Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը» մատուցում է ընդհանուր մանկաբուժական և նեղ մասնագիտական ծառայություններ, ինչպես նաև կանանց առողջության և ծննդօգնության ծառայություններ: Հիվանդանոցն ունի 200 մահճակալ կարողություն, հագեցած է 10 վիրասրահով, մանկական և նորածնային վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության բաժանմունքներով։ Մեր առաքելությունն է նպաստել Հայաստանի առողջապահական ոլորտի համակարգային զարգացմանը՝ սահմանելով որակի և խնամքի միջազգային չափանիշներ: ՀՀ առողջապահության նախարարի 2023թ․ հուլիսի 6-ի թիվ 3350-Ա որոշման համաձայն՝ Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցն արժանացել է մանկական խնամքի երրորդ, բարձրագույն աստիճանի։

Կարդալ ավելին
ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
22 Դեկտեմբեր
Մանկական ատամնաշարի առողջությունը
Ի՞նչ գիտենք երեխաների ատամների խնամքի մասին։ Պե՞տք է արդյոք լվանալ կաթնատամները։ Ի՞նչ ազդեցություն ունի քաղցրը մանկական ատամնաշարի վրա։ Ինչո՞ւ են կարևոր ստոմատոլոգի մոտ ծանոթացման առաջին այցերը։ Այս և մանկական ատամնաշարի առողջությանը վերաբերող բազմաթիվ այլ կարևոր հարցերի մասին Բուն ԹՎ-ի «Առողջ փոդքաստ»-ում պատմում է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական ստոմատոլոգիական ծառայության պատասխանատու Աշխեն Մաշուրյանը։ Դիտե՛ք տեսանյութը և իմացեք՝ ինչպես ճիշտ խնամել ձեր փոքրիկի ժպիտը հենց առաջին ատամից։
22 Դեկտեմբեր
Ո՞վ է զարգացման մանկաբույժը և ե՞րբ է կարիք լինում դիմել մասնագետին
Զարգացման մանկաբույժը բժիշկ է, ով գնահատում է ոչ միայն երեխայի ֆիզիկական աճը, այլ նրա ընդհանուր համապարփակ զարգացումը՝ խոսքը, շարժումները, շփման և սոցիալ-էմոցիոնալ հմտությունները, ուշադրությունը, կենտրոնանալու և սովորելու կարողությունները։Ե՞րբ է կարևոր դիմել զարգացման մանկաբույժի Դիմելու պատճառ կարող է լինել ցանկացած իրավիճակ, երբ ծնողի կամ մասնագետի մոտ առաջանում է մտահոգություն, որ երեխայի զարգացումը՝  հետ է մնում տարիքային նորմերից,  ընթանում է այլ կերպ, կամ  ունի որոշակի դժվարություններ։ Դա կարող է արտահայտվել՝ խոսքի զարգացման հապաղմամբ; վարքային փոփոխություններով; կենտրոնանալու կամ սովորելու դժվարություններով; հասակակիցների հետ շփվելու և խաղալու բարդություններով։ Եթե խոսենք բժշկական ախտորոշումների լեզվով, զարգացման մանկաբույժին հաճախ դիմում են՝ աուտիզմի սպեկտրի խանգարումների, ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի (ADHD), ինչպես նաև խոսքի և ընդհանուր զարգացման հապաղումների դեպքում։ Ի՞նչ է անում զարգացման մանկաբույժն առաջին այցի ժամանակ Զարգացման մանկաբույժի գնահատումը առաջին և շատ կարևոր քայլն է։ Դրանից հետո երեխան ուղղորդվում է համապատասխան նեղ մասնագետների՝ լոգոպեդի, հոգեբանի, էրգոթերապևտի, ֆիզիոթերապևտի կամ այլ մասնագետների հետ աշխատանքի։ Վաղ հայտնաբերումը և վաղ միջամտությունը թույլ են տալիս հասնել լավագույն արդյունքի և աջակցել երեխայի լիարժեք զարգացմանը։
12 Դեկտեմբեր
«Մտածել լայն եւ համարձակ». Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցը 3 տարեկան է
