Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց
Նորություններ
Նորություններ
03 Նոյեմբեր 2023
Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը միջազգային նշաձող է սահմանում Հայաստանի մանկաբուժական ոլորտում
Մադերա (Կալիֆորնիա) – Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը և ԱՄՆ լավագույն մանկական բուժհաստատություններից մեկը՝ Valley Children’s Healthcare-ը հայտարարել են իրենց համագործակցության մասին․ շարունակական գործակցության համաձայնագրի նպատակն է միջազգային ստանդարտներ ներդնել Հայաստանի մանկաբուժական առողջապահության ոլորտում։
Հուշագիրը ենթադրում է հայ և ամերիկացի բժիշկների շարունակական երկուստեք փորձի փոխանակում, բուժքույրական կրթություն և վերապատրաստում, որակի և հիվանդների անվտանգության արձանագրությունների մշակում, ինչպես նաև օրդինատուրայի ծրագրերի և համատեղ հետազոտական ջանքերի շուրջ համագործակցություն:
«Ուիգմորի և ընդհանրապես Հայաստանի մանկաբուժական ոլորտի համար պատմական այս հուշագիրը նոր նշաձող է սահմանում բոլորիս համար», – նշում է Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի տնօրեն բժիշկ Զավեն Քոլոյանը։ Ըստ նրա խոսքերի՝ Ուիգմորն ու Valley Children’s-ը միավորում են միևնույն տեսլականն ու արժեքները, որոնց հիմքում է համապարփակ, մատչելի և բարձրորակ առողջապահական ծառայություններ մատուցելու մշակույթը։
«Միացյալ Նահանգների առաջատար առողջապահական հաստատության հետ համագործակցության այս հուշագրի կնքումը վերահաստատում է Ուիգմորի առաքելությունը՝ վերափոխել մանկական առողջապահությունը, համակարգային փոփոխություններ բերել Հայաստանի առողջապահական ոլորտ՝ սահմանելով որակի և խնամքի միջազգային չափանիշներ», - նշում է Զավեն Քոլոյանը։
Իր հերթին, Valley Children’s Healthcare-ի նախագահ և գործադիր տնօրեն Թոդ Սունտրապակը իր երախտագիտությունն է հայտնում Ուիգմորի թիմին համագործակցությունը հաստատելու համար։
«Համագործակցության հուշագրի ստորագրումը մեր հարգանքի տուրքն է երկու բուժհաստատության ընդհանուր արժեքների՝ գործնական դաշտում արտահայտմանը․ ԱՄՆ մանկական բուժօգնության փորձառությունը, Valley Children’s-ի 70-ամյա փորձն ու ժառանգությունը հայ մասնագետների հետ կիսելու հնարավորությունը, ինչպես նաև նման համագործակցության պրակտիկ չափելիությունը մեզ համար կարևոր ու անգնահատելի են», – նշել է Թոդ Սունտրապակը։
Ավելի վաղ, Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի բժիշկների արդեն երկրորդ խումբը մեկնել էր Valley Children's մասնագիտական փորձի փոխանակման մանկաբուժության, մանկական վիրաբուժության և ռադիոլոգիայի ոլորտներում:
***
Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը, ՀՀ, Երևանում տեղակայված 220 մահճակալներով հագեցած առողջապահական հաստատություն է, որի աշխատանքի հիմքում երեխաների և կանանց համապարփակ, մատչելի և բարձրորակ առողջապահական ծառայություններ մատուցելու մշակույթն է։ Ընդունելով ընտանիքներ հանրապետության ողջ տարածքից՝ Ուիգմորը տրամադրում է միջազգային ճափանիշներին համապատասխան ընդհանուր մանկաբուժական, նեղ մասնագիտացված մանկաբուժական, ինչպես նաև կանանց առողջապահական ծառայությունների լայն շրջանակ:
Ուիգմորի առաքելությունն է նպաստել Հայաստանի առողջապահական ոլորտի համակարգային փոփոխություններին, վերափոխելով մանկական առողջապահությունը, սահմանել որակի և խնամքի միջազգային չափանիշներ՝ դառնալով Հայաստանի Հանրապետության առողջապահական ոլորտի անփոխարինելի հիմնաքարերից:
ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի հուլիսի 6-ի թիվ 3350-Ա որոշման համաձայն՝ Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցն արժանացել է մանկական խնամքի երրորդ բարձրագույն աստիճանի։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.wigmore.am կայք։
***
Valley Children’s Healthcare ԱՄՆ կենտրոնական Կալիֆորնիայի մանկական առողջապահական բարձրորակ և համապարփակ խնամքի ծառայությունների մատակարար է։ Հիվանդանոցն ապահովում է մասնագիտացված բժշկական և վիրաբուժական ծառայություններ, ունի 358 մահճակալ կարողություն:
Valley Children’s Healthcare-ն իր տարածաշրջանի առաջին բուժ. հաստատությունն է, որ ստացել է Magnet Nursing՝ աշխարհի ամենաբարձր բուժքույրական հենանիշը։
2023թ. Valley Children’s-ը ԱՄՆ-ի խոշորագույն՝ U.S. News and World Report մեդիա ընկերության կողմից հերթական անգամ ճանաչվել է որպես երկրի լավագույն մանկական հիվանդանոցներից մեկը՝ մանկաբուժական յոթ մասնագիտություններով:
Իր 3500 աշխատակիցներով Valley Children’s-ը բարձրորակ, համապարփակ խնամք է տրամադրում կենտրոնական Կալիֆորնիայի ավելի քան 1,3 միլիոն երեխաների։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.valleychildrens.org:
07 Սեպտեմբեր 2023
Հրաշալի նորություն
Հրաշալի նորություն
Մեծ ուրախությամբ և հպարտությամբ տեղեկացնում ենք, որ մենք մատուցում ենք բժշկական ծառայություններ նաև կանանց համար և այսուհետ կոչվում ենք «ՈՒԻԳՄՈՐ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ»
Հավատարիմ մնալով մեր զարգացման տեսլականին և արժեքներին՝ մենք առաջարկում ենք կանանց առողջության նորարար մոտեցումներ՝ օգտագործելով նորագույն սարքավորումներ և հոգատար վերաբերմունք։
Մանրամասները՝ շուտով։
Ուիգմոր․ հիվանդանոց, որ սիրտ ունի։
16 Օգոստոս 2023
Շնորհակալ ենք աջակցության համար
Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի ջանքերով մեր բուժառուներից մեկը հնարավորություն ունեցավ ստանալ շատ թանկարժեք դեղորայք, որի 1 գրամը 50.000 դրամ արժի։
Երեխային այս դեղորայքը պետք էր 30 գրամի չափով։
Անչափ շնորհակալ ենք հիմնադրամին արագ արձագանքելու և օգնության ձեռք մեկնելու համար։
Այս քայլը շատ արժեքավոր էր փոքրիկի առողջության համար։
11 Հուլիս 2023
Ուիգմոր` երրորդ մակարդակի հիվանդանոց
Ըստ ՀՀ առողջապահության նախարարի 2023թ․ հուլիս 6-ի No 3350–Ա հրամանի՝ «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնին շնորհվել է երրորդ մակարդակ։
Երրորդ մակարդակ հիվանդանոցին շնորհվում է, եթե վերջինս․
Ենթակառուցվածքների և առաջարկվող ծառայությունների առումով համապատասխանում է սահմանված ամենաբարձր մակարդակին:
Կարող է կազմակերպել ծանր ընթացքով, ինչպես նաև հազվադեպ հանդիպող, քրոնիկ հիվանդությունների վարումը:
Ունի սանավիացիայի ծառայություն, և ապահովում է ծանր, վերակենդանացման միջոցառումներ և հսկողություն պահանջող հիվանդների տեղափոխում մարզերից Երևան։
Սա պետության արժանի գնահատականն է մեր թիմին, ով մշտապես մեծ պատասխանատվությամբ
կատարում է իր աշխատանքը։