Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց
Նորություններ
Նորություններ
18 Հուլիս
«Ուիգմոր»-ն ու ԱԱԻ-ն հայտարարում են կլինիկական օրդինատուրայի ընդունելություն
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի, 2025 — «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը և Առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ)՝ ընդհանուր մանկաբուժության և մանկական նեղ մասնագիտությունների ամբիոնը հայտարարում են կլինիկական օրդինատուրայի ընդունելության մեկնարկը։ Փաստաթղթերի ընդունումը մեկնարկում է ս․թ․հուլիսի 21-ից – օգոստոսի 25-ը ներառյալ՝ Առողջապահության ազգային ինստիտուտում։ Ուսուցումն իրականացվում է ԱԱԻ կլինիկական բազա հանդիսացող «Ուիգմոր» հիվանդանոցում՝ հիմնվելով միջազգային կրթական չափանիշների և օրդինատորների կլինիկական՝ ամբողջական ներգրավվածության մոդելի վրա, աշխարհի առաջատար բուժհաստատությունների օրինակով։ «Ուիգմոր» հիվանդանոցը 2023 թ․-ից իրականացնում է մանկաբույժների նոր սերունդ կրթելու իր առաքելությունը՝ որպես Առողջապահության ազգային ինստիտուտի ընդհանուր մանկաբուժության և մանկական նեղ մասնագիտությունների ամբիոնի կլինիկական բազա․ սա եզակի հնարավորություն է կլինիկական օրդինատորների համար անցնելու արևմտյան «ռեզիդենտուրայի» մոդելին համապատասխան ուսումնառություն, - պատմում է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի բուժական գծով փոխտնօրեն, մանկաբույժ, կլինիկական օրդինատուրայի ղեկավար՝ Հրաչուհի Ղազարյանը։ «Ամբիոնը վերակառուցվել է 2024 թվականին՝ ստանալով նոր անվանում և կրթական բովանդակություն․ ծրագիրն ընդգրկում է ինչպես ընդհանուր մանկաբուժություն, այնպես էլ մի շարք նեղ մասնագիտություններ՝ ներառյալ նեոնատոլոգիա, մանկական օրթոպեդիա, վիրաբուժություն, մաշկաբանություն, ուրոլոգիա, անեսթեզիոլոգիա և վերակենդանացում։ Այս տարի մեկնարկում ենք նաև գաստրոէնտերոլոգիան»։
Ըստ Հ․ Ղազարյանի, «Ուիգմոր»-ում կլինիկական օրդինատուրան անցնում է աշխարհի առաջատար բժշկական հաստատությունների օրինակով՝ միջազգային չափանիշներին և մոտեցումներին համապատասխան։ Կլինիկական օրդինատորները ուսուցում ու գործնական գիտելիքներ են ստանում` ներգրավվելով հիվանդանոցի բոլոր կլինիկական գործընթացների մեջ՝ բուժառուների զննում, մասնակցություն հիվանդանոցային աշխատանքին, դեպքերի մասնագիտական քննարկումներով և աշխատարաններով։
«Ուսումնական գործընթացում ներգրավված են նաև արտասահմանյան մենթորները, տարբեր երկրների մեր գործընկերները, ովքեր Հայաստան են այցելում՝ մեր օրդինատորների պրակտիկ կարողությունները զարգացնելու նպատակով», - նշում է Հ․Ղազարյանը։ «Կլինիկական օրդինատորները ակտիվ մասնակցում են տեղական և միջազգային կոնֆերանսներին և գիտաժողովներին։ Օրինակ, 2025 թ.-ին հաջող մասնակցություն ունեցանք Ռումինիայում տեղի ունեցած Եվրոպական մանկական վարակային հիվանդությունների ասոցիացիայի տարեկան կոնգրեսին (ESPID 2025)` ներկայացնելով կլինիկական դեպքեր/պոստերներ։ Ունենք նաև ընդունված պոստերներ և հաստաված բանավոր զեկույց՝ Մանկաբուժական ասոցիացիաների Եվրոպական ակադեմիայի կոնգրեսին (EAPS 2025), որը տեղի է ունենալու հոկտեմբերին, Պորտուգալիայում․ այս ամենը ներկայացնելու են մեր ռեզիդենտները», - պատմում է Հ․Ղազարյանը։«Ուիգմոր»-ում նշում են, որ կլինիկական օրդինատուրայի կարևոր առանձնահատկություններից է նաև ռեզիդենտի կողմից կատարվող աշխատանքի ֆինանսական փոխհատուցումը՝ տարբեր մոդելներով․ ռեզիդենտը կարող է ստանալ ուսումնական վարձի ամբողջական փոխհատուցում կամ, օրինակ, վճարվել կատարած հերթապահությունների համար, ստանալ դրամաշնորհ՝ կոնֆերանսների մասնակցության նպատակով։
«Կլինիկական օրդինատուրայի մեր ջանքերի նպատակն է՝ նախապատրաստել կադրեր, ովքեր մրցունակ կլինեն միջազգային բժշկական համայնքում, կունենան համարժեք գիտելիքներ և հմտություններ», - ընգծում է Հ․Ղազարյանը։
17 Հուլիս
Ի՞նչ է ձեռքի վիրաբուժությունը
Ձեռքի վիրաբուժությունը բժշկության մասնագիտացված առանձին ճյուղ է, որը կենտրոնացած է մատների, դաստակի և նախաբազկի տարբեր հիվանդությունների, խանգարումների և վիճակների ախտորոշման, բուժման և վերականգնման վրա։ Ձեռքի վիրաբուժությունը համատեղում է օրթոպեդիկ, պլաստիկ և միկրովիրաբուժության տեխնիկաները՝ ձեռքի գործառույթը վերականգնելու, ցավը նվազեցնելու և էսթետիկ տեսքը բարելավելու համար։
Ձեռքի վիրաբույժների կողմից հաճախ լուծվող խնդիրները ներառում են՝
Մատների և դաստակի կոտրվածքներ, հոդախախտեր և վերքեր;
Ջլերի վնասվածքներ (ծալիչ և տարածիչ ջլեր);
Նյարդային սեղմումներ/կոմպրեսիաներ (օրինակ՝ դաստակային՝ նույն ինքը կարպալ թունելի համախտանիշ);
Դեգեներատիվ հիվանդություններ, ինչպիսիք են արթրիտը, արթրոզը;
Այրվածքներ, ցրտահարություն և տրավմատիկ վնասվածքներ;
Բնածին արատներ և դեֆորմացիաներ;
Վերականգնողական միջամտություններ՝ տարբեր մանրմնամասերի վերապատվաստում, օրինակ՝ մատերի ռեպլանտացիա։
Քանի որ ձեռքը աներևակայելիորեն բարդ և նուրբ կառուցվածք ունի՝ պատասխանատու բազմազան շարժողական ֆունկցիաների, զգայունության, աշխարհընկալման և ճարպկության համար, ձեռքի վիրաբուժությունը պահանջում է բարձր ճշգրտություն և փորձառություն։ Այս ոլորտի վիրաբույժները հաճախ անցնում են լրացուցիչ վերապատրաստումներ տարբեր ոլորտներում՝ հիվանդների համար օպտիմալ արդյունքներ ապահովելու նպատակով։
Ձեռքի վիրաբուժությունը կարևոր դեր ունի բուժառուների կյանքի որակի բարելավման գործում, հատկապես վնասվածքներից հետո, հաշմանդամության և/կամ քրոնիկ ցավի դեպքերում։
16 Հուլիս
Ի՞նչ գիտենք մանկական դիմածնոտային վիրաբուժության մասին
Հանրային Ռադիոյի «Ես առողջ եմ» հաղորդաշարի հյուրընկալ ստուդիայում այս անգամ քննարկել ենք մանկաբուժական ոլորտի այս առանցքային նեղ մասնագիտական ոլորտը։Հաղորդման հյուրն է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական դիմածնոտային վիրաբուժության ծառայության պատասխանատու Անահիտ Շահինյանը։
Հաղորդման թեման՝ «Մանկական դիմածնոտային վիրաբուժություն․ մասնագիտության ընկալումն ու գործառույթները»։Զրույցի առանցքային հարցերն էին՝Ի՞նչ է մանկական դիմածնոտային վիրաբուժությունը։
Ո՞ր խնդիրների դեպքում է անհրաժեշտ դիմել մասնագետին։
Որո՞նք են մասնագիտության շուրջ ձևավորված ամենատարածված միֆերն ու թյուրըմբռնումները։
Ինչպե՞ս է այս ոլորտն առնչվում և գործակցում մանկաբուժության այլ ճյուղերի հետ։
Դիտե՛ք ամբողջական թողարկումը և կիսվեք ձեր տպավորություններով։
12 Հուլիս
«Լավ բժիշկ» փոդքասթի հյուրն է՝ Հրաչուհի Ղազարյանը
«Լավ բժիշկ» փոդքասթի հյուրն է՝ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի բուժական գծով փոխտնօրեն, Առողջապահության ազգային ինստիտուտի մանկաբուժության ամբիոնի վարիչ, մանկաբույժ, բ․գ․թ․ Հրաչուհի Ղազարյանը։
Զրուց մասնագիտության առանձնահատկությունների, լավ բժիշկ լինելու սահմանման, դժվարությունները հաղթահարելու և չհանձնվելու կարևորության մասին։
11 Հուլիս
Մասնագիտական վերապատրաստման հիանալի հնարավորություն մարզային հիվանդանոցների մանկաբարձ-գինեկոլոգների և ուրոլոգների համար։
«Առողջապահության ազգային ինստիտուտ»-ը (ԱԱԻ) և «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարում են ուրոգինեկոլոգիայի ֆելոուշիփ (fellowship) նեղ մասնագիտացման ծրագրի մեկնարկի մասին։
Ծրագիրը հնարավորություն է տալիս խորացնելու գիտելիքներն ու հմտությունները ուրոգինեկոլոգիայի ոլորտում՝ միջազգային լավագույն փորձի հիման վրա։
Ծրագրի ընդունելությունը բաց է․ հայտերն ընդունվում են մինչև ս․թ․ հուլիսի 20-ը։
Ծրագրի տևողությունը՝ 3 տարի, ձևաչափը՝ առցանց/առկա։
Դիմել կարող են միայն ՀՀ մարզային հիվանդանոցների մանկաբարձ-գինեկոլոգները և ուրոլոգները։
Դիմելու ընթացակարգի և ծրագրի այլ մանրամասների համար կարող եք զանգահարել «Առողջապահության ազգային ինստիտուտ» ՝ 8501 (ներքին 2) հեռախոսահամարով։
07 Հուլիս
Գիտական պատասխանատվություն և առաջնորդում․ «Ուիգմոր Գրուփ»-ը գործարկում է Էթիկայի և բիոէթիկայի կոմիտե
«Ուիգմոր Գրուփ»-ը նախաձեռնել է Էթիկայի կոմիտեի (IRB) ձևավորումը՝ ստեղծելով ինստիտուցիոնալ համակարգ հետազոտությունների էթիկական և բիոէթիկական վերահսկման նպատակով։ Կոմիտեն կգործի՝ միավորելով գիտահետազոտական և էթիկական նորմերը՝ ապահովելով ուսումնասիրությունների հաստատման, վերանայման և ընթացիկ վերահսկման գործընթացը։Կոմիտեի նպատակներն են՝
մարդու իրավունքների, անվտանգության և բարեկեցության պաշտպանության ապահովումը հետազոտական գործունեության ընթացքում,
գիտական հոդվածների և հետազոտությունների էթիկական և բիոէթիկական վերահսկումը։
Գործառույթները ներառում են՝
ուսումնասիրությունների հաստատում կամ մերժում՝ ըստ էթիկական և բիոէթիկական չափորոշիչների,
փոփոխությունների պահանջի ներկայացում, երբ դրանք անհրաժեշտ են,
հետևել տեղական և միջազգային նորմերին, առողջապահության և ԿԳՄՍ նախարարության կանոնակարգերին,
հետազոտական գործընթացի ընթացիկ վերահսկում՝ ամբողջականության պահպանմամբ։Էթիկայի կոմիտեին կարող են դիմել այն անհատները, ովքեր զբաղվում են գիտական աշխատանքներով և ուսումնասիրություններով:
Ուիգմոր Գրուփ-ի կողմից ներդրված այս նախաձեռնությունը կարևոր քայլ է՝ բարձր որակի, միջազգային ստանդարտներին համարժեք հետազոտական միջավայր ձևավորելու ճանապարհին՝ միաժամանակ ստեղծելով հնարավորություն մասնագետների և նորարար գաղափարների համար՝ զարգացնելու պատասխանատու, թափանցիկ և էթիկապես հիմնավորված հետազոտություններ։
06 Հուլիս
Անվտանգությունը կյանքի առաջին օրերից. բժիշկները պատմում են ինչպես պաշտպանել երեխաներին ճանապարհներին
Ճանապարհային անվտանգությունը սկսվում է անվտանգ և ապահով վարքագծից, մտածելակերպից և մշակույթից։ՄԱԿ-ի տվյալներով ճանապարհատրանսպորտային պատահարներից ստացվող վնասվածքներն ամբողջ աշխարհում մահվան և հաշմանդամության տանող ծանր վնասվածքների առաջնային պատճառներից են․ ճանապարհային երթևեկության կանոններին չհետևելու հետևանքով աշխարհում ամեն տարի մահանում է մոտ 1.2 միլիոն մարդ, իսկ 50 միլիոնը՝ ստանում վնասվածքներ: Տվյալները վկայում են՝ Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների ամենախոցելի խումբը երեխաներն են, ովքեր հիմնականում տուժում են մեծահասակների անուշադիր կամ անպատասխանատու մոտեցումների հետևանքով:Հայաստանում 2024 թվականի ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում զոհվել է մինչև 18 տարեկան 19 երեխա, մարմնական վնասվածքներ ստացել՝ 629-ը:2025 թվականի միայն առաջին չորս ամիսների ընթացքում մինչև 18 տարեկան երեխաների մասնակցությամբ պատահարներից զոհվել է 4 երեխա, մարմնական վնասվածքներ ստացել 220-ը: Զոհերից երկուսը եղել են ուղևորներ, երկուսը՝ հետիոտն, իսկ մարմնական վնասվածքներ ստացածներից 143-ը եղել են ուղևորներ, 77-ը՝ հետիոտն:Այս դեպքերի զգալի մասը հնարավոր կլիներ կանխել, եթե պահպանված լինեին ճանապարհային անվտանգության կանոնները… «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի բժիշկները հիշեցնում են՝ մեքենայի անվտանգության ամրագոտին և երեխաների համար նախատեսված հատուկ նստատեղը կյանքեր են փրկում: Անի Պետրոսյան, մանկաբույժ, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի անհետաձգելի բուժօգնության ծառայության պատասխանատու«Ուիգմորի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում (ԱԲԲ), գրեթե ամեն օր ականատես ենք լինում ճանապարհային պատահարներից տուժած, ծանր վնասվածքներով երեխաների, ողբերգական իրավիճակների։ Ցավոք՝ ոչ միշտ է հնարավոր լինում փրկել երեխայի կյանքը կամ լիովին վերականգնել առողջությունը։ Սրանք դեպքեր են, որոնց մեծ մասը հնարավոր կլիներ կանխել, եթե պահպանվեին ճանապարհային անվտանգության հիմնական կանոնները», - պատմում է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի անհետաձգելի բուժօգնության ծառայության պատասխանատու Անի Պետրոսյանը։ «Բժշկի համար ամենածանրը գիտակցումն է, որ դեպքերի մեծամասնությունը հնարավոր էր կանխել մեկ գործողությամբ. երեխային մեքենայում տեղափոխել միմիայն իր տարիքին և քաշին համապատասխան հատուկ նստատեղի մեջ և ամրացնել գոտիներով։ Սա ֆորմալություն չէ, սա կյանք փրկող որոշում է», – ընդգծում է Ա․Պետրոսյանը։Երեխաների մոտ ավտովթարներից հետո ամենահաճախ հանդիպող վնասվածքներն են՝գանգուղեղային վնասվածքներ,տարբեր ծանրության կոտրվածքներ,համակցված տրավմաներ՝ ներքին օրգանների վնասումով։«Երեխայի ուղեղն ակտիվ զարգանում ու աճում է․ անգամ թեթև հարվածը կարող է երկարաժամկետ հետևանքների պատճառ դառնալ՝ խոսքի, հիշողության, շարժման խանգարումների։ Ցավոք, մենք տեսնում ենք դեպքեր, երբ անգամ ամենաառաջադեմ բժշկությունն ի զորու չէ վերականգնել այն, ինչ վնասվել է վթարի ժամանակ», – նշում է մանկական նյարդավիրաբույժ, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական նյարդավիրաբուժական ծառայության պատասխանատու Էդուարդ Ասատրյանը։Ըստ մասնագետի խոսքերի, անվտանգության մասին հոգատարությունը երեխայի հանդեպ սիրո առաջնային դրսևորումներից է։ Ամբողջական նյութը հասանելի է հղմամբ։
05 Հուլիս
Ամառ և ջուր. ինչպե՞ս զովանալու ցանկությունը կարող է վերածվել սպառնալիքի
Բեյբիսեֆի հյուրն է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական ամբուլատոր ծառայությունների պատասխանատու, մանկաբույժ Տիգրանուհի Հովհաննիսյանը:
03 Հուլիս
10 փաստ մամոլոգիայի մասին
1. Մամոլոգիան բժշկության ենթաճյուղ է, որը զբաղվում է կրծքագեղձերի հիվանդությունների կանխարգելմամբ, ախտորոշմամբ և բուժումով, ներառյալ բարորակ և չարորակ գոյացությունները:2. Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված չարորակ գոյացությունն է։ Վաղ ախտորոշումը և ճիշտ բուժական տակտիկան թույլ են տալիս հասնել վերջնական ապաքինման՝ խուսափելով կյանքի որակի կամ տևողության վրա էական ազդեցությունից:
3. Մամոգրաֆիան ախտորոշման ոսկե ստանդարտ է համարվում։ Ճառագայթային այս մեթոդը թույլ է տալիս հայտնաբերել նորագոյացությունները ամենավաղ փուլերում, երբ այլ ախտանիշներ դեռ ի հայտ չեն եկել:
4. Ուլտրաձայնային հետազոտությունը և մամոգրաֆիան համարժեք հետազոտություններ չեն, դրանք լրացնում են միմյանց։ Մինչև 40 տարին լրանալը՝ որպես կրծքագեղձի հետազոտման առաջնային մեթոդ կիրառվում է ՈՒՁՀ-ը, ինչը պայմանավորված է երիտասարդ տարիքում կրծքագեղձերի կառուցվածքային առանձնահատկություններով։
5. Կրծքագեղձերի ինքնազննումը կարևոր կանխարգելիչ միջոց է։ Պարբերաբար (ամիսը 1 անգամ) ինքնազննումը օգնում է կանանց նկատել փոփոխությունները կրծքագեղձում և ժամանակին դիմել բժշկի: Սակայն այս մեթոդը չի փոխարինում մասնագիտական հետազոտությունը։
6. Հղիությունը և կրծքով կերակրումը նվազեցնում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:
7. Կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի հիմնական գործոնները ներառում են ծխելը, ալկոհոլի չարաշահումը, ավելորդ քաշը, նստակյաց կյանքը, ինչպես նաև կարևոր է ընտանեկան անամնեզը։
8. Կրծքագեղձի հիվանդություն կարող է առաջանալ նաև տղամարդկանց մոտ. չնայած դրանք ավելի հաճախ են հանդիպում կանանց մոտ, տղամարդիկ ևս կարող են ունենալ կրծքագեղձի խնդիրներ, օր․՝ գինեկոմաստիա (մեծացած կրծքագեղձեր), բարորակ գոյացություններ կամ շատ ավելի հազվադեպ հանդիպող կրծքագեղձի քաղցկեղ: Նման խնդիրներ նկատելու դեպքում տղամարդիկ նույնպես պետք է դիմեն մամոլոգի։
9. Ֆիբրոադենոման կրծքագեղձի առավել հաճախ հանդիպող բարորակ գոյացություն է։ Այն հիմնականում հանդիպում է մինչև 35 տարեկան կանանց մոտ։ Բուժական տակտիկան կախված է ֆիբրոադենոմայի աճի տեմպերից, չափերից և տեղակայման առանձնահատկություններից։
10. Կրծքագեղձի հիվանդություն կարող է առաջանալ նաև տղամարդկանց մոտ. չնայած դրանք ավելի հաճախ են հանդիպում կանանց մոտ, տղամարդիկ ևս կարող են ունենալ կրծքագեղձի խնդիրներ, օր․՝ գինեկոմաստիա (մեծացած կրծքագեղձեր), բարորակ գոյացություններ կամ շատ ավելի հազվադեպ հանդիպող կրծքագեղձի քաղցկեղ: Նման խնդիրներ նկատելու դեպքում տղամարդիկ նույնպես պետք է դիմեն մամոլոգի։
Մամոլոգիական ծառայությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
02 Հուլիս
«Լավ բժիշկ» փոդքասթի հյուրն է՝ Էդուարդ Ասատրյանը
«Լավ բժիշկ» փոդքասթի հյուրն է՝ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի նյարդավիրաբուժության ծառայության պատասխանատու, նյարդավիրաբույժ էդուարդ Ասատրյանը։Զրույց՝ Էպիլեպսիայի վիրաբուժության, մասնագիտական ճանապարհի և նյարդավիրաբույժի աշխատանքի նրբությունների մասին։
27 Հունիս
Ուրոգինեկոլոգիան Հայաստանում. միջազգային համագործակցություն՝ ուղղված կնոջ առողջության բարելավմանը
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հունիսի 24-ից հերթական անգամ հյուրընկալել է պրոֆեսոր, Բասեթ (ԱՄՆ) բժշկական կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ծառայության ղեկավար, ուրոգինեկոլոգ Սամվել Բադալյանին:Պրոֆեսորի հետ համագործակցությունը տարիներ առաջ է մեկնարկել՝ Հայաստանում զարգացնելով նոր ձևավորված ուրոգինեկոլոգի մասնագիտությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պրոֆեսոր Բադալյանն արդեն 15 տարի է մշտապես այցելում է Հայաստան՝ կնոջ առողջությանն ուղղված բուժօգնության նոր որակ և հեռանկարներ զարգացնելու առաքելությամբ ու փոխանցելով միջազգային առաջատար փորձն ու գիտելիքը հայ մասնագետներին։ Ըստ պրոֆեսորի՝ դա առավել արդյունավետ է մասնագիտական համայնքի շարունակական կրթության շնորհիվ:
«Երկար տարիներ հետո ես զգացի, որ դժվար է տարբեր հիվանդանոցներ գնալու եղանակով ստեղծել այնպիսի համակարգ, որ բոլորը ստանան համապատասխան բուժում։ Եվ որոշեցինք, որ պետք է կենտրոնանալ մի հիվանդանոցի վրա: 2021 թվականին մենք ստեղծեցինք fellowship (Urogynecology fellowship՝ կրթական ֆորմալ ծրագիր ուրոգինեկոլոգիա նեղ մասնագիտացումով/հաստատված է Հայաստանի ԱՆ կողմից) ծրագիրը և աշխարհի 7 երկրներից հավաքեցինք ուրոգինեկոլոգների, որոնք կենտրոնացան Հայաստանում մասնագետներին վերապատրաստելու աշխատանքների վրա: Ընտրեցինք հինգ fellow-ների Երևանից, որոնք այս վերջին չորս տարվա ընթացքում վերապատրաստվեցին և կարողանում են կատարել բոլոր վիրահատությունները, միջամտությունները, որոնք պետք են կոնքի հատակի հիվանդությունների համար»,- ասաց ուրոգինեկոլոգ, պրոֆեսոր Սամվել Բադալյանը:
Մասնագետը նշեց՝ ծրագիրը տևեց երկար, բաց ուրախությամբ փաստեց, որ ծրագրի հինգ fellow-ները դարձան միջազգային մակարդակի ուրոգինեկոլոգներ, իսկ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը իրենց հնարավորություն տվեց մատուցել ժամանակակից մոտեցումներով և նորագույն սարքավորումներով հագեցած ուրոգինեկոլոգիական ծառայություններ՝ ներառյալ վիրահատական, հետվիրահատական և նեղ մասնագիտական խնամքը։
Ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների տեղայնացումը նպաստում է ոչ միայն Հայաստանում կանանց առողջության և կյանքի որակի բարելավմանը, այլև համայնքի մասնագիտական ձևավորմանը, ամրապնդմանն ու աճին։
Ամբողջական նյութը հասանելի է հղմամբ:
27 Մայիս
Սեզոնային ալերգիաներ. փոշոտումը՝ օգո՞ւտ, թե՞ վնաս
Քթի փակվածություն, աչքերի կարմրություն, փռշտոց, երբեմն նաև հազ։ Սրանք այն նշաններն են, որոնք դիտվում են սեզոնային ալերգիայի ժամանակ և սրվում են հատկապես գարնանը։
Ուիգմոր հիվանդանոցի մանկաբույժ, ալերգոլոգ Լուսինե Ավետյանը խոսում է սեզոնային ալերգիայի մասին:
22 Մայիս
Ինչպե՞ս է պետք ճիշտ անցնել փողոցը
Սկզբից՝ ձախ, հետո՝ աջ. կարևոր հիշեցում բոլոր երեխաներին, թե ինչպես է պետք ճիշտ անցնել փողոցը: Սիրով՝ Ձեր Ուիգմոր
22 Մայիս
Փողոցն անցնելը հեշտ և ապահով է, երբ հետևում ես կանոններին
Ճանապարհային անվտանգության շաբաթվա շրջանակում Ձեզ ենք ներկայացնում ևս մեկ տեսանյութ՝ փողոցը ճիշտ անցնելու վերաբերյալ։
Երեխաներին վաղ տարիքից սովորեցրեք ճանապարհային անվտանգության կանոնները և հետևեք, որ պահպանեն դրանք։
19 Մայիս
Երեխաների անվտանգությունը կարևոր է. մասնագետները հորդորում են խստորեն պահպանել երթևեկության կանոնները
2025թ. միայն առաջին չորս ամիսների ընթացքում մինչև 18տ. երեխաների մասնակցությամբ ճանապարհային պատահարներից զոհվել է 4 երեխա, իսկ մարմնական վնասվածքներ ստացել՝ 220-ը:
Այս դեպքերի մեծ մասը հնարավոր կլիներ կանխել, եթե պահպանված լինեին ճանապարհային անվտանգության կանոնները:
Բուժաշխատողները հաճախ են ականատես լինում ճանապարհային երթևեկության կանոնները չպահպանելու ողբերգական հետևանքներին…
Մենք կոչ ենք անում բոլոր ծնողներին խստորեն պահպանել երեխաների անվտանգությունը երթևեկելիս և հետևել, որ մեքենայի մեջ նրանք լինեն.
- մեքենայի հետևի նստատեղին,
- ամրակապված ողջ ընթացքում,
- 0-12տ բալիկների դեպքում՝ նստած և ամրակապված լինեն մանկական նստատեղին (car seat):
Երեխայի անվտանգությունը Ձեր պատասխանատվությունն է:
22 Ապրիլ
Շահանե Մնացականյան. Ուիգմորում գիտակցում ենք` որակի մրցավազքում վերջնակետ չկա
2025թ. փետրվարին «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ն ու «Ուիգմոր Քլինիք»-ը Էկոնոմիկայի նախարարության Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմնի կողմից ստացել են ՀՍՏ ԻՍՕ 9001-2016 «Որակի կառավարման համակարգեր․ Պահանջներ» հավաստագիր՝ գործունեության բոլոր ոլորտների համար։Միջազգայնորեն ճանաչված այս հավաստագիրն արտացոլում է «Ուիգմոր»-ի թիմի նվիրված աշխատանքն ու միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ, որակյալ բուժօգնություն ու խնամք մատուցելու պատրաստականությունը։
Մեդիամաքսի հետ զրույցում «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի գործառնական գծով փոխտնօրեն եւ «Ուիգմոր Քլինիք»-ի տնօրենի պաշտոնակատար Շահանե Մնացականյանը պատմել է որակի ապահովման ուղղությամբ կատարվող աշխատանքի մասին ու կիսվել հիվանդանոցում կիրառվող միջազգային փորձով։«Որակի կառավարումը թիմային աշխատանք է»
Հավաստագիրը, որը ստացել են «Ուիգմոր Քլինիք»-ն ու «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ը, ընդհանուր է եւ կիրառելի ցանկացած ոլորտի կառույցի համար։Շահանե Մնացականյանը
Լուսանկարը` ՄեդիամաքսԱյն արձանագրում է, որ տվյալ հաստատության կառավարման համակարգն ունակ է կանխորոշել ռիսկերը, կառույցն ունի հաշվետվողականության պատշաճ մեխանիզմներ եւ դրանում իրականացվում են մշտադիտարկումներ ու ներքին աուդիտներ։ Սրանք պահանջներ են, որոնք պարտադիր են մենեջմենթի համար՝ անկախ գործունեության ոլորտից։ Ցանկացած նեղ ոլորտային ստանդարտ ներդնելուց առաջ պետք է ունենալ ԻՍՕ 9001 հավաստագիր, քանի որ այն կառավարման համակարգի կոմպետենտության վկայությունն է։
Հաճախ մարդիկ հիմնում են ընկերություն եւ մտածում՝ «ոտքի կանգնենք ու կսկսենք որակի կառավարման համակարգ ներդնել»։ Կարծում եմ՝ սա ճիշտ մոտեցում չէ։ Եթե ցանկանում ես, որ գործդ հաջողի, այս մասին պետք է մտածել առաջին հերթին։
Որակի կառավարման համակարգը ղեկավարին տալիս է շատ պարզ գործիքներ, որպեսզի տարբեր ցուցանիշների տեսքով ունենա «աչքեր» եւ «ականջներ» իր ընկերությունում ու դրանց օգնությամբ կարողանա կառավարել առավել արդյունավետ։ Որակի մասին չի կարելի մտածել ճանապարհի կեսից, այն պետք է լինի արվող առաջին քայլը։
Նույն տրամաբանությամբ, «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ում որակի մշտադիտարկման եւ կառավարման համակարգի շուրջ սկսել ենք աշխատել դեռ մինչեւ հիվանդանոցի բացումը։Լուսանկարը` «Ուիգմոր»Ինչպես հիվանդանոցի նախագծման փուլում, այնպես էլ՝ այսօր, որակյալ եւ անվտանգ բուժօգնությունը մեր մեծագույն առաջնահերթությունն է։
Հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին համապատասխան շենք կառուցելը, բանիմաց ու հոգատար անձնակազմ ներգրավելը, հիվանդանոցային ընթացակարգերի ստանդարտացումը բարդ աշխատանք է։ Սա գործընթաց է, որ պահանջում է մեծ հաստատակամություն, թիմի ամենօրյա կարգապահություն ու նվիրում։ Բարեբախտաբար, մեզ հաջողվել է ներգրավել մարդկանց, որոնք ունեն նույն` «ուիգմորական արժեհամակարգը»։ Մենք գիտակցում ենք՝ որակի կառավարումը թիմային աշխատանք է եւ այս մրցավազքում չկա վերջնակետ։
Որակի կառավարման համակարգը «Ուիգմոր Քլինիք»-ից՝ «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»
Սկսել եմ աշխատել «Ուիգմոր»-ում, երբ աշխատակիցների ընդհանուր թիվը 34 էր, իսկ հիմա այն հասնում է 800-ի ու շարունակում է շատ արագ աճել (ժպտում է-հեղ.)։Շահանե Մնացականյանը
Լուսանկարը` Մեդիամաքս«Ուիգմոր Քլինիք»-ում ունեինք հստակ աշխատող համակարգեր ու մշակված ընթացակարգեր եւ մեզ թվում էր, որ դրանք հեշտությամբ կկարողանանք կիրառել ավելի մեծ՝ «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ում։ Կարճ ժամանակում հասկացանք՝ այստեղ մարտահրավերները շատ ավելին են, ու պետք է արագ ադապտացվել այդ ծավալներին ու փոփոխություններին։
Արդյունքում, կարողացանք որակի կառավարման պատշաճ համակարգ ներդնել արդեն մեծ հիվանդանոցում։Ամբողջական տարբերակը կարդացեք այս հղումով։
17 Ապրիլ
Մանկական էպիլեպսիայի վիրահատական բուժումը հասանելի է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում
Այսօր Armenia TV-ի «Առավոտ Լուսո» հաղորդման եթերում մեր թիմը և Valley Children’s Healthcare-ի մանկական նյարդաբանության ղեկավար դոկտոր Սեզար Սանթոսը ներկայացրեցին մեր համագործակցության ուղին, Հայաստանում մանկական նյարդաբանության զարգացմանն ուղղված քայլերը և առաջին արդյունքները։
Զրույցի ընթացքում անդրադարձանք մանկական էպիլեպսիայի համալիր մոտեցմանը՝ սոցիալական ընկալումից, նյարդահոգեբանական գնահատումից մինչև վիրահատական միջամտություն և դրա ակնկալվող արդյունքները, ինչպես նաև անդրադարձանք Ուիգմոր հիվանդանոցի նյարդավիրաբույժների կողմից հաջողությամբ իրականացված էպիլեպսիայի վիրահատություններին։
Մանրամասները՝ տեսանյութում
15 Ապրիլ
Մանկական էպիլեպսիայի վիրահատական բուժումը հասանելի է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում
Դեղակայուն էպիլեպսիայի վիրահատական մեթոդը փրկություն է այնտեղ, որտեղ դեղամիջոցներն անզոր են։«Ուիգմոր»-ում նշում են՝ վիրահատական փուլին պատրաստվել են երկար, մեկնել են վերապատրաստումների, հյուրընկալել ԱՄՆ գործընկերներին, քննարկել դեպքերն առցանց և շարունակական կապն այս ուղղությամբ զարգացրել։Նյութն ամբողջությամբ հասանելի է այստեղ։
08 Ապրիլ
Ուիգմորի ծննդօգնության ծառայությունը, որդեգրած սկզբունքները և գործելակարգերը/Արմենիա ԹՎ
2024 թվականի հունիսի 1-ին մեկնարկեց Ուիգմորի ծննդօգնության ծառայությունը, և բացումից ժամեր անց ծնվեց մեր "առաջնեկը"։Այս ընթացքում մեր ծննդատան անցած ուղու, որդեգրած սկզբունքների և գործելակարգերի մասին զրուցել ենք «Արմենիա ԹՎ»-ի եթերում։
«Բարի լույս» հաղորդման հյուրերն են «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի կանանց առողջության ամբուլատոր ծառայությունների պատասխանատու, մանկաբարձ-գինեկոլոգ Վերժինե Կասարջյանը և հիվանդանոցային գործընթացների համակարգող Նարինե Նավասարդյանը։
04 Ապրիլ
Ուիգմորում դեղակայուն էպիլեպսիայի վիրահատություններ կիրականացվեն
Ապրիլի 7-18-ը «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը Երևանում կյուրընկալի ԱՄՆ լավագույն մանկական բուժհաստատություններից մեկի՝ Valley Children’s Healthcare-ի մասնագիտական պատվիրակությանը։ Այցն անցնում է երկու բուժհաստատության միջև կնքած միջազգային շարունակական համագործակցության համաձայնագրի շրջանակում․ պատվիրակության կազմում են Valley Children’s Healthcare-ի մանկական նյարդաբանության ղեկավար, բժիշկ Սեզար Սանթոսը և մանկական վերակենդանացման բաժանմունքի մասնագիտացված բուժքույր Հեդըր Թրիփը։ Այս այցի թիրախում մանկական էպիլեպսիան է և, մասնավորապես, դրա վիրահատական բուժումը։Valley Children’s Healthcare-ի մանկական նյարդաբանության ղեկավար, բժիշկ Սեզար Սանթոսը և մանկական նյարդաբան Սթիվեն Էրիշը՝ Ուիգմորում, 2024 թ․-ի անդրանիկ այցի ժամանակ«Հայաստանում մանկական էպիլեպսիան առավել հաճախ հանդիպող նյարդաբանական հիվանդություններից է։ Հայաստանում էպիլեպսիա ունեցող մոտ 3000-ից ավելի երեխա կա։ էպիլեպսիան կարող է ազդել սովորելու, սոցիալական հարմարվողականության և կյանքի ընդհանուր որակի վրա․ այդ պատճառով ժամանակին և արդյունավետ բուժումը չափազանց կարևոր է», - պատմում է մանկական նյարդաբան, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական նյարդաբանական ծառայության պատասխանատու Նունե Կույումջյանը։ Մանկական նյարդաբան, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական նյարդաբանության ծառայության պատասխանատու Նունե ԿույումջյանԸստ մասնագետի, բացի գոյություն ունեցող մի շարք ժառանգական տեսակներից, որոնք տարիք-կախյալ են և ավարտվում են համապատասխան տարիքում, միաժամանակ կան նաև դեղակայուն էպիլեպսիայի տեսակներ, որոնք շատ դժվար են բուժման ենթարկվում։«Ժամանակակից նյարդաբանության մեջ ունենք բուժման և հսկողության բավականաչափ լայն հնարավորություններ․ ի հայտ են եկել նոր դեղամիջոցներ, նաև լայն տարածում է ստանում էպիլեպսիայի վիրահատական բուժումը», - ընդգծում է Ն․ Կույումջյանը։ «ԱՄՆ այցի ժամանակ մեր թիմի փորձն ամրապնդեց Ուիգմորում կիրառվող բազմաթիմային ռազմավարության կարևորությունը․ այսօր հնարավորություն ունենք ներդնելու ծանր, դեղակայուն դեպքերի վիրահատական բուժման նոր մոտեցում և բարձրացնել ընտանիքների իրազեկվածությունը էպիլեպսիայի բուժման նորագույն՝ վիրաբուժական մեթոդների մասին», - նշում է մասնագետը:Ըստ Ն․Կույումջյանի «Valley Children’s»-ի համագործակցության միջոցով Ուիգմորում ընդլայնում են ոչ միայն էպիլեպսիայի վիրահատությունների հասանելիությունը, այլև ախտորոշիչ և թերապևտիկ մոտեցումները:«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական նյարդավիրաբույժ, մանկական նյարդավիրաբուժական ծառայության պատասխանատու բ․գ․թ․ Էդուարդ ԱսատրյանԱմբողջական տարբերակը կարդացեք այս հղումով։
26 Մարտ
Ուիգմոր հիվանդանոցի մանկական վիրաբույժների թիմը հաջողությամբ ավարտեց «մանկական ուրոլոգ» նեղ մասնագիտացման կլինիկական օրդինատուրան
Օրը սկսեցինք կարևոր իրադարձությամբ․
ՀՀ ԱՆ ԱԱԻ-ն այցելու պրոֆեսորի պատվավոր կոչում շնորհեց մեր գործընկեր, Բելառուսի հանրապետական մանկական ուրոլոգիայի կենտրոնի ղեկավար, Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ-ուրոլոգ, բ․գ․դ․, Վիտալի Դուբրովին։ Վերջինս մասնագիտական այցով հյուրընկալվում է Ուիգմորում մարտի 24-28-ը:
Օրը նշանավորվեց նաև ավարտական դիպլոմներ հանձնելով Ուիգմոր հիվանդանոցի մանկական վիրաբույժների թիմին՝ «մանկական ուրոլոգ» նեղ մասնագիտացման կլինիկական օրդինատուրան հաջողությամբ ավարտելու կապակցությամբ։
Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ա. Բազարչյանն ընդգծեց, որ ԱԱԻ մանկաբուժության և մանկական նեղ մասնագիտությունների ամբիոնի գործակցությամբ Հայաստանում մանկական ուրոլոգիա օրդինատուրան առաջին անգամ է իրականացվում: Սա կարևոր քայլ է մանկական ուրոլոգիայի ոլորտի զարգացման և առաջխաղացման համար:
25 Մարտ
Valley Children’s Healthcare-ի մասնագիտական այց «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում
Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ ապրիլի 7-18-ը «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում կհյուրընկալենք մեր գործընկեր, ԱՄՆ-ում ճանաչված լավագույն մանկական բուժհաստատություններից մեկի՝ Valley Children’s Healthcare-ի հերթական մասնագիտական այցը:Valley Children’s Healthcare հիվանդանոցի պատվիրակության կազմում են մանկական նյարդաբանության ղեկավար, բժիշկ Սեզար Սանթոսը և մանկական ինտենսիվ թերապիայի բաժանմունքի մասնագիտացված բուժքույր Հեդըր Թրիփը։
Այս մասնագիտական այցի թիրախում է մանկական էպիլեպսիան և էպիլեպսիայի վիրահատական բուժումը։ Նշված օրերին մանկական նյարդավիրաբույժների մեր թիմը կիրականացնի էպիլեպսիայի վիրահատություններ։
Valley Children’s Healthcare-ի և «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի համագործակցությունը սկսվել է 2023 թվականին երկկողմ հուշագրի ստորագրմամբ՝ ուղղված մանկական առողջապահության զարգացմանը Հայաստանում։
Համագործակցության մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
22 Մարտ
Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոնն ընդլայնում է իր աշխարհագրությունը
Փետրվարին Լվովյան 2 հասցեում գործարկվեց «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն» առողջության առաջնային պահպանման օղակի պոլիկլինիկայի նոր մասնաճյուղը (առաջին մասնաճյուղը բացվել էր 2024թ․ մայիսին, Պուշկին 56 հասցեում)։ Նոր Նորքի մասնաճյուղը տրամադրում է բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ բոլոր տարիքային խմբերի բուժառուներին։ Մանկական ծառայությունները ներառում են՝ ընտանեկան բժիշկի, ուլտրաձայնային հետազոտությունների, էխոսրտագրության և իմունիզացիայի (պատվաստումների) ծառայությունները, իսկ մեծահասակները, բացի վերոնշյալներից, կարող են նաև օգտվել սրտաբանական, նյարդաբանական, էնդոկրինոլոգիական, մաշկաբանական, գինեկոլոգիական, ակնաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական և վիրաբուժական ծառայություններից։Կենտրոնի մասնագետների կողմից իրականացվում են առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններով բուժառուների դինամիկ հսկողություն և այլն։Կազմակերպվում է նաև բժշկական ցուցումներով բուժառուների հոսպիտալացումը՝ էլեկտրոնային ուղեգրումներով։Նոր Նորք մասնաճյուղի պոլիկլինիկական ծառայությունների պատասխանատու` Գոհար Պետրոսյան««Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի առաքելությունն է մատուցել որակյալ կանխարգելիչ բուժօգնություն՝ ներառյալ միջազգային առողջապահական կառույցների կողմից առաջարկվող սքրինինգային հետազոտություններ: Մեր տեսլականն է լինել պոլիկլինիկական ծառայություններ մատուցող առաջատար կառույց, բուժառուների հետ ձևավորել շարունակական բուժսպասարկման մշակույթ, խթանել կանխարգելիչ առողջապահության դերը Հայաստանում։ Մեր արժեքներն են ընտանիքակենտրոն մոտեցումը, որակյալ բուժօգնությունը, թիմային աշխատանքը և փոխադարձ վստահությունը», - ընդգծել է «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի Նոր Նորք մասնաճյուղի պոլիկլինիկական ծառայությունների պատասխանատու` Գոհար Պետրոսյանը:Պոլիկլինիկայի կողմից մատուցած ծառայություններն ընդգրկում են առաջնային օղակի բուժսպասարկման ողջ սպեկտրը։ Կցագրված բուժառուները՝ թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները, կարող են անվճար օգտվել պետպատվերի շրջանակում ներառված բոլոր ծառայություններից: Ի լրումն, հիմնվելով զարգացած երկրների փորձի վրա, «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ն առաջարկում է սքրինինգային (կանխարգելիչ) հետազոտությունների շատ ավելի լայն շրջանակ, որոնց մեծ մասը՝ նույնպես անվճար։ Սքրինինգային հետազոտությունների ընդլայնված փաթեթները մշակվել են հիմնվելով միջազգային առողջապահական փորձի վրա։ Դրանց նպատակն է կանխարգելել և/կամ վաղ փուլում հայտնաբերել տարբեր հիվանդությունների հավանականությունը բնակչության բարձր ռիսկի խմբերի մոտ։ Երեխաների համար նախատեսված սքրինինգային ընդլայնված փաթեթը՝ ի ավելում պետության կողմից երաշխավորված ծառայությունների, ներառում է նաև մի շարք այլ խորհրդատվություններ։«Ուիգմոր Գրուփ»-ի զարգացման գծով փոխտնօրեն Տաթևիկ Քոլոյան«Առողջության առաջնային պահպանման օղակն առողջապահական համակարգի կարևորագույն բաղադրիչն է՝ առողջության պահպանման, հիվանդությունների վաղ հայտնաբերման, կանխարգելման և իրազեկման համատեքստում: «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ն իրականացնում է այս գործառույթները՝ առաջնորդվելով ապացուցահեն բժշկության սկզբունքներով և միջազգային որակի ստանդարտներով», - ընդգծում է «Ուիգմոր Գրուփ»-ի զարգացման գծով փոխտնօրեն Տաթևիկ Քոլոյանը:Նրա խոսքով «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն» պոլիկլինիկաների հիմնադրումը և ընդլայնումն արտացոլում են «Ուիգմոր Գրուփ»-ի տեսլականը՝ Հայաստանում որակյալ և հասանելի բուժօգնություն տրամադրել բոլոր օղակներում և նպաստել ոլորտի համակարգային զարգացմանը։«Մեր առաքելությունը մնում է անփոփոխ․ բարձրորակ բուժսպասարկումը իրական և հասանելի դարձնել Հայաստանում», - ընդգծում է Տաթևիկ Քոլոյանը։ Պոլիկլինիկային կցագրվելու պայմաններին և մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել www.wigmore.am կայքը:*** «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ը առողջապահության առաջնային պահպանման օղակ է (պոլիկլինիկա):Այն մատուցում է պոլիկլինիկական ծառայություններ Պուշկին 56 և Լվովյան 2 հասցեներում և սպասարկում է թե՛ մեծահասակներին, թե՛ երեխաներին՝ հավասարապես կարևորելով ինչպես հիվանդությունների բուժումը, այնպես էլ դրանց կանխարգելումը։Պոլիկլինիկան տրամադրում է ինչպես պետական պատվերի շրջանակներում կատարվող անվճար ծառայություններ, այնպես էլ միջազգային առողջապահական կազմակերպությունների կողմից առաջարկվող լրացուցիչ ծառայություններ, որոնց մի մասը՝ նույնպես անվճար:Պոլիկլինիկայի մասնաճյուղերն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ, ժ․9։00-19։00 ինչպես նաև իրականացվում է հերթապահություն և իմունականխարգելման ծառայություն (պատվաստումներ) շաբաթ օրերը ժ․10։00-14։00։
Նյութի սկզբնաղբյուր՝ Արմենպրես
11 Մարտ
Առողջ հասարակության հիմքում առողջ կինն է
Կանանց միջազգային օրվան ընդառաջ՝ մարտի 7-ին, Շանթ հեռուստաընկերության «Առավոտը Շանթում» հաղորդման ուղիղ եթերում էին «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի ուրոգինեկոլոգիական ծառայության
պատասխանատու Զարուհի Գրիգորյանը և մամոլոգիական ծառայության պատասխանատու Ներսիկ Ժամհարյանը:
Մեր բժիշկները խոսեցին կանանց առողջության, կանխարգելիչ սքրինինգային հետազոտությունների կարևորության մասին և
ներկայացրին մի շարք կարևոր միջոցառումներ, որ նախաձեռնել է Ուիգմոր հիվանդանոցը միամսյակի շրջանակում:
Մարտի 8-ից ապրիլի 7-ը կարող եք ՈՒիգմոր հիվանդանոցում անցնել Ձեր տարեկան կանխարգելիչ հետազոտությունները կանանց առողջության սքրինինգային փաթեթների շրջանակում և ստանալ 30% զեղչ՝ վճարելով Ինեկոբանկի կամ Էվոկաբանկի քարտերով։ Փաթեթներին կարող եք ծանոթանալ հղմամբ։Ինչպես նաև միամսյակի ընթացքում և ողջ ապրիլ ամսին գործում է հատուկ առաջարկ 40տ լրացած կանանց՝ սքրինինգային մամոգրաֆիայի համար, որին կարող եք ծանոթանալ գրելով մեր էջերին կամ զանգելով 012345678 հեռախոսահամարով:
17 Փետրվար
Փետրվարի 22-ին՝ մանկական նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաց դռների օր «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը փետրվարի 22-ին կազմակերպում է մանկական նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաց դռների օր: Այդ օրը ծնողները հնարավորություն կունենան անվճար և առանց ուղեգրի խորհրդատվություն անցնել մանկական նյարդաբանի և նյարդավիրաբույժի հետ, ինչպես նաև՝ անհրաժեշտության դեպքում անցնել Էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ (ԷԷԳ) հետազոտություն՝ նույնպես անվճար: Նախապես հերթագրվելը պարտադիր է: Գրանցվելու համար զանգահարեք՝ +374 12 34 56 78։Հիվանդանոցում ընդգծում են, որ էպիլեպսիայի արդյունավետ վերահսկման համար անհրաժեշտ է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը։ «Ուիգմոր» հիվանդանոցում էպիլեպսիա ախտորոշում ունեցող երեխաների համար անցկացվող բաց դռների օրը կծառայի նաև որպես կրթական/լուսավորչական հարթակ, որտեղ ծնողները կարող են ստանալ ոչ միայն մասնագիտական խորհրդատվություն, այլև տեղեկություններ ժամանակակից դեղորայքային և վիրահատական բուժման մեթոդների մասին։«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական նյարդաբանության ծառայության պատասխանատու, մանկական նյարդաբան Նունե Կույումջյանը նշում է, որ Հայաստանում մանկական էպիլեպսիան ամենահաճախ հանդիպող նյարդաբանական հիվանդություններից մեկն է. ըստ պաշտոնական տվյալների՝ երկրում 3000-ից ավելի երեխա ունի «էպիլեպսիա» ախտորոշումը։«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական նյարդաբանության ծառայության պատասխանատու, մանկական նյարդաբան Նունե Կույումջյան«Մեր հասարակության մեջ կա թյուր ընկալում, թե էպիլեպսիան մեկ հիվանդություն է, մինչ դեռ գոյություն ունեն դրա բազմաթիվ տեսակներ։ Էպիլեպսիան կարող է ի հայտ գալ երեխայի կյանքի տարբեր փուլերում՝ սկսած նորածնային տարիքից մինչև դեռահասություն։ Այսօր մասնագետների հիմնական խնդիրը ոչ միայն հիվանդության ճիշտ ախտորոշումն ու բուժումն է, այլև՝ ծնողների և հասարակության իրազեկման մակարդակի բարձրացումը», – ընդգծում է Ն․ Կույումջյանը։Ամբողջական տարբերակը կարդացեք այս հղումով։
13 Փետրվար
7 փաստ նյարդավիրաբուժության մասին
Ի՞նչ է նյարդավիրաբուժությունը
Նյարդավիրաբուժությունը`
բժշկության ամենաերիտասարդ, ամենաբարդ և արագ զարգացող ճյուղերից մեկն է։ Այն զբաղվում
է նյարդային համակարգի՝ մասնավորապես գլխուղեղի,
ողնուղեղի, ծայրամասային նյարդերի և դրանք շրջապատող հյուսվածքների՝ գանգի, ողնաշարի
բնածին և ձեռքբերովի արատների վիրահատական բուժմամբ։
Վնասվածքները/տրավմաները նույնպես նյարդավիրաբուժության
կարևոր ուղղություններից են։ Դրանք ներառում են գանգի կոտրվածքները, գլխուղեղի սալջարդերը, արյունազեղումները, ողնուղեղի վնասվածքները
և ծայրամասային նյարդերի վնասվածքները, որոնք կարող են առաջանալ վթարների, անկումների
կամ արտաքին այլ ազդեցությունների հետևանքով։ Նյարդավիրաբուժական միջամտությունները
նման դեպքերում նպատակ ունեն կանխել հետագա
նյարդաբանական բարդությունները, թեթևացնել գլխուղեղի կամ ողնուղեղի ճնշումը և հնարավորության
դեպքում վերականգնել կորցրած ֆունկցիաները։
Ընդհանուր նյարդավիրաբուժությունից
զատ նյարդավիրաբույժները նաև նեղ մասնագիտացումներ ունեն․ կան անոթային, ողնաշարային, պերիֆերիկ նյարդերի, ֆունկցիոնալ
և այլ մասնագիտացումներ։ Հայաստանում մանկական նյարդավիրաբուժությունն առանձնացված
է որպես առանձին մասնագիտություն։
Ուիգմորի նյարդավիրաբուժական
թիմը հիմնականում զբաղվում է մանկական
նյարդավիրաբուժությամբ, ընդգրկելով նյարդավիրաբուժական հիվանդությունների ամբողջ սպեկտրը։
Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ
գործող նյարդավիրաբույժ դառնալու համար
Հայաստանում նյարդավիրաբուժական
մասնագիտացում ստանալու համար անհրաժեշտ է 6
տարի սովորել բժշկական համալսարանում, ապա 4
տարի մասնագիտանալ կլինիկական օրդինատուրայում։
Եվրոպայում կլինիկական
օրդինատուրան կամ ռեզիդենտուրան տևում է նվազագույնը
6 տարի, իսկ ԱՄՆ-ում՝ միջինում 8 տարի։ Նյարդավիրաբույժի գործնական աշխատանքը
սկսվում է օրդինատուրայի ընթացքում՝ ավագ բժիշկների
վերահսկողությամբ։
Կրթական գործընթացը
նյարդավիրաբույժների աշխատանքի մշտական և անբաժանելի մասն են. «Ուիգմոր կանանց և երեխաների
հիվանդանոց»-ը բազմաթիվ միջազգային համագործակցությունների միջոցով հաջողությամբ հյուրընկալում
և փորձի փոխանակում Է կազմակերպում աշխարհի առաջատար նյարդավիրաբույժների հետ, ուսումնասիրում
և տեղայնացնում է միջազգային հետազոտահեն գործելակարգերը։
Ուիգմոր նյարդավիրաբուժություն և պետպատվեր
«Ուիգմոր կանանց և
երեխաների հիվանդանց»-ում նեյրովիրաբուժական ամբուլատոր և հիվանդանոցային բժշկական
օգնության ծառայությունների ողջ ծավալը մատուցվոմ է այդ թվում պետպատվերի շրջանակներում։
Պետպատվերի շրջանակներում
սպասարկվելու համար անհրաժեշտ է համապատասխան առցանց ուղեգիր տեղամասային բժիշկից․
ուղեգիրը ստանալուն պես զանգահարեք` 012345678 հեռախոսահամարով, նախապես հերթագրվելու
համար։
ՆԱԽԱՊԵՍ հերթագրվելը պարտադիր է։
Ուիգմորի նյարդավիրաբուժական ծառայությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://wigmore.am/hy/wigmore-kanants-ev-erekhaneri-hivandanots/tsarayutyunner/mankakan-nyardavirabuzhutyun
Նյարդավիրաբուժությունը պահանջում
է բազմապրոֆիլային հիվանդանոց
Նյարդավիրաբուժական
խնդիրներն ունեցող բուժառուները պահանջում են մուլտիդիսցիպլինար (բազմաթիմային) մոտեցում, քանզի պաթոլոգիաները ծանր
են և հաճախ ընթանում են ուղեկցող հիվանդություններով։ Ծառայության համակարգված և արդյունավետ
աշխատանքի համար կենսական կարևորություն ունի՝ ներզատաբանների, ակնաբույժների անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների, նյարդաբանների,
վնասվածքաբան-օրթոպեդների, դիմածնոտային վիրաբույժների, ռադիոլոգների, պլաստիկ վիրաբույժների
և այլ նեղ մասնագետների հետ սերտ, համալիր համագործակցությունը, ինչպես նաև հիվանդանոցի
տեխնիկական հագեցվածությունը։
Հաճախ ծանր ընթացք ունեցող հիվանդությունները պահանջում են
ՎԻԹ (Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի
բաժանմունք) հսկողություն և բուժում։ Ուիգմոր հիվանդանոցում գործող երրորդ մակարդակի մանկական վերակենդանացման բաժանմունքը
(ՀՀ ԱՆ կողմից շնորհված բարձրագույն աստիճան) ապահովում է միջազգային ստանդարտներին
համապատասխանող խնամք՝ ծանր կամ կյանքի համար վտանգավոր իրավիճակներում գտնվող երեխաներին
(կրծքահասակ տարիքից մինչև դեռահասներ):
Բաժանմունքը հագեցած է առաջատար տեխնոլոգիաներով՝ համալիր հսկողություն, կյանք փրկող միջամտություններ
և բուժումներ իրականացնելու համար: «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի
վերակենդանացման բաժնին կից գործում է սանավիացիայի
ծառայություն, որն ապահովում է ծանր, կրիտիկական վիճակներում բուժառուների տեղափոխում՝
մարզերից Երևան։
Ուիգմորի կարևոր նպատակներից է մեկ հիվանդանոցում մատուցել
բոլոր ծառայությունները համալիր, մի տանիքի տակ՝ որպես բուժառուակենտրոն բուժսպասարկում․
յուրաքանչյուր դեպքում ցուցաբերվում է թիմային մոտեցում։ Ապահովելով ընտանիքակենտրոն
և բուժառուակենտրոն խնամք՝ բուժառուների ծնողները հոսպիտալացման ընթացքում մշտապես
կարող են մնալ երեխայի հետ վերակենդանացման բաժանմունքում:
Մանկական նյարդավիրաբուժության
առանձնահատկությունները
Մանկական նյարդավիրաբուժությունը
տարբերվում է մեծահասակների նյարդավիրաբուժությունից թե՛ մանկական աճող օրգանիզմի անատոմոիական-ֆիզիոլոգիական
առանձնահատկություններով, թե՛ հիմնական նոզոլոգիաների սպեկտրով, հենց այդ է պատճառը,
որ վերջին տասնամյակներում ամբողջ աշխարհում
այն վերջնականապես առանձնացել է որպես առանձին մասնագիտություն։
Զարգացող օրգանիզմի
նյարդային համակարգի վիրաբուժությունն ունի իր առանձնահատկություններն ու նրբությունները
երեխայի աճի և ձևավորման բոլոր փուլերում։
Մանկական նյարդավիրաբույժի
կարիք ունենում են նյարդային համակարգի բնածին
արատներով, գանգի արատներով, հիդրոցեֆալիայով, գլխուղեղի կիստաներով և ուռուցքներով,
Կիարիի մալֆորմացիայով, տրավմաներով և այլ պաթոլոգիաներով փոքրիկ բուժառուները։
Մինիմալ ինվազիվ միջամտություններ
Գոյություն ունի կարծրատիպ,
որ նյարդավիրաբուժական միջամտության համար պարտադիր անհրաժեշտություն է՝ գանգը «բացել»։
Սակայն ժամանակակից տեխնիկական միջոցները թույլ են տալիս փոքր կտրվածքներով և մինիմալ
տրավմատիզացիայով կատարել բարձր ճշգրտություն պահանջող վիրահատություններ։
Օրինակ նեյրոնավիգացիայի կիրառումը թույլ է տալիս
կատարել խորանիստ տեղակայված, դժվար հասանելի ուռուցնքերի բիոպսիաներ, ներուղեղային
տարբեր իմպլանտների տեղադրում։
Ժամանակակից մանկական
նյարդավիրաբուժության մեջ լայն տարածում են ստանում մինիմալ ինվազիվ՝ էնդոսկոպիկ վիրահատությունները,
որոնք կիրառվում են հիդրոցեֆալիայի, գլխուղեղի կիստաների, գանգի զարգացման արատների,
գլխուղեղի ներփորոքային արյունազեղումների
բուժման դեպքում։
Ո՞րն է հնարավոր ամենափոքր
տարիքը նեյրովիրաբուժական միջամտության համար
Անհրաժեշտության դեպքում
երեխային հնարավոր է վիրահատել անգամ ծնվելուց անմիջապես հետո։
Աշխարհի առաջատար հիվանդանոցներում
տարածում են ստանում նույնիսկ ներարգանդային կյանքում կատարվող վիրահատությունները,
որոնք զարգացման որոշ արատների դեպքում կարող
են ավելի լավ արդյունք ապահովել։ Նման վիրահատությունները հաճախ կատարվում են ողնուղեղի
զարգացման կոպիտ արատների դեպքում։ Բարեբախտաբար նման դեպքերը հնարավոր է կառավարել
հղիությունը պլանավորելիս ֆոլաթթվի ընդունման և հղիության սքրինինգների շնորհիվ։
Ուիգմորում գործում է բարձր տեխնիկական հագեցվածությամբ նորածնային վերակենդանացման բաժանմունք: Շարունակաբար
զարգացնելով և կատարելագործելով մանկական վիրաբուժական ծառայությունները՝ հիվանդանոցի
ժամանակակից տեխնիկական հագեցվածությունը ապահովում է այնպիսի միջամտությունների հասանելիություն,
որոնք հաճախ երեխայի կյանքի փրկության համար վճռորոշ են։ Վիրաբուժական թիմը գործակցելով
նյարդավիրաբուժական թիմի հետ իրականացնում են նորածնային վիրահատություններ, անհաս երեխաների վիրահատություններ և զարգացման
տարբեր արատների շտկումներ։
10 Փետրվար
Փետրվարի 10-ն էպիլեպսիայի միջազգային օրն է. ին՞չ պետք է իմանալ հիվանդության մասին
Փետրվարի 10-ին նշում են էպիլեպսիայի միջազգային օրը:
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական նյարդաբանության ծառայության պատասխանատու Նունե Կույումջյանը «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի՝ էպիլեպսիայի օրվան նվիրված թողարկման շրջանակում խոսել է Էպիլեպսիայի առաջացման պատճառների, ախտանշանների, բուժման առաջարկվող մեթոդների և մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ։
Մանկական նյարդաբանության ծառայությանը և թիմին կարող եք ծանոթանալ հղմամբ։Փոդքասթը կարող եք լսել այս հղմամբ։
31 Հունվար
Մանկական նյարդավիրաբուժություն
Հանրային ռադիոյի «Ես առողջ եմ» հաղորդաշարի հյուրն է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական նյարդավիրաբուժական ծառայության պատասխանատու Էդուարդ Ասատրյանը։
Խոսել ենք մասնագիտության առանձնահատկություններից և ոլորտային մարտահրավերներից:
30 Հունվար
Մասնագիտությունը՝ մանկական վիրաբույժ
Հանրային Ռադիոյի «Մասնագիտությունը» հաղորդաշարի եթերում «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական վիրաբույժ, վիրաբուժական ծառայությունների պատասխանատու Արայիկ Կարապետյանն է։
Զրուցում ենք մանկական և նորածնային վիրաբուժության առանձնահատկությունների,
Ուիգմորի վիրաբուժական ծառայությունների, կրթական նախաձեռնությունների և այլ մասնագիտական թեմաներով։
27 Հունվար
Ապագա ծնողների դպրոց․ փետրվարի ժամանակացույց
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը շարունակում է «Ապագա
ծնողների դպրոց»-ի՝ ապագա ծնողներին ուղղված մեր կրթական օրակարգի փետրվար
ամսվա գրանցումները։2024 թ․-ի հունիսի 1-ին ծննդօգնության ծառայության հետ մեկտեղ «Ուիգմոր»-ում
իր դռները բացեց նաև «Ապագա ծնողների դպրոց»-ը։Այս կրթական նախագիծն
ունի 3 հիմնական ուղղություն՝ ծննդաբերություն, կնոջ հետծննդաբերական խնամք եւ
նորածնի խնամք։ Դասընթացները մշակել եւ վարում են Ուիգմոր հիվանդանոցի
բժիշկները։ Դպրոցը գործում է ինչպես «Ուիգմոր»-ում հաշվառված հղիների, այնպես էլ
դասընթացով հետաքրքրված բոլոր ապագա ծնողների համար։2025 թ․-ի փետրվարին կունենանք 3
հանդիպում հետևյալ թեմաներով՝
01․02․2025 - Ծննդաբերություն․ դասընթացը ներառում
է նաև շրջայց Ուիգմորի ծննդատանը,
08․02․2025 - Կնոջ ֆիզիկական և հոգեբանական խնամքը հետծննդյան շրջանում,
15․02․2025 - Նորածնի խնամք։
Դասընթացավարները Ուիգմորի մասնագետներն են՝
մանկաբարձ-գինեկոլոգ,
ուրոգինեկոլոգ,
հոգեբան,
նեոնատոլոգ
անեսթեզիոլոգ։
Ապագա ծնողների դպրոցի դասընթացներն իրականացվում են «Ուիգմոր կանանց
և երեխաների հիվանդանոց»-ում (հասցե՝ Հրաչյա Ներսիսյան 10/7):Դասընթացներն անվճար են «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում
հաշվառված հղիների համար և վճարովի են այլ մասնակիցների համար։Պայմաններին ծանոթանալու և գրանցվելու համար կարող եք անցնել կից
հղմամբ՝ https://forms.gle/fQwMeBeMvsP5DvNJ7Գրանցման վերջնաժամկետը յուրաքանչյուր դասընթացի նախորդ օրն է։
1
2