Երեք տարի առաջ բացված «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ն այսօր դարձել է ոչ միայն Ուիգմոր Գրուփի նշանակալի ձեռքբերումն, այլեւ՝ հայաստանյան առողջապահական համակարգի կարեւոր դերակատար։ Ուիգմոր Գրուփի հիմնադիր տնօրեն, ողնաշարի վիրաբույժ Զավեն Քոլոյանն ասում է՝ այս տարիներին հաջողվել է ձեւավորել ոչ միայն զարգացած ենթակառուցվածք եւ կարեւոր միջազգային համագործակցություններ, այլեւ՝ միջավայր, որում իրենց վստահ, պաշտպանված ու լսված են զգում թե՛ թիմի անդամները, թե՛ բուժառուները։ Մեդիամաքսի հետ զրույցում նա ամփոփել է «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի գործունեության երեք տարին եւ կիսվել դրան նախորդած ծավալուն աշխատանքով, որն էլ հիմք է դարձել հիվանդանոցի ստեղծման համար։  - Եթե ամփոփենք «Ուիգմոր»-ի գործունեության ողջ ընթացքը, որո՞նք են Ձեր կարծիքով ամենաէական ձեռքբերումները։- Իմ գնահատմամբ «Ուիգմոր»-ի ամենամեծ ձեռքբերումը մեր ստեղծած միջավայրն է։ Դրանում ամրապնդված են փոխվստահությունը, թիմային մտածողությունը, մասնագիտական աճի անհագուրդ ձգտումը, արժանապատիվ աշխատանքային պայմանները, անվտանգության զգացումը, գործընթացների թափանցիկությունն ու մշտական մոտիվացիան։Այսպիսի միջավայրում հնարավոր է սիրով ու բարձր արդյունավետությամբ բժշկել, զարգանալ, զարգացնել եւ երբեք չճահճանալ։- Ի՞նչն էր ամենաբարդը «Ուիգմոր»-ի ձեւավորման եւ զարգացման ճանապարհին։ Ի՞նչ դժվարությունների ու մարտահրավերների եք բախվել։- Ամենաբարդը եղել է սովորել որակումներ չտալ երեւույթներին: Երբ իրավիճակը դասակարգում ես «բարդ» կամ «հեշտ», դրա նկատմամբ ձեւավորում ես վերաբերմունք, իսկ սա հաճախ խանգարում է։ Բոլոր խնդիրներն ընթացիկ հարցեր են, բոլոր հարցերն՝ ընդամենը իրավիճակներ, որոնցում պետք է կողմորոշվել։ Կարծում եմ՝ արդյունավետ կողմնորոշվելու համար նախեւառաջ խնդրից պետք է հանել հուզականությունը եւ փորձել մեկանձնյա որոշումներ չկայացնել։ Այս հարցում երջանիկ ղեկավար եմ, քանի որ «Ուիգմոր»-ի ղեկավար կազմում հատընտիր մասնագետներ են, որոնց շնորհիվ «մարտահրավեր» բառը լարվածություն չի առաջացնում։ Շրջադարձային էր նաեւ մի շարք անհատների միանալը մեր թիմին: Այս մարդիկ կիսել են մեր արժեքները, սիրել միջավայրը, բերել նոր էներգիա, մտածողություն ու ոգեշնչում։ Այս իրողությունն առավել լավ պատկերացնելու համար պարզապես նշեմ, որ 8 տարի առաջ աշխատանքը սկսել ենք 35 թիմակցով, իսկ այժմ «Ուիգմոր»-ն ունի ավելի քան 900 աշխատակից։ Այնպես որ, ամեն նոր աշխատակցի հետ շրջադարձվել ենք (ժպտում է – հեղ.): - Կհիշե՞ք հատկանշական պատմություններ հիվանդանոցի գործունեության ընթացքից: - Հիվանդանոցային կյանքը յուրահատուկ է: Այստեղ տեսնում ես անպատմելի դեպքեր, գերլարված հույզեր, բազմատեսակ ճակատագրեր, անմարդկային իրավիճակներ եւ մարդկային կորուստներ։ Վստահ եմ՝ «Ուիգմոր»-ի շենքերում պահված են բազում անձնական պատմություններ, որոնք ուժ են տալիս բուժանձնակազմին շարունակելու իրենց աշխատանքը նույնիսկ ամենածանր օրերին։ Այդ պատմություններում մարդու լավագույն դրսեւորումներն են, անմար հույսը, փրկված կյանքերը, շնորհակալական հայացքները, կոկորդը խեղդող դրական հույզերը, անխոս ձեռքսեղմումներն ու երջանկության արցունքներ։ Հենց այս կենդանի պատմությունների շնորհիվ է բժշկական համայնքը մնում համառ, մարդասեր եւ անսահման նվիրված՝ կրկին ու կրկին ընտրելով օգնելու ճանապարհը։ Ամբողջական հարցազրույցը՝ հղմամբ։ 
10 Դեկտեմբեր
ԱՐԴՅՈ՞Ք ՁՄՌԱՆԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՎԻՏԱՄԻՆ D Է ԱՆՀՐԱԺԵՇՏ
Հարցը մեկնաբանում է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի բուժական գծով փոխտնօրեն, մանկաբույժ Հրաչուհի Ղազարյանը:  Վիտամին D-ի պակասի կանխարգելումը հաճախ մեզ մտահոգում է հենց ձմեռային սեզոնին․ սակայն պետք է նշել, որ այս խնդիրը միայն սեզոն-կախյալ չէ։ Կան տարիքներ և իրավիճակներ, երբ կանխարգելիչ վիտամին D պետք է տրվի անկախ սեզոնից։ Օրինակ՝  Կրծքահասակ երեխաները մինչև մեկ տարեկան պետք է ստանան օրական 400-500 միավոր վիտամին D․ սա վիտամին D-ի պակասի և ռախիտի կանխարգելման հիմնական գործողությունն է կրծքահասակ երեխաների շրջանում։Հաջորդ տարիքային խումբը, երբ կանխարգելիչ վիտամին D է ցուցված, կրկին անկախ սեզոնից՝ դա դեռահասներն են, և այս տարիքային խմբում խորհուրդ է տրվում ընդունել օրական 600 միավոր վիտամին D։  վիտամին D-ի կանխարգելիչ նշանակում նաև կարող է պահանջվել հատուկ իրավիճակներում, օրինակ․  եթե կա ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություն, կամ որևէ թերներծծում, երբ հիվանդությամբ պայմանավորված աղիներից սննդանյութերը չեն ներծծվում։   եթե կան այնպիսի քրոնիկ հիվանդություններ, երբ վիտամին D-ի և կալցիումի ներծծումը արգելակող այլ դեղեր ենք նշանակում, այդ դեպքում բժիշկը ևս ցուցելու է վիտամին D-ի ընդունում։  եթե երեխան ունի խիստ ընտրողական սննդակարգ, սննդակարգում բացառված են կալցիում և վիտամին D պարունակող սննդատեսակները, ինչպիսիք են ձուն, ձուկը և կաթնամթերքը: Վերոնշյալ ցանկացած իրավիճակում կամ կասկածի դեպքում պարտադիր անհրաժեշտ է խորհրդակցել մանկաբույժի հետ։  Առողջ եղեք:
Տեսնել բոլորը
08 Դեկտեմբեր
Ջերմային (ֆեբրիլ) ցնցումներ
Բարձր ջերմության ժամանակ առաջացող (ֆեբրիլ) ցնցումներն ավելի հաճախ հանդիպում են 6 ամսականից 5 տարեկան երեխաների շրջանում։ Ցնցումները սովորաբար դիտվում են ջերմության բարձրացման առաջին ժամերի ընթացքում, ավելի հաճախ՝ 38.9 և ավելի բարձր ջերմության դեպքում, թեև կարող է ցնցում լինել և ավելի ցածր ջերմության պարագայում։ Ջերմային ցնցումները կարող են դիտվել բարձր ջերմությամբ ուղեկցվող ցանկացած հիվանդության ժամանակ՝ վիրուսային վարակներ, ցանով ուղեկցվող հիվանդություններ և այլն։ Ջերմային ցնցումները մեծ մասամբ կարճ են տևում (1-2 րոպե) և երեխայի համար վտանգավոր չեն։ Պարզ ջերմային ցնցումները երեխայի նյարդային համակարգը և/կամ ուղեղը չեն վնասում, ինչպես նաև չեն կարող առաջացնել պարեզներ, չեն ազդում մտավոր զարգացման վրա և երեխայի կյանքի համար վտանգ չեն ներկայացնում։ Ցնցումից մոտ մեկ ժամ անց երեխան սովորաբար վերադառնում է իր սովորական ակտիվությանը: Մինչև 5 տարեկան տարիքը 5 երեխայից 2-ը ունենում են ջերմային ցնցում, ավելի հաճախ՝ տղաները։ Պարզ ֆեբրիլ ցնցումը բնորոշվում է առողջ երեխայի մոտ ցնցումով, որը տևել է 15 րոպեից քիչ, 1 անգամ 24 ժամվա ընթացքում։ Այս դեպքում նյարդային համակարգի գործիքային հետազոտությունների անհրաժեշտություն և/կամ նյարդաբանի հսկողության անհրաժեշտություն չկա։ Ցնցումների մյուս տեսակների դեպքում ցուցված է նյարդաբանի հսկողություն և, նրա ուղղորդմամբ, անհրաժեշտ հետազտություններ (օրինակ՝ էլեկտրոէնցեֆալոգրամայի (ԷԷԳ), համակարգչային շերտագրում և այլն) ինչպես նաև հակացնցումային դեղամիջոցի նշանակում: Պառկեցրե՛ք երեխային Գլուխը կողքի թեքեք, որպեսզի թուքը կամ փսխման զանգվածը շնչուղիներ չգնան Մի՛ փորձեք որևէ առարկա կամ մատները մտցնել երեխայի բերանի մեջ Մի՛ փորձեք բռնել լեզուն․ երեխան «լեզուն կուլ չի տա» Փորձեք ֆիքսել ժամանակը․ եթե ցնցումները 5 րոպեից ավել են տևում, շտապ դիմեք մոտակա բուժհաստատություն։ Շտապ բուժօգնության դիմելու կարիք կա նաև այն դեպքում, երբ ցնցումից հետո երեխան մեկ ժամվա ընթացքում չի վերականգնվում։ Երեխայի ցնցումը դադարելուց հետո անհրաժեշտ է դիմել մանկաբույժի՝ ջերմության պատճառը հայտնաբերելու նպատակով։ Ջերմային ցնցումների կրկնվելու որոշակի հավանականություն կա, ընդ որում՝ որքան փոքր է եղել երեխան առաջին ցնցման ժամանակ, այնքան մեծ է կրկնման հավանականությունը։ Ի դեպ, ջերմային ցնցումների հանդեպ հակումը կարող է փոխանցվել ծնողներից։ Երեխաների մեծ մասը 5 տարեկանից հետո այլևս ցնցումներ չեն ունենում։ Շատ քիչ դեպքերում (մոտ 2%) կարող է հետագայում էպիլեպսիա զարգանալ։