դա դեռահասներն են, և այս տարիքային խմբում խորհուրդ է տրվում ընդունել օրական 600 միավոր վիտամին D։  

վիտամին D-ի կանխարգելիչ նշանակում նաև կարող է պահանջվել հատուկ իրավիճակներում, օրինակ․
  
եթե կա ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություն, կամ որևէ թերներծծում, երբ հիվանդությամբ պայմանավորված աղիներից սննդանյութերը չեն ներծծվում։
  
եթե կան այնպիսի քրոնիկ հիվանդություններ, երբ վիտամին D-ի և կալցիումի ներծծումը արգելակող այլ դեղեր ենք նշանակում, այդ դեպքում բժիշկը ևս ցուցելու է վիտամին D-ի ընդունում։
 
եթե երեխան ունի խիստ ընտրողական սննդակարգ, սննդակարգում բացառված են կալցիում և վիտամին D պարունակող սննդատեսակները, ինչպիսիք են ձուն, ձուկը և կաթնամթերքը:
Վերոնշյալ ցանկացած իրավիճակում կամ կասկածի դեպքում պարտադիր անհրաժեշտ է խորհրդակցել մանկաբույժի հետ։
 
Առողջ եղեք: