Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց

Նորություններ

30 Հոկտեմբեր
Կանանց առողջության ծառայություն
Ժամանակակից կնոջ կյանքը բազում հույզերի, երազանքների, հոգսերի և ամեն ինչ հասցնելու վազքուղի է․.. Այս անվերջ մարաթոնում հեշտ է մոռանալ հոգ տանել ամենակարևորի՝ սեփական առողջության մասին։ «Ուիգմոր»-ում կնոջ առողջությունը մեր առաջնահերթությունն է․ մենք ստեղծել ենք հարմարավետ և ապահով միջավայր՝ կնոջ շուրջ կառուցելով և ողջ ծավալով մատուցելով կանանց առողջության ծառայությունները։ Ուիգմորը հոգ է տանում կնոջ առողջության մասին, մինչ նա հոգ է տանում բոլորի մասին:
18 Հոկտեմբեր
«Հայ բժշկության պատմություն»․ եզակի փաստավավերագրական ֆիմի ցուցադրություն
Հոկտեմբերի 18-ին «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում տեղի ունեցավ «Հայ բժշկության պատմություն» փաստավավերագրական ֆիլմի առաջին փակ ցուցադրությունը՝ հատուկ ԶԼՄ ներկայացուցիչների համար։ Ֆիլմը յուրահատուկ ճամփորդություն է ժամանակի մեջ. նախնադարից մինչև միջին դարեր, սովետական միության բժշկական դպրոցի ամենավառ դրվագրներից մինչև հայ բժշկության հետքերի բացահայտումներ տարածաշրջանում։Ֆիլմի գաղափարն ու նախաձեռնությունը վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի ռեժիսոր Արտակ Ավետյանինն է։ Ֆիլմը նկարահանվել է ամբողջությամբ «Ուիգմոր Գրուփ» ընկերության ֆինանսական աջակցությամբ՝ հայ բժշկության հարուստ պատմությունը, կարևոր դրվագները և ժառանգությունը ներկայացնելու և պահպանելու համար։«Ինչպես բոլոր մտքերը, որ հետագայում մարմին են ստանում՝ այս ֆիլմի գաղափարը ստեղծվեց հանկարծակի․ մի օր բացահայտեցի, որ բժշկական ոլորտի մասին որևէ ամփոփ ֆիլմ չկա։ Այդ պահից այս միտքն ինձ հանգիստ չէր տալիս», - պատմում է ֆիլմի ռեժիսոր Արտակ Ավետյանը։ «Հայ բժշկության պատմություն» վավերագրական ֆիլմը «Ուիգմոր Գրուփ»-ի ներդրումն է՝ ուղղված ոլորտի պատմության ներկայացմանն ու պահպանմանը՝ որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախաձեռնություն։ Նկարահանումներն իրականացվել են Հայաստանում, Վրաստանում (Թբիլիսի) և Թուրքիայում (Ստամբուլ): Հնագիտական բազում նյութեր են վերլուծվել, Մատենադարանի արխիվներից ներկայացվել են միջին դարերի եզակի աշխատություններ և հայ բժշկագիտական դպրոցների գործունեության ապացույցներ, ինչպես նաև հավաքագրվել են սովետական ժամանակաշրջանի արխիվային կադրեր մեր մեծանուն բժիշկների մասնակցությամբ:«Հայաստանի ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ է նման ֆիլմ ստեղծվում՝ ներկայացնելով հայ բժշկագիտության և բժշկական դպրոցի հիմնադիրներին, անդրադառնալով ժամանակի հանճարեղ նվաճումներին, պատմության անկյունաքարային դրվագներին և բեկումնային առաջընթացի պահերին», - իր հերթին հանդիպումն ամփոփեց «Ուիգմոր Գրուփ»-ի զարգացման գծով փոխտնօրեն Տաթևիկ Քոլոյանը:***Արտակ Ավետյանը վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի ռեժիսոր է։ Նրա աշխատանքների ցանկում են մի շարք կարևոր ակնարկներ և դիմանկարային ֆիլմեր, ինչպես, օրինակ՝ «Վիկտոր Համբարձումյան. կյանքի դրվագներ», «Յուրի Վարդանյան», «Գրիգոր Զոհրապ», «Գուրգեն Մահարի», «Ալեքսանդր Թամանյան», «Մովսես Խորենացի» և այլն։***Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը Երևանում տեղակայված, 220 մահճակալ կարողությամբ հագեցած բժշկական կենտրոն է, որի աշխատանքի հիմքում երեխաներին և կանանց համապարփակ, մատչելի և բարձրորակ առողջապահական ծառայություններ մատուցելու մշակույթն է։ ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի հուլիսի 6-ի թիվ 3350-Ա որոշման համաձայն՝ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ն արժանացել է մանկական խնամքի երրորդ բարձրագույն մակարդակի: Ընդունելով ընտանիքներ հանրապետության ողջ տարածքից՝ Ուիգմորը տրամադրում է միջազգային չափանիշներին համապատասխան ընդհանուր մանկաբուժական, նեղ մասնագիտական մանկական ծառայություններ, ինչպես նաև կանանց առողջությանն ուղղված և ծննդօգնության ծառայություններ:Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.wigmore.am կայք։
20 Սեպտեմբեր
Ուշադրություն. ավետում է Ուիգմորը…
Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի տաղավարում էին «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի զարգացման գծով փոխտնօրեն Տաթևիկ Քոլոյանը և մանկաբարձ-գինեկոլոգ Վերժինե Կասարջյանը։ Զրույցի ընթացքում անդրադարձանք․ Ուիգմոր ծննդօգնության ծառայության մեկնարկի հուզիչ պատմությանը, Բուժառուակենտրոն, այն է՝ կնոջ շուրջ «կառուցվող» ծննդօգնության և LDR – Labor, Delivery, Recovery նոր մոտեցմանը, Միջազգային համագործակցությունների և լավագույն փորձի ներդրման շնորհիվ Հայաստանում ապացուցահեն բժշկության զարգացմանը, Երեխային՝ դեռ նախածննդյան փուլից շարունակական բուժսպասարկման մատուցմանը, Նեոնատալ ծառայությանը, մասնավորապես նորածնային վերակենդանացմանը և նորածնային վիրաբուժությանը, Ուիգմորի՝ «Ապագա Ծնողների դպրոց» նախաձեռնությանը։
11 Սեպտեմբեր
Մանկական վիրաբուժության օր «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտնում է սեպտեմբերի 14-ին մանկական վիրաբուժության բաց դռների օրվա անցկացման մասին։ Նշված օրը մասնագետների խորհրդատվությունները կատարվելու են անվճար և առանց ուղեգրի։ Բաց դռների օրերի նախնական հերթագրումների գրանցումները իրականացվում են +374 12 34 56 78 հեռախոսահամարով։ «Բաց դռների օրերը Ուիգմորի հայեցակարգի մի մասն են կազմում՝ հնարավորություն ստեղծելով բուժառուների համար տեղում ծանոթանալ անձնակազմին, հիվանդանոցի տեխնիկական հագեցվածությանը և մեզ մոտ ընդունված բուժման առանձնահատկություններին և մեթոդներին», - նշում է մանկական վիրաբույժ, մանկական վիրաբուժության ծառայության պատասխանատու Արա Կարապետյանը։  «Այս կոնտեքստում հատուկ կառանձնացնեի անհետաձգելի վիրաբուժությունը. անհետաձգելի դեպքերի ամենամեծ դժվարությունը պլանավորման բացակայությունն է․ առաջին պլանում է թիմի փորձառությունը, հիվանդանոցի հագեցվածությունը և արագ, կոմպետենտ գործելու ունակությունը։ Անհետաձգելի վիրաբուժության մեջ ընդամենը մի քանի րոպեն երեխայի կյանքի համար որոշիչ կարող է լինել», - նշում է Արա Կարապետյանը։   Բաց դռների օրվան ընդառաջ վիրաբուժական թիմը պատմում է, որ Ուիգմորում լայնորեն կիրառվում է վիրահատությունների լապարասկոպիկ մեթոդը․ կարևոր ձեռքբերում է համարվում քիմիաթերապևտիկ բուժում ստացած երեխաների ուռուցքների հեռացումը, դժվար հասանելի ուռուցքների բիոպսիան՝ մինչև քիմիոթերապիան, որովայնի և կրծքավանդակի տարբեր տեղակայման էխինոկոկային բշտերի հեռացումը լապարասկոպիկ և թորակոսկոպիկ եղանակով։    Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառվում են նաև ձվարանի փողի ոլորքի, ձվարանի կիստաների, դեռահաս աղջիկների կոնքի օրգանների տարբեր տեսակի բարորակ և չարորակ գոյացությունների վարման ժամանակ:  «Նախկինում երեխաները վիրահատվում էին մեծ կտրվածքների միջոցով, սակայն մենք Ուիգմորում առաջնորդվում ենք աշխարհում ընդունված մինիմալ ինվազիվ միջամտությունների ստանդարտով», - նշում է Արա Կարապետյանը։ «Լապարասկոպիայի՝ որովայնի խոռոչի բոլոր հատվածները բարձր որակի վիզուալիզացիայի և սանացիայի հնարավորությունը, կրճատել է հետվիրահատական բարդությունների առաջացումը․ չկա վիրահատական վերք, չկա պոտենցիալ բորբոքային ընթացք», - բացատրում է Արա Կարապետյանը։  Լապարասկոպիկ մեթոդով Ուիգմորում լուծվում են նաև լյարդի, լեղուղիների, լեղապարկի հետ կապված հիվանդությունները։    Մասնագետը նշում է, որ թիմի առանձնահատկություններից է նաև շնչառական համակարգի վիրաբուժական խնդիրների վարումը։ Ախտորոշիչ, ինչպես նաև բուժական նպատակով կատարվում է բրոնխոսկոպիա (ֆիբրոբրոնխոսկոպիա և ռիգիդ՝ կոշտ), թորակոսկոպիկ միջամտություններ, օրինակ՝ բարդացած թոքաբորբերի վարման ժամանակ։ Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք հաճախ դիմում են երեխաներ՝ շնչուղիներում օտար մարմնի կապակցությամբ․ այս օտար մարմինների հեռացումը նույնպես կատարվում է  բրոնխոսկոպի միջոցով։ Հիվանդանոցում շարունակաբար զարգանում է  նաև նորածնային վիրաբուժությունը․ Ուիգմորում գործում է բարձր տեխնիկական հագեցվածությամբ նորածնային վերակենդանացման բաժանմունք: Վիրաբուժական թիմը իրականացնում է նորածնային վիրահատություններ, անհաս երեխաների վիրահատություններ և զարգացման տարբեր արատների շտկումներ։ Հիվանդանոցում ասում են, որ բաց դռների ձևաչափի ընդունելությունների ձևավորվող ավանդույթի երկարաժամկետ նպատակը հիվանդանոցի թիմի կողմից որդեգրված առաքելության իրականացումն է՝ բարձրորակ բուժսպասարկումը իրական և հասանելի դարձնել Հայաստանի բոլոր երեխաների համար։  Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը Երևանում տեղակայված, 220 մահճակալ կարողությամբ հագեցած բժշկական կենտրոն է, որի աշխատանքի հիմքում երեխաներին և կանանց համապարփակ, մատչելի և բարձրորակ առողջապահական ծառայություններ մատուցելու մշակույթն է։ ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի հուլիսի 6-ի թիվ 3350-Ա որոշման համաձայն՝ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ն արժանացել է մանկական խնամքի երրորդ բարձրագույն մակարդակի: Ընդունելով ընտանիքներ հանրապետության ողջ տարածքից՝ Ուիգմորը տրամադրում է միջազգային չափանիշներին համապատասխան ընդհանուր մանկաբուժական, նեղ մասնագիտական մանկական ծառայություններ, ինչպես նաև կանանց առողջությանն ուղղված և ծննդօգնության ծառայություններ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.wigmore.am կայք։
22 Օգոստոս
10 փաստ, որոնք անհրաժեշտ է իմանալ Արևմտյան Նեղոսի Տենդի մասին
 1 Ի՞նչ է Արևմտյան Նեղոսի վիրուսը (WNV) Արևմտյան Նեղոսի վիրուսը (WNV) վիրուսային վարակ է, որը պատկանում է մոծակների միջոցով փոխանցվող վարակների տեսակին, ինչպիսիք են դենգեն, զիկան և մալարիան:  2 Ի՞նչ եղանակով է փոխանցվում Արևմտյան Նեղոսի վիրուսըԱՆՎ-ն հիմնականում մարդկանց փոխանցվում է վարակված Culex մոծակի խայթոցի միջոցով կամ վարակակիր դոնորից արյան փոխներարկման/օրգանների փոխպատվաստման միջոցով:Ահա թե ինչպես է աշխատում վարակի փոխանցման գործընթացը.Մոծակի խայթոց. մոծակները վարակվում են ԱՆՎ-ով, երբ սնվում են վիրուսը կրող թռչուններով (ցանկացած թռչուն կարող է լինել վարակի աղբյուր)․ վարակվելուց հետո մոծակը խայթոցի միջոցով կարող է վիրուսը փոխանցել մարդկանց կամ այլ կենդանիների:Թռչունները ԱՆՎ-ի հիմնական կրողներն են․ վարակված թռչունների արյան մեջ վիրուսի կուտակման բարձր մակարդակ է առկա։ Երբ մոծակները նրանց խայթում են, դառնում են վարակի փոխանցող և վարակը տարածող։ Մարդիկ և այլ կաթնասուններ վարակվում են ԱՆՎ-ով մոծակի խայթոցից․ մարդիկ և ձիերը համարվում են վարակի «պատահական» և «վերջնական տեր»։ Սակայն պետք է նշել, որ մարդու կամ ձիու արյան մեջ վիրուսի առկա մակարդակը մոծակի համար բավարար չէ, որպեսզի նա վարակը տարածող դառնա:  Վարակի տարածման այլ ձևեր․ ԱՆՎ-ն կարող է փոխանցվել արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման ժամանակ։ !! Բոլոր այն դոնորները, ովքեր եղել են Արևմտյան Նեղոսի Տենդի համար վտանգի գոտում, չեն կարող մասնակցել դոնորության 28 օր կամ քանի դեռ չունեն վիրուսի հայտնաբերման բացասական թեստ:Այլ՝ հազվադեպ դեպքերում վիրուսը կարող է փոխանցվել մորից երեխային հղիության և/կամ ծննդաբերության ժամանակ: Մոծակների խայթոցների համեմատ այս եղանակները հազվադեպ են:  3 Արևմտյան Նեղոսի Տենդի աշխարհագրությունԱմբողջ աշխարհում կան նոր տարածքներ, որտեղ 2024 թվականից գրանցվել են դեպքեր, նաև  Հայաստանում:Մեր հարևան երկրներից՝ Իրանում և Թուրքիայում առաջին դեպքերը արձանագրվել են դեռևս 2009-2010թթ, իսկ ավելի թարմ հետազոտությունները ցույց են տալիս մինչև 15% տարածվածություն այս երկրներում: Վրաստանում և Ադրբեջանում որոշ տարածվածություն նույնպես նկարագրված է: 4 Որո՞նք են Արևմտյան Նեղոսի վիրուսի ախտանիշներըԱՆՎ-ի ախտանշանները շատ տարբեր են՝ ախտանիշների բացակայությունից (ասիմպտոմ) մինչև ծանր նյարդաբանական ելքեր: Չնայած հիվանդության ծանր՝ նեյրոինվազիվ (մենինգիտ, էնցեֆալիտ, սուր թորշոմած միելիտ) ձևերը զարգանում են մինչև 1% դեպքերում, ախտորոշված դեպքերը հենց սրանք են լինում:  Առանց ախտանիշների ընթացող (ասիմպտոմ) դեպքերը պարզ են դառնում միայն ուղղորդված հետազոտությունների միջոցով:Նեյրոինվազիվ դեպքերի մահացությունը, նույնիսկ զարգացած երկրներում (ԱՄՆ, Եվրոպա) կազմում է մոտ 10%: Սա նշանակում է, որ ախտորոշված 10 դեպքից հավանական է 1 մահվան ելք: Հարկ է նշել, որ ծանր ընթացքով դեպքերոմ ապաքինումը կարող է տևել ամիսներ՝ հաճախ թողնելով մնացորդային նյարդաբանական դեֆիցիտներ: 5 Որո՞նք են վարակման ռիսկային խմբերը Բարձր տարիքը և ուղեկցող հիվանդությունները մեծացնում են վարակի ծանր ընթացքի ռիսկը, սակայն հիվանդությունը կարող է նեյրոինվազիվ ընթացք ունենալ ցանկացած տարիքային խմբի և նույնիսկ առողջ անհատների մոտ: 6 Արդյո՞ք Արևմտյան Նեղոսի վիրուսը կարող է փոխանցվել մարդուց մարդու։Այո, սակայն միայն արյան/օրգանների դոնորության ժամանակ։ Մարդուց մարդու այս վարակը չի փոխանցվում (Տե՛ս 2-րդ կետը)։  7 Արևմտյան Նեղոսի վիրուսի բուժման ի՞նչ տարբերակներ կան:Այս պահին ամբողջ աշխարհում սպեցիֆիկ բուժում մշակած չէ․ հոսպիտալացված դեպքերում կիրառվում է սիմպտոմատիկ բուժում։   8 Ըստ վերջին տվյալների Հայաստանում հատկապես ո՞ր մարզերում է առկա վիրուսը:Ըստ առկա վերջին տվյալների դեպքերը գրանցվել են առավելապես Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում: 9 Ինչպե՞ս պաշտպանվել Արևմտյան Նեղոսի վիրուսից: • Մարդկանց համար պատվաստանյութ մշակված չէ, • Մշակել դոնորների (արյան և օրգանների) համար հատուկ կրիտերիաներ: Բոլոր այն դոնորները, ովքեր եղել են Արևմտյան Նեղոսի Տենդի համար վտանգի գոտում չեն կարող մասնակցել դոնորության 28 օր կամ քանի դեռ չունեն վիրուսի հայտնաբերման բացասական թեստ:Ինչպե՞ս կարելի է ապահովել անձնական պաշտպանություն՝ • Կրել փակ հագուստ։ • Օգտագործել ռեպելենտներ • Պատուհանների ցանցապատում։ Անհրաժեշտ է նաև մոծակների քանակի վերահսկում արտաքին միջավայրում՝Մոծակների համար բարենպաստ պայմաններն են՝ շոգ, խոնավ վայրերը, ջրային տարածքները (բույսեր պարունակող լճակներ, ջրափոսեր, ոռոգվող տարածքներ): Ուստի հարկ է զգուշանալ մոծակներից՝ կանխելով բազմաթիվ հիվանդություններ: • Նպաստավոր պայմանների վերացում (կեղտոտ ջրափոսերի, ճահիճների վերացում): 10 Կա՞ արդյոք ԱՆՎ-ի դեմ պատվաստանյութ:Մարդու համար պատվաստանյութ այս պահին մշակված չէ։Որտե՞ղ կարող եմ ավելի շատ տեղեկություններ գտնել Արևմտյան Նեղոսի վիրուսի մասին: Հավելյալ տեղեկատվություն վարակի մասին կարելի է կարդալ հետևյալ հղումներով՝https://www.cdc.gov/west-nile-virus/ https://www.who.int/news-room/fact-sheets/detail/west-nile-virus 
20 Օգոստոս
«Մասնագիտություն»․ Հայաստանում նոր կազմավորվող մասնագիտություն՝ ուրոգինեկոլոգիա
Մարդու լիարժեք և երջանիկ կյանքի կարևոր բաղկացուցիչն է առողջությունը: Ու չնայած մեզ շրջապատող աշխարհում առողջության վրա ազդող գործոնները բազմաթիվ են, կյանքի որակի բարելավման և առողջության պահպանման յուրաքանչյուր պահի բժիշկները միշտ մեր կողքին են՝ իրենց մասնագիտական խորհուրդներով, նվիրումով և անմնացորդ ծառայությամբ:Բժշկության նոր ուղղություն է ուրոգինեկոլոգիան, նեղ մասնագիտական ոլորտ, որը Հայաստանում խորացված ուսումնասիրվում և կիրառվում է վերջին մի քանի տարիների ընթացքում: Կոնքի օրգանների իջեցումները և անմիզապահությունը տարբեր տարիքային խմբերի կանանց շրջանում հաճախ հանդիպող խնդիրներից են: Ուրոգինեկոլոգիան ամբողջ աշխարհում վաղուց կիրառվող առողջապահական ուղղություն է, որը կենտրոնացած է կանանց կոնքի հատակի խանգարումների ախտորոշման և բուժման վրա՝ միզուղիների անմիզապահություն, կոնքի օրգանների պրոլապս և միզապարկի ու աղիների դիսֆունկցիա: Պրոֆեսիոնալ և փորձառու ուրոգինեկոլոգներն իրականացնում են գինեկոլոգիական և ուրոլոգիական հիվանդությունների վաղ ախտորոշում և ժամանակակից միջազգային մոտեցումներով կոնսերվատիվ բուժում՝ կատարելով նվազագույն ինվազիվ վիրաբուժական միջամտություններ: Հայաստանում այս մասնագիտության կարիքը շատ է զգացվում: Ուրոգինեկոլոգիան լուծում է մի քանի խնդիրներ միաժամանակ. բուժառուն դիմելով ուրոգինեկոլոգին կստանա և՛ գինեկոլոգիական, և՛ ուրոլոգիական հարցերի բոլոր պատասխանները մեկ մասնագետի կողմից։ Զրույց «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի գինեկոլոգ-ուրոգինեկոլոգ, մամոլոգ, ուլտրաձայնային հետազոտության մասնագետ Անժելա Լեխլյանի հետ:Սկզբնաղբյուր՝ https://hy.armradio.am/archives/592965
01 Օգոստոս
«Ուրոգինեկոլոգիայի և փոքր կոնքի վերակառուցողական վիրաբուժության 3-րդ գիտաժողով». Հայաստանում նոր մասնագիտական համայնք է ձևավորվում
ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում օգոստոսի 2-ին «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը «Հայաստանի Ուրոգինեկոլոգների ասոցիացիայի» հետ համագործակցությամբ կազմակերպում է «Ուրոգինեկոլոգիայի և փոքր կոնքի վերակառուցողական վիրաբուժության 3-րդ գիտաժողովը», որին մասնակից են նաև ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից և Ռուսաստանից Ուիգմոր ժամանած ուրոգինեկոլոգների պատվիրակության մասնագետները։ Գիտաժողովի նպատակն է Հայաստանի մասնագետներին ներկայացնել կանանց կոնքի օրգանների խնդիրների ախտորոշման, կոնսերվատիվ բուժման ժամանակակից միջազգային մոտեցումները, ինչպես նաև կատարվող նվազագույն ինվազիվ վիրաբուժական միջամտությունները։Գիտաժողովին ելույթներով հանդես կգան միջազգային ճանաչում ունեցող ուրոգինեկոլոգներ արտերկրից (ԱՄՆ, ԱՄԷ և Ռուսաստան)։ Կներկայացվեն անմիզապահության և փոքր կոնքի օրգանների իջեցման բազային և առաջադեմ եղանակները։ Համաժողովը նախատեսված է մանկաբարձ-գինեկոլոգների, ուրոլոգների, մանկաբարձուհիների, բուժքույրերի, ֆիզիոթերապևտների, առողջապահական ոլորտի աշխատակիցների համար:                                               Համաժողովին կարելի է գրանցվել հետևյալ հղմամբ:«Ուիգմորի գործունեության կարևոր ռազմավարական ուղղություններից է միջազգային կրթական համագործակցությունը, և այս գիտաժողովը բացառություն չի: Մեր նպատակն է միջազգային լավագույն փորձը տեղայնացնել և մեր երկրում ներդնել բուժօգնության և խնամքի բարձր չափանիշներ», - նշել է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի» զարգացման գծով փոխտնօրեն Տաթևիկ Քոլոյանը։  Ըստ նրա խոսքերի գիտաժողովի խոսնակների միջազգային կազմը ուրոգինեկոլոգների լավագույն մասնագետներից կազմված պատվիրակություն է, որի անդամները Ուիգմորի ուրոգինեկոլոգիայի թիմի հետ կանոնավոր մենթորական գործակցություն են իրականացնում և պարբերաբար այցելում Հայաստանը։ Նպատակը Հայաստանում ուրոգինեկոլոգների մասնագիտական համայնքի ձևավորումն է և շարունակական կրթությունը։Միջազգային պատվիրակության կազմում են` Սամվել Բադալյան- Նյու-Յորքի «Bassett Medical Center»-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ծառայության ղեկավար, ուրոգինեկոլոգ, Վաչե Մինասյան- «Brigham and Women’s Hospital»-ի ուրոգինեկոլոգիական ծառայության ղեկավար, Հարվարդի բժշկական համալսարանի պրոֆեսոր, Գեորգի Կասյան- «First Moscow State Medical University»-ի ուրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, ֆունկցիոնալ ուրոլոգիայի ծառայության ղեկավար, Ռայիսա Պլատտե- «Spectrum Health Medical Group»-ի ուրոգինեկոլոգ, կոնքի ռեկոնստրուկտիվ վիրաբուժության մասնագետ, Հարություն Մարգոսյան- «Latifa Women & Children Hospital»-ի ուրոգինեկոլոգ, կոնքի ռեկոնստրուկտիվ վիրաբուժության մասնագետ, Ջոն Ալ-Ջամալ- «Tufts University School of Medicine»-ի ուրոգինեկոլոգ, կոնքի ռեկոնստրուկտիվ վիրաբուժության մասնագետ, Արմեն Կիրակոսյան- «University at Buffalo»-ի ուրոգինեկոլոգ, կոնքի ռեկոնստրուկտիվ վիրաբուժության մասնագետ։ Ուրոգինեկոլոգիան բժշկության նոր ուղղություն է, որը զբաղվում է կանանց գինեկոլոգիական և ուրոլոգիական խնդիրների լուծմամբ մեկ մասնագետի (ուրոգինեկոլոգի) կողմից։ «Կոնքի օրգանների իջեցումները և անմիզապահությունը տարբեր տարիքային խմբերի կանանց շրջանում հաճախ հանդիպող խնդիրներից են, որոնց լուծման վերաբերյալ միջազգայնորեն ընդունված մոտեցումները վերջին տարիներին փոխվել են», - պատմել է Ուիգմորի ուրոգինեկոլոգիական ծառայության պատասխանատու, գինեկոլոգ/ուրոգինեկոլոգ Զարուհի Գրիգորյանը։ Հայաստանում ուրոգինեկոլոգիան որպես ենթամասնագիտություն սկսել է զարգանալ 2020թ․-ից: Պատմությունը հետաքրքիր և ուսուցանող է․ ըստ Զ․Գրիգորյանի խոսքերի՝ 2019թ․-ին Նյու-Յորքի «Bassett Medical Center»-ի  մանկաբարձության և գինեկոլոգիայի ծառայության ղեկավար, ուրոգինեկոլոգ պրոֆեսոր Սամվել Բադալյանը հետազոտություն էր անցկացնում Հայաստանի մարզերում փոքր կոնքի օրգանների իջեցումներ ունեցող կանանց շրջանում։ «Հետազոտության արդյունքում պարզվել էր, որ այն բուժառուները, ովքեր չեն դիմել վիրահատության ավելի լավ վիճակում են գտնվում, քան այն կանայք, ովքեր անցել են որոշակի վիրահատական միջամտություններ», - ներկայացնում է Զ․Գրիգորյանը։ «Հայաստանում այս մասնագիտացումը տարածված չէր և պրոֆեսոր Բադալյանի հետազոտությունը ցույց տվեց, որ դրա կարիքը շատ կա։ Այսօր Ուիգմորն այն առաջատամարտիկներից է, որն ունի ուրոգինեկոլոգիայի բաժանմունք, և մասնագետների թիմ, ովքեր զբաղվում են հենց ուրոգինեկոլոգիական խնդիրների լուծմամբ», - նշել է մասնագետը։Ըստ նրա խոսքերի, ուրոգինեկոլոգիայի միջազգային մոտեցման հիմնական ու ամենամեծ առավելությունն է՝ կոնսերվատիվ, ոչ վիրահատական բուժմանը տրվող նախապատվությունը։ Իսկ վիրահատությունը դիտարկվում է որպես ծայրահեղ միջամտություն՝ ամենածանր դեպքերի լուծում։ Սկզբնաղբյուրը՝ https://armenpress.am/hy/article/1196899 
31 Հուլիս
«Ուիգմոր»-ն ամփոփում է «Valley Children’s Healthcare»-ի անդրանիկ այցը Հայաստան
Հուլիսի 1-ից «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ը հյուրընկալել էր «Valley Children’s Healthcare»-ի՝ ԱՄՆ-ի առաջատար մանկական առողջապահական հաստատություններից մեկի պատվիրակությանը։ Շուրջ մեկ տարի առաջ երկու բուժհաստատությունների միջեւ ձեւավորված համագործակցության շրջանակում սա Ֆրեզնոյի մանկական հիվանդանոցի բուժանձնակազմի առաջին այցն է Հայաստան։ Մինչ այդ, «Ուիգմոր»-ի բժիշկների եւ ադմինիստրատիվ անձնակազմի երեք խումբ արդեն մեկնել էր ԱՄՆ՝ գործընկեր հիվանդանոց՝ փորձի փոխանակման։ «Ուիգմոր»-ում նշում են, որ սա Հայաստանի մանկաբուժության ոլորտում եզակի համագործակցություն է, որի նպատակն է բարելավել մանկական առողջապահությունը եւ միջազգային բարձր չափանիշներին համապատասխան բուժօգնության նոր մշակույթ ձեւավորել։ Երկշաբաթյա այցի ընթացքում պատվիրակությունը «Ուիգմորի» բժշկական թիմերի հետ աշխատել է համապատասխան բաժանմունքներում՝ կիսելով համատեղ բժշկական օգնություն կազմակերպելու փորձն ու գիտելիքները։ Կարեւոր բաղադրիչներից էր նաեւ կրթական հագեցած օրակարգը։ Այցի ավարտին՝ մինչ Ֆրեզնո վերադառնալը, «Valley Children’s Healthcare» հիվանդանոցի պատվիրակությունն ու «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի թիմը Մեդիամաքսին պատմել են առաջին այցի եւ համագործակցության մասին։ Տաթևիկ Քոլոյան․ «Այս համագործակցությունը բացառիկ է, սպասված եւ ոգեւորիչ»Քերըն Դալ․ «Մենք ցանկանում ենք ազդեցություն ունենալ ոչ միայն անհատների վրա»Վարուժան Ալտեբարմակյան․ «Սկզբունքները, որով առաջնորդվում է «Ուիգմոր»-ը, կարող են օգնել ստեղծել համընդհանուր համակարգ, եւ այն վերարտադրել այլ երկրներում»Հրաչուհի Ղազարյան․ «Ավելի մեծ վստահություն ձեռք բերեցինք, որ երկրում բուժօգնության մշակույթը փոխելու եւ նշաձողը բարձրացնելու մեր մղումներն արդարացված են եւ իրատեսական»Սեզար Սանթոս․ «Հայաստանում մանկական նյարդաբանների հրաշալի խումբ կա»Սթիվեն Էրիշ․«Այստեղ բժիշկները չունեն լայն հնարավորություններ, բայց իրենց հասանելի միջոցներով կարողանում են բացառիկ լուծումներ գտնել»Սթեֆանի Ջոնս․ ««Ուիգմոր»-ում բոլորն աշխատում են որպես մեկ թիմ, ընտանիք»Ջուլիաննա Սահուրիա․«Ամեն առավոտ հիվանդանոց մտնելիս՝ նույն հարցն էի լսում՝ ինչի՞ մասին ենք խոսելու այսօր»Էմի Մաուկ-Ֆիշեր․ «Ես, կարծես հպարտ մայրիկ լինեմ, որը սիրով հետեւում է իր բալիկների աճին»Ռոբ Սարոյան․ «Այս երիտասարդ ու զարգացող համագործակցությունը բազում դրական շերտեր ունի» Հոդվածի ամբողջական տարբերակը կարդացեք այս հղումով։
15 Հուլիս
Podcast-Հարց բժշկին. ուրոգինեկոլոգիան լուծում է և՛ գինեկոլոգիական, և՛ ուրոլոգիական հարցերը միաժամանակ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրոգինեկոլոգիան բժշկության մասնագիտացված ոլորտ է, որը կենտրոնացած է կանանց կոնքի հատակի խանգարումների ախտորոշման և բուժման վրա՝ միզուղիների անմիզապահություն, կոնքի օրգանների պրոլապս և միզապարկի ու աղիների դիսֆունկցիա: Ուրոգինեկոլոգիան ամբողջ աշխարհում վաղուց կիրառվող մասնագիտացում է, սակայն Հայաստանում այն սկսել է խորացված ուսումնասիրվել և կիրառվել վերջին մի քանի տարիների ընթացքում: «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի ուրոգինեկոլոգիական ծառայության պատասխանատու ուրոգինեկոլոգ, գինեկոլոգ Զարուհի Գրիգորյանի հետ զրուցել ենք Հայաստանում նոր համարվող մասնագիտության կարևորության, առանձնահատկության և առաջարկվող ծառայությունների մասին: Խոսելով մասնագիտության նրբություններից, մասնագետը նշեց՝ եթե բժիշկը գինեկոլոգ կամ ուրոլոգ չլինի՝ չի կարող այս ենթամասնագիտությանը տիրապետել: Ուրոգինեկոլոգիան այսօր մի քանի խնդիրներ լուծում է միաժամանակ. այսինքն՝ կինը կարող է դիմել ուրոգինեկոլոգին ու ստանալ և՛ գինեկոլոգիական, և՛ուրոլոգիական հարցերի բոլոր պատասխանները։ Որո՞նք են կանանց առողջությանը վերաբերվող այն խնդիրները, որոնց լուծում է տալիս ուրոգինեկոլոգիան: Որո՞նք են ուրոգինեկոլոգների կողմից բուժվող ամենատարածված հիվանդությունները: Ինչպե՞ս հասկանալ, որ հարկավոր է դիմել հենց այս նեղ մասնագետին` ուրոգինեկոլոգին։ Ի՞նչ է նշանակում կոնքի հատակի խանգարում, ե՞րբ ու ինչպե՞ս է այն առաջանում։ Որո՞նք են անմիզապահության, անկղապահության և կոնքի օրգանների պրոլապսի բուժման ներկայիս մոտեցումները: Այս և մի շարք այլ հարցերին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը: Գայանե Գաբոյան Ամբողջական փոդքասթը հասանելի է հղումով՝ https://armenpress.am/hy/article/1195733 
09 Հուլիս
Համագործակցություն՝ ուղղված մանկական առողջապահության զարգացմանը. «Ուիգմոր»-ում մեկնարկել է «Valley Children’s healthcare» (ԱՄՆ) մանկական հիվանդանոցի մասնագիտական այցը
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում արդեն մեկ շաբաթ ընթանում է ԱՄՆ լավագույն մանկական բուժհաստատություններից մեկի՝ «Valley Children’s Healthcare» հիվանդանոցից ժամանած առաջին մասնագիտական պատվիրակության այցը։ Սա ամերիկյան պատվիրակության անդրանիկ այցն է Հայաստան՝ ուղղված «Ուիգմոր»-ի մասնագետների հետ փորձի փոխանակման և համատեղ աշխատանքին։ Այցի առաջին օրը հյուրերը ծանոթացան «Ուիգմոր»-ի պատմությանը, առաքելությանը և զարգացման տեսլականին, քննարկվեց համագործակցության ընթացիկ շրջանակը և հեռանկարները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, շրջայցի ընթացքում նահանգներից ժամանած բժիշկները ծանոթացան անձնակազմի հետ, ծառայություններին և հիվանդանոցի տեխնիկական հագեցվածությանը, այնուհետև անցան այցի շրջանակներում նախատեսված հագեցած օրակարգին։ Հուլիսի 8-ին «Ուիգմոր»-ում բացվեց համագործակցության հուշատախտակը: «Ուիգմոր Գրուփ»-ի հիմնադիր տնօրեն, վնասվածքաբան-օրթոպեդ, ողնաշարի վիրաբույժ Զավեն Քոլոյանը նշեց՝ ԱՄՆ առաջատար մանկական հիվանդանոցի հետ համագործակցության գլխավոր նպատակն է էականորեն բարելավել երկրում մատուցվող մանկական առողջապահական ծառայությունների որակը։ «Հայաստանյան մանկաբուժության ոլորտի համար սա եզակի իրադարձություն է, միջազգային այս համագործակցությունը ներառում է բժիշկների շարունակական փորձի փոխանակում, բուժքույրական կրթություն, ինչպես նաև որակի և բուժառուների անվտանգության միջազգային չափանիշների ներդրում Հայաստանի հիվանդանոցային կառավարման ոլորտում»,-ասաց Զավեն Քոլոյանը։«Valley Children’s Healthcare»-ի բժշկական հարցերով և բժիշկների առողջության և զարգացման գծով փոխնախագահ, մանկական վարակաբան Քերըն Դալն ընդգծեց, որ սա շատ եզակի միջազգային համագործակցություն է երկու հաստատությունների միջև, որոնք աշխատում են բարձրացնել մանկական առողջապահության որակը Հայաստանում և աշխարհում: «Այն միջազգային այլ համագործակցություններից տարբերվում է նրանով, որ սա զուտ բուժառուներին ուղղված առողջապահական խնամք չէ, այլ համակարգային բարելավում: Մենք սրանով ցանկանում ենք փոփոխություն մտցնել և բարձրացնել բուժառուների անվտանգությունը, բուժօգնության որակը: Կարծում ենք, և հուսով ենք, որ այս համագործակցության ընթացքում կկարողանանք օգնել ներդնել այս ամենը «Ուիգմոր»-ում և Հայաստանում: Այստեղ շատ կարևոր է նաև ուսուցանելու գործընթացի առկայությունը, որը նաև լավ հնարավորություն է երկու կողմերին տեսնելու, թե ինչպիսի իրականություն է այլ երկրներում»,-նշեց նա։ Համագործակցության հուշագրի ստորագրումից ի վեր, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ից արդեն երեք մասնագիտական խումբ է մեկնել ԱՄՆ վերապատրաստման տարբեր մասնագիտացումներով՝ մանկական անհետաձգելի բուժօգնության բժիշկներ, մանկաբույժ, մանկական նյարդաբան և նյարդավիրաբույժ, դիմածնոտային վիրաբույժ, ճառագայթաբան, ինչպես նաև ադմինիստրատիվ անձնակազմ։Հոդվածի ամբողջական տարբերակը կարդացեք այս հղումով։
29 Հունիս
«Ուշադրություն․ավետում է «Ուիգմոր»-ը․ այստեղ ծնվում է երջանկությունը
«Ուշադրություն, ուշադրություն, ավետում է «Ուիգմոր»-ը։ Րոպեներ առաջ մեր ծննդատանը նոր կյանք սկիզբ առավ»։Բոլորը՝ բուժաշխատողներ, այցելուներ, բուժառուներ, մի պահ կանգ են առնում «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի սպասասրահում հնչող անակնկալ հայտարարությունից։ Հիվանդանոցում այսպես ավետում են ամեն բալիկի ծնունդը։ «Մենք աշխատում ենք, որ երեխայի ծնունդը մայրիկի համար լինի լավագույն փորձառությունը» «Ուիգմոր»-ի առաջնեկը ծնվեց ծննդատան բացման հենց հաջորդ օրը՝ հունիսի 2-ին։ Հիվանդանոցի զարգացման գծով փոխտնօրեն Տաթեւիկ Քոլոյանը պատմում է․ այդ օրն ամբողջ անձնակազմը՝ ավելի քան 450 մարդ, հուզված ու անհամբեր սպասում էր երեխայի ծննդին։ «Ծննդատունը բացվեց սիմվոլիկ օր՝ հունիսի 1-ին։ Աշխատանքային օրն ավարտվել էր, երբ զանգ ստացանք, որ մեր հղիներից մեկը ցավերով տեղափոխվել է հիվանդանոց։ Բոլորս հուզվել էինք, նույնիսկ մեր փորձառու բժիշկները, որոնց համար սա որեւէ 100-րդ ծնունդն էր, միեւնույն է, շատ հուզված էին։ «Ուիգմոր»-ի մեր մեծ ընտանիքում սա շատ սպասված ծնունդ էր, եւ մեր առաջնեկ նորածնին խորհրդանշական վկայական տվեցինք»։ Տաթևիկ Քոլոյանը Լուսանկարը` ՄեդիամաքսՏաթեւիկ Քոլոյանը «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի թիմին միացել է 2023 թվականի սկզբին՝ բացումից մի քանի շաբաթ անց։ Ասում է՝ այդ պահին արդեն գիտեր, որ հիվանդանոցի զարգացման ռազմավարությամբ նախատեսվում էր նաեւ ծննդատուն ունենալ, ու իր՝ 3 երեխաների մոր համար, դա աշխատանքի ամենասպասված ու հետաքրքիր պահն էր։ Ծննդատան բացումը «Ուիգմոր»-ի զարգացման ռազմավարության կարեւոր կետերից էր, սակայն դրա իրագործումը նախատեսվածից շուտ եղավ։ Տաթեւիկը պատմում է, որ կանանց առողջության ծառայությունը գործարկելուց հետո իրենց հաճախ հարցնում էին, թե երբ է նաեւ ծննդօգնության ծառայություն գործելու, հղիները հետաքրքրվում էին՝ կհասցնե՞ն ծննդաբերել Ուիգմորում։ Հաշվի առնելով աճող պահանջարկը՝ ներդրողների հետ քննարկեցին ու որոշեցին վերանայել ժամկետները։ «Որպես բուժառուակենտրոն հաստատություն՝ մեր նպատակն է 0-18 տարեկան երեխաներին համալիր բուժսպասարկում տրամադրել մեկ հարկի տակ։ Իսկ հիմա պատկերացրեք մի բուժհաստատություն, որտեղ Ձեզ ճանաչել են նույնիսկ մինչեւ Ձեր ծնվելը, գիտեն Ձեր պատմությունը, ճանաչել են Ձեր մայրիկին, հոգ են տարել Ձեր առողջության մասին նույնիսկ մինչեւ Ձեր ծնվելը եւ Ձեր կողքին են եղել, երբ լույս աշխարհ եք եկել ․․․։ Սա շատ բուժառուակենտրոն մոտեցում է թե՛ մայրիկի, թե՛ նորածնի հանդեպ եւ թույլ է տալիս «Ուիգմոր»-ին բուժառուի համար շատ ավելի թիրախային բուժսպասարկում կազմակերպել։ Սա կարեւոր է նաեւ կնոջ համար, ով կարող է երեխայի ծննդյան պլանավորումից սկսած իր առողջությունը վստահել «Ուիգմոր»-ին, հղիության ընթացքում հսկվել այստեղ, իր բալիկին ունենալ եւ շարունակել նրա խնամքը նույն վայրում»,- ասում է Տաթեւիկ Քոլոյանը։Լուսանկարը` ՄեդիամաքսՆա նշում է, որ ինչպես երեխաների եւ կանանց առողջության, այնպես էլ ծննդօգնության ծառայության դեպքում ձգտում են աշխարհի լավագույն փորձը սովորել եւ տեղայնացնել Հայաստանում․ դա հնարավոր է դարձել «Ուիգմոր»-ի միջազգային գործընկերությունների շնորհիվ։ Ծննդատան աշխատանքի մեկնարկից առաջ կանանց առողջության եւ ծննդօգնության ծառայությունների բժիշկները մոտ մեկ տարի հեռակա վերապատրաստվում էին Նյու Յորքի Բասսեթ բժշկական կենտրոնի (Bassett Medical Center) մասնագետների հետ։ Շարունակական կրթության եւ փորձի փոխանակման ծրագրեր են մշակվում նաեւ Մեծ Բալթիմորի բժշկական Կենտրոնի (Greater Baltimore Medical Center) գործընկերների հետ։ Տաթեւիկն ասում է, որ Հայաստանում լավագույն փորձի ներդրումը վերաբերում է ոչ միայն բժշկական հատվածին, այլեւ՝ բուժառուի հետ շփման մշակույթի ձեւավորմանը։ Սա կարեւոր է բոլորի, հատկապես՝ ծննդաբերությանը պատրաստվող կնոջ դեպքում։ Սեփական փորձից գիտի՝ բուժառուի համար բուժօգնության որակից ոչ պակաս կարեւոր է իր նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքը, որը շատ երկար է հիշվում։ «Երեխայի ծնունդը կնոջ կյանքում ամենահուզական պահն է, որը, ցավոք սրտի, կարող է աղավաղվել տարբեր վախերով կամ տհաճ հիշողություններով։ Մենք աշխատում ենք այնպես անել, որ երեխայի ծնունդը մայրիկի համար լինի լավագույն փորձառությունը։ Տաթևիկ Քոլոյանը Լուսանկարը` Մեդիամաքս Մեր մոտեցումը հետեւյալն է․ հղին պետք է միշտ զգա, որ ինքն այստեղ ամենակարեւոր մարդն է։ Ծննդալուծման ողջ ընթացքը կազմակերպվում է կնոջ շուրջ․ նա է այդտեղ կենտրոնական կերպարը։ Մենք առաջնորդվում ենք աշխարհում ընդունված LDR (Labor, Delivery, and Recovery) մոտեցմամբ․ հիվանդանոցում կան բոլոր հարմարություններով, բժշկական սարքավորումներով կահավորված սենյակներ, որտեղ կինն անցկացնում է ե՛ւ նախածննդաբերական փուլը, ե՛ւ ծննդաբերությունը, ե՛ւ հետծննդաբերական խնամքը՝ թե՛ իր, թե՛ բալիկի։ Ամեն ինչ արվում է սթրեսը նվազեցնելու եւ կնոջն օգնելու համար։ Այս մոտեցումների հիմքում ապացուցահեն բժշկությունն ու բժշկական ուղեցույցերն են»։ Ծննդօգնության ծառայության հետ մեկտեղ «Ուիգմոր»-ում մեկնարկել է «Ապագա ծնողների դպրոցը»։ «Ոչ թե մայրիկների, այլ ապագա ծնողների դպրոց, քանի որ մենք խրախուսում ենք երկու ծնողի մասնակցությունն ու կրթությունը»,- շեշտում է Տաթեւիկը։ Դպրոցը 4 հիմնական ուղղություն ունի՝ հղիություն, ծննդաբերություն, կնոջ հետծննդաբերական խնամք եւ նորածնի խնամք։ Դասընթացները մշակել եւ վարում են հիվանդանոցի բժիշկները։ Դպրոցը գործում է ինչպես «Ուիգմոր»-ում հաշվառված հղիների, այնպես էլ դասընթացով հետաքրքրված բոլոր ապագա ծնողների համար։ «Ցանկացած բուժառու գիտի, որ ստանալու է նույն բուժօգնությունը՝ անկախ այն բանից, թե որ բժիշկն է այդ օրը հերթապահում» Հոդվածի ամբողջական տարբերակը կարդացեք այս հղումով։
28 Հունիս
«Ուիգմոր Գրուփ»-ը հայտնում է «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի առաջին պոլիկլինիկայի բացման մասին
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  «Ուիգմոր Գրուփ»-ը՝ Հայաստանում առաջատար մասնավոր առողջապահական հաստատությունների խումբը («Ուիգմոր Քլինիք» և «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»), հայտնում է ընդլայնման և «Ուիգմոր Ընտանիքի առողջության կենտրոն» առաջնային օղակի պոլիկլինիկայի (իսկ հետագայում նաև` պոլիկլինիկաների ցանցի) բացման մասին:  «Ուիգմոր Ընտանիքի առողջության կենտրոն»-ի առաջին պոլիկլինիկան բացվել է Երևանում, մայիսի 13-ին՝ «Ուիգմոր Քլինիք» ԲԿ-ի նույն շենքում՝ Պուշկին 56 հասցեով։ «Ուիգմոր Ընտանիքի առողջության կենտրոն»-ը սպասարկում է և՛ մեծահասակներին, և՛ երեխաներին՝ հավասարապես՝ կարևորելով թե՛ հիվանդությունների բուժումը, թե՛ դրանց կանխարգելումը։ «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի ընդունարան («Ուիգմոր Քլինիք», Պուշկին 56)Ուիգմոր պոլիկլինիկայի մատուցած ծառայությունները ընդգրկում են առաջնային օղակի բուժսպասարկման ողջ սպեկտրը։ Պոլիկլինիկային կցագրված բուժառուները կարող են անվճար օգտվել պետպատվերի շրջանակում ներառված բոլոր ծառայություններից, ինչպես նաև, հետևելով միջազգային առողջապահական կազմակերպությունների խորհուրդներին, «Ուիգմոր Ընտանիքի Առողջության կենտրոն»-ն առաջարկում է սքրինինգների ավելի լայն շրջանակ՝ մասամբ կրկին անվճար։  «Ուիգմոր Գրուփ»-ի համար նշանակալի այս ընդլայնումը հնարավոր դարձավ մեր թիմի և գաղափարակիցների ամենօրյա կարգապահ և նվիրված աշխատանքի շնորհիվ: Այս ամուր հիմքի վրա մենք կարողացել ենք վստահելի և երկարաժամկետ հարաբերություններ կառուցել նաև մեր օտարերկրյա ներդրողների հետ», - նշում է «Ուիգմոր Գրուփ»-ի զարգացման գծով փոխտնօրեն Տաթևիկ Քոլոյանը:  Ամբողջական տարբերակը կարդացեք այս հղումով։ 
09 Հունիս
Առաջին անգամ Հայաստանում լապարասկոպիկ եղանակով հիդրոնեֆրոզի երկու վիրահատություն է իրականացվել
Մանկական վիրաբուժության մեջ կիրառվող ախտորոշման և բուժման ժամանակակից գիտահեն մեթոդներից է նվազագույն ինվազիվ տեխնոլոգիաների կիրառումը՝ լապարասկոպիան։ Այս ռեպորտաժում ներկայացնում ենք վերջերս մեր հիվանդանոցում հաջողությամբ իրականացված լապարասկոպիկ եղանակով հիդրոնեֆրոզի երկու վիրահատություն։ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական վիրաբուժական թիմն իրականացրել է դրանք Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր մանկական ուրոլոգ Վիտալի Դուբրովի ղեկավարությամբ։ Մինչ այսօր նմանատիպ վիրահատությունները Հայաստանում կատարվել են բաց եղանակով․ այս երկու դեպքը, Հայատանի մանկական վիրաբուժության ոլորտի համար՝ հեղաշրջման նշանակություն ունեցող՝ լապարասկոպիկ եղանակով են կատարավել։ Հայաստան այցի ընթացքում «Ուիգմոր»-ի մանկական վիրաբուժական թիմի հետ Վ․Դուբրովը մասնակցեց բուժառուների խորհրդատվության և 9-ը վիրահատական միջամտության:
01 Հունիս
Հրաչուհի Ղազարյան. «Մեր նպատակը ուժ և թևեր է տալիս»
Հրաչուհի Ղազարյանն ավելի քան 15 տարի զբաղվում է, իր խոսքով, դժվար, բայց միևնույն ժամանակ, դրական հույզեր պարգեւող ու երիտասարդացնող աշխատանքով։«Վստահորեն ասում եմ, որ բժշկական ոլորտում չկա այլ մասնագիտություն, որտեղ դու՝ որպես բժիշկ, բուժառուներից այդքան դրական էմոցիաներ ես ստանում։ Իրենք միշտ ստիպում են, որ լինես երիտասարդ, որ քո մեջ լինի մի երեխա, ով միշտ ապրում եւ իրենց հետ մեծանում է։ Եթե այսօր նորից բժշկական մասնագիտություն ընտրեի, միանշանակ, դա լինելու էր մանկաբուժությունը»,- խոստովանում է «Ուիգմոր Կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի բուժական գծով փոխտնօրենը։ «Երբ դու ունես քո երեխաները, այլ անկյունից ես ընկալում ծնողների էմոցիաները» Դպրոցական տարիներին Հրաչուհին երազում էր գիտնական դառնալու մասին։ Բայց ընտանիքի հետ քննարկումներից հետո ընդունվեց Բժշկական համալսարան։ Սովորելու տարիներին հասկացավ, որ գերադասում է երեխաների հետ աշխատանքը։ Մանկաբույժ դառնալու մտադրությունն ամրապնդվեց իր մեծ ուսուցիչ, մանկական սրտաբան Կոնստանտին Տեր-Ոսկանյանի հետ հանդիպումից հետո։ «Ես միշտ ասում եմ, որ մանկաբույժները շատ բարի են։ Միևնույն ժամանակ, մանկաբույժը, բժշկական գիտելիքներից զատ, պետք է կարողանա ազատ եւ հեշտ շփվել երեխայի հետ, կոնտակտի մեջ մտնել ընտանիքի հետ, լսել, կիսել նրա ապրումները, եւ, իհարկե, արժանանալ ընտանիքի վստահությանը»։ Չնայած ընտանիքն ու աշխատանքը համատեղելը ջանքեր է պահանջում, բայց բժշկուհին ասում է, որ հենց իր երեխաների շնորհիվ է նաև հաջողում գործում։ «Երբ ունես քո երեխաները, զգացել ես ծնող լինելու բոլոր գույները, այլ կերպ ես ընկալում ծնողների էմոցիաները։ Դա օգնում է, որպեսզի նույնիսկ ամենավրդովված կամ ամենաչհամագործակցող ծնողի տեսանկյունից դիտես խնդիրը, հասկանաս, թե ինչու նա այդ պահին չի կիսում քո տեսակետը։ Մեր երիտասարդ բժիշկներին միշտ հորդորում եմ, որ փորձեն նաև ծնողի աչքերով նայել խնդրին»։ «Նպատակը ուժ եւ թեւեր է տալիս» Հրաչուհի Ղազարյանը երկար տարիներ աշխատել է մանկաբուժական ոլորտում։ Մեծ փորձ և գիտելիք ձեռք բերելով, արտերկրում աշխատելով ու կրթվելով՝ մի քանի տարի առաջ կայացրեց իր կյանքի ամենահամարձակ որոշումներից մեկը. համախոհ հինգ մանկաբույժների հետ նոր բացված «Ուիգմոր Քլինիք»-ում ծավալել մանկաբուժական ծառայություն։ «Հնարավորություն եմ ունեցել օրդինատուրայի մի մեծ հատված անցկացնել Միացյալ Թագավորությունում՝ Բրիստոլի մանկական հիվանդանոցում։ Վերադառնալուց հետո երազանք ունեի. այն, ինչ տեսել եմ այնտեղ, հասանելի լինի իմ երկրում։ Շատ հաճախ քննարկումներ են եղել՝ միգուցե արտագաղթել, գնալ եւ աշխատել այդ մշակույթում, պատրաստի համակարգում, բայց երբեք չեմ տրվել այդ գայթակղությանը։ Կար նպատակ եւ պետք էր փորձել այն իրագործել հենց Հայաստանում։Հրաչուհի Ղազարյանը Լուսանկարը` ՄեդիամաքսԻհարկե, միայնակ դա հնարավոր չէր լինի։ Երևանում արդեն մեկ տարի գործում էր «Ուիգմոր Քլինիք»-ը, որի թիմի տեսլականը և նոր մշակույթ բերելու ձգտումը շատ գրավիչ էին։ Մեր բժշկական թիմը միացավ Քլինիքին։ Այն ժամանակ շատ մեծ էր մտահոգությունը, որ աշխատելով փոքր հաստատությունում, չենք կարողանա օգնել մեծ թվով երեխաների։ Ինչ խոսք, դժվար որոշում էր։ Նաեւ թիմի համար էր դժվար աշխատել փոքր, սահմանափակ թվով նեղ մասնագետների թիմում։ Բայց երբ ունես տեսլական, երբ գիտես՝ ուր ես գնում, որտեղ է նպատակը, դա միշտ թեւեր եւ ուժ է տալիս»։ «Թիմն աշխատում է մեկ ստանդարտով, եւ բոլոր պրոցեսները համակարգված են» Մանկաբուժական հինգ հոգանոց թիմը շատ արագ մեծացավ։ Ամբուլատոր ծառայությունից բացի «Ուիգմոր Քլինիք»-ում սկսեցին հիվանդանոցային բուժօգնություն տրամադրել։ Ներուժը մեծ էր, շենքային պայմանները՝ սահմանափակ։ Որպեսզի ներդրված չափանիշներով բուժօգնությունը հասանելի լինի մեծ թվով բուժառուների, ծնվեց առանձին մանկական հիվանդանոց ունենալու գաղափարը։ 2022 թվականին օտարերկրյա ներդրումներով հիմնվեց «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը»՝ մատուցելով ընդհանուր մանկաբուժական և նեղ մասնագիտական ծառայությունների գրեթե ողջ սպեկտրը և ավելի լայն ծավալներով։ Եթե «Քլինիք»-ում ընդամենը 16 մանկաբուժական մահճակալ կար, ապա հիվանդանոցում՝ 220։ Միայն մանկաբուժական թիմում հիմա 50 բժիշկ է աշխատում։ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկաբուժական թիմը 2023թ. նոյեմբերին Լուսանկարը` «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»«Հիվանդանոցի գործունեության առաջին տարում առողջապահության նախարարության կողմից արժանացանք երրորդ մակարդակի հիվանդանոցի կոչման։ Դա նշանակում է, որ մենք ունենք այնպիսի ենթակառուցվածքներ, հնարավորություններ, այնպիսի նեղ մասնագետների թիմ, որ կարող ենք ամենաբարդ խնդիրներին՝ ներառյալ հազվադեպ հանդիպող իրավիճակներին լուծում տալ, ինչպես նաև ներգրավվել երկրում գործող «սանավիացիայի» ծառայությունը՝ ՀՀ մարզերից վերակենդանացման միջոցառումներ պահանջող երեխաներին տեղափոխել Երևան: Պետական պատվեր ունենալու շնորհիվ ապացուցահեն բժշկությունը եւ թիմային մոտեցումները հասանելի են Հայաստանի՝ մինչեւ 18 տարեկան բոլոր երեխաներին, ինչին մենք ձգտում էինք դեռ մեր փոքրիկ «Քլինիքում»»։ «Ուիգմոր Կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ում Հրաչուհի Ղազարյանը մանկաբույժ լինելուց զատ նաեւ բուժական գծով փոխտնօրեն է։ Զուգահեռ շարունակում է կրթական գործունեությունը. ղեկավարում է Առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի ընդհանուր մանկաբուժություն եւ մանկական նեղ մասնագիտացումների ամբիոնը։ Ծանրաբեռնվածությունը մեծացել է, բայց հիվանդանոցի կարեւոր առանձնահատկությունը թիմային աշխատանքն է։ «Մեր նպատակն է ունենալ մեկ ստանդարտով աշխատող բժշկական թիմ ու հիվանդանոց, որտեղ բոլոր պրոցեսները համակարգված են, երբ բուժառուի հիվանդության վարումը կախված չէ այն հանգամանքից, թե որ բժշկին կհանդիպի: Իհարկե, այստեղ հնարավոր չէ առանց ուղեցույցների եւ գործելակարգերի, որոնք կան եւ կիրառվում են աշխարհում: Եթե մեկ բառով՝ դա ապացուցահեն բժշկությունն է։ Մենք հաճախ դիմում ենք բուժօգնության եւ ակնկալում ենք, որ կոնկրետ բժիշկը 7/24 պետք է կարողանա արձագանքել մեր հարցերին։ Այս մոտեցումը մշակութային փոփոխություն է պահանջում․ հասարակության ընկալման մեջ պետք է ներդրվի ընդհանուր ստանդարտներով և թիմային մոտեցումով աշխատող բուժսպասարկումը։ Այստեղ մանկաբույժի առանցքային դերն այն է, որ ընտանիքին, խնամողին, ծնողին կրթի, թե խնդիրն ինչ ճանապարհով պետք է լուծել, որոնք են մեր հաջորդ քայլերը, եւ պարտադիր ուսուցանի վտանգի նշանները, երբ անհապաղ պետք է դիմել բուժհաստատություն»։ Կարևորելով կանխարգելիչ բժշկությունը և առաջնային օղակի դերը, «Ուիգմոր»-ն այսուհետ ունի նաեւ առաջնային օղակի հաստատություն ընտանեկան առողջության կենտրոն, որտեղ պետպատվերի շրջանակում կարող են հսկվել ինչպես երեխաները, այնպես էլ մեծահասակները։ Այն առայժմ գործում է միայն Պուշկին 56 հասցեում, բայց նախատեսված է ստեղծել առաջնային օղակի հաստատությունների ցանց։ «Կենտրոնում բուժառուն եւ իր ընտանիքն են» Հրաչուհին ասում է, որ «Ուիգմոր Կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի համար կարեւոր է միջազգային լավագույն փորձը Հայաստան բերելը։ Առանձնացնում է Ֆրեզնոյի Valley Children’s Healthcare հիվանդանոցի հետ համագործակցությունը, որի շրջանակում «Ուիգմոր»-ի բժիշկների 3 խումբ արդեն մեկնել են ԱՄՆ գործընկեր հիվանդանոց՝ սովորելու, աշխատելու եւ փորձի փոխանակման։ Ամռանն էլ Ֆրեզնոյի հիվանդանոցի բժիշկներին են հյուրընկալելու Ուիգմորում։ Որպես միջազգային փորձի կիրառման օրինակ՝ բժշկուհին նշում է անհետաձգելի բուժօգնության բժշկի օրդինատուրայի ծրագրի ներդրումը. մի բան, որ մինչ օրս չկա Հայաստանում։ Իրենք նպատակ ունեն լրացնել այս բացը, պատրաստել բժիշկների, որոնք կտիրապետեն անհետաձգելի բուժօգնության բոլոր իրավիճակներին եւ կախված չեն լինի նեղ մասնագետներից։Լուսանկարը` «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»«Միջազգային փորձի ներդրումը ոչ միայն բժշկական գիտելիքներն են, այլեւ ընտանիքակենտրոն եւ բուժառուակենտրոն լինելը։ Շատ կարեւոր է, երբ կենտրոնում բուժառուն եւ իր ընտանիքն են, իսկ մնացած բոլոր գործընթացները կառուցվում են նրանց շուրջ։ Փորձում ենք մեր հիվանդանոցում հասանելի դարձնել գրեթե բոլոր նեղ մասնագիտական ծառայությունները, որպեսզի բուժառուն, երբ բարդ խնդիր ունի, ստիպված չլինի հաստատությունից հաստատություն պտտվել, այլ ինքը լինի այստեղ, եւ մնացած բոլորը պտտվեն իր շուրջը եւ փորձեն լուծել խնդիրը»։ Կարևորելով հետադարձ կապը, ունենք բաժին, որը մշտադիտարկում է մեր բուժառուների փորձառությունը, վերլուծում է ընտանիքների եւ խնամողների առաջարկները, ինչու չէ, նաև բողոքները, ինչի հիման վրա շարունակաբար բարելավվում են ներհիվանդանոցային գործընթացները։Հարցազորւյցի ամբողջական տարբերակը կարդացեք այս հղումով։
17 Մարտ
Տաթևիկ Քոլոյան. «Ուիգմոր»-ը համակարգային փոփոխություն բերելու մեծ ներուժ ունի
«Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցի» զարգացման գծով փոխտնօրեն Տաթեւիկ Քոլոյանը հիվանդանոցի աշխատանքին նայում է բուժառուի աչքերով։ Երեք երեխաների մայրիկն ասում է, որ այդ հայացքն օգնում է աշխատանքն ավելի ճիշտ կազմակերպել, հիշել տարբեր բուժհաստատություններում իրեն հանդիպած խնդիրներն ու «Ուիգմոր»-ում լրիվ այլ մշակույթ ձևավորել։  «Տեսնում էի, որ «Ուիգմոր»-ն ունի շատ մեծ ներուժ» 21 տարեկանում, հետաքրքիր ու Հայաստանում դրական փոփոխություն բերող աշխատանքի ակնկալիքով՝ Տաթեւիկ Քոլոյանը դիմեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ։ «Գրեթե 17 տարի աշխատել եմ ՄԱԿ-ում, կառույցի ներսում չորս աշխատանք եմ փոխել, գործադիր օգնականից մինչև նորարարության եւ զարգացման ֆինանսավորման բաժնի ղեկավար։ Դրանք անձնային և մասնագիտական աճի հագեցած տարիներ էին։ Ինձ միշտ գրավում էր երկրում դրական փոփոխություններ բերելու ներուժը։ Հայաստանի գրասենյակի մակարդակում հասել էի ինձ համար հուզական ու դժվար պահի․ պետք էր որոշել՝ շարունակել զարգացնել կարիերան արտերկրում, թե մնալ Հայաստանում... Բայց երկրից դուրս աշխատանքն ինձ երբեք չի հետաքրքրել»։Տաթեւիկ Քոլոյանը Լուսանկարը` ՄեդիամաքսԱյդ ընթացքում աշխատանքի առաջարկ է ստանում «Ուիգմոր»-ից: «Ես տեսնում էի, որ «Ուիգմոր»-ն ունի շատ մեծ ներուժ, որը ճիշտ ուղղորդելու, կառավարելու դեպքում կարող է Հայաստանում համակարգային փոփոխություն բերել։ Ուրախ եմ, որ տարիների ընթացքում ձեռք բերած փորձն ու գիտելիքները հիմա կարողանում եմ շատ ավելի թիրախային օգտագործել ու ավելի արագ տեսնել արդյունքները»։ «Ինքնաթիռը կառուցում էինք թռիչքի ընթացքում» Վնասվածքաբան եւ օրթոպեդ Զավեն Քոլոյանը, համախոհ մի քանի բժիշկների հետ, 2017 թվականին հիմնեց «Ուիգմոր Քլինիք» օրթոպեդիայի, վնասվածքաբանության կենտրոնը։ Թեեւ նախատեսված չէր, բայց, պահանջարկից ելնելով, մեկ տարի անց բացվեց մանկաբուժական բաժինը։ Հինգ մանկաբույժ, մի քանի սենյակ. մանկաբուժական հատվածի համար այսքանն էր նախատեսված, բայց երկու տարի անց այն գրավեց «Ուիգմոր Քլինիք»-ի կեսից ավելին։ Երբ հիվանդասենյակի վերածվեց նաեւ տնօրենի աշխատասենյակը, հիմնադիրները հասկացան՝ առանձին մանկական հիվանդանոցի կարիք կա։Լուսանկարը` «Ուիգմոր Կանանց և Երեխաների հիվանդանոց»2022-ի դեկտեմբերին Հրաչյա Ներսիսյան 10/7 հասցեում բացվեց «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնը՝ մատուցելով ընդհանուր մանկաբուժական եւ նեղ մասնագիտական ծառայություններ, 8 վիրասրահով, վերակենդանացման եւ անհետաձգելի բուժօգնության բաժիններով։ Բացումից երկու շաբաթ անց Տաթեւիկ Քոլոյանը միացավ հիվանդանոցի անձնակազմին։ «Պատկերավոր ասած՝ մենք ինքնաթիռը շարունակում էինք կառուցել թռիչքի ընթացքում, այնքան արագ էր ամեն բան զարգանում»: «Հայաստանում բուժօգնությունը շատ բաժանված էր, երեխաները ստիպված էին տարբեր հարցերով տարբեր մանկական բուժհաստատություններ դիմել։ Մեր նպատակն էր մեկ հիվանդանոցում մատուցել բոլոր ծառայությունները համալիր, մի տանիքի տակ՝ որպես բուժառուակենտրոն բուժսպասարկում։Լուսանկարը` «Ուիգմոր Կանանց և Երեխաների հիվանդանոց»Մեզ համար նաեւ սկզբունքային է, որ ջերմ մոտեցումը, որակյալ, ապացուցահեն բժշկությունը հասանելի լինի Հայաստանի բոլոր երեխաներին։ Այդպիսով, «Ուիգմորում» յուրաքանչյուր երեխա կարող է պետպատվերի շրջանակում անվճար հիվանդանոցային բուժօգնություն ստանալ»։ «Ծննդալուծման եկած կինը պետք է զգա՝ ինքն ամենակարեւոր մարդն է» Առողջ կին, առողջ երեխա, առողջ ընտանիք, առողջ հասարակություն. շատ երկրներում վաղուց այս մոտեցմամբ են առաջնորդվում՝ չտարանջատելով կնոջ եւ երեխայի առողջությունը։Լուսանկարը` «Ուիգմոր Կանանց և Երեխաների հիվանդանոց»«Զարգացման մեր ռազմավարությունը նախատեսում էր ժամանակի ընթացքում մանկաբուժության հետ մեկտեղ հիվանդանոցը ներդաշնակորեն համալրել կանանց առողջությանը վերաբերող ծառայություններով։ 2023թ․ աշնանը մեկնարկեցինք կանանց առողջության ծառայությունները ողջ ծավալով՝ վերանվանվելով «Ուիգմոր Կանանց և Երեխաների հիվանդանոց»»: Գարնանը «Ուիգմոր»-ը մեկնարկում է ծննդօգնության ծառայությունը։ Հիվանդանոցում արդեն սկսել են հղիների հաշվառումը։ Տաթեւիկն ասում է՝ ծննդատան իրենց հայեցակարգն ամբողջովին տարբեր է, Հայաստանում նախադեպը չունեցող։ Հղիության պլանավորումը, հսկողությունը, ծննդալուծումը եւ հետծննդյան շրջանի վարումը իրականացվում է բացառապես ապացուցողական բժշկության հիման վրա` հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված չափորոշիչները եւ Մանկաբարձների եւ գինեկոլոգների ամերիկյան քոլեջի (ACOG) ուղեցույցները եւ գործելակերպերը։ «Ծննդօգնության եւ կանանց առողջության մեր թիմն արդեն կես տարի է վերապատրաստվում է ԱՄՆ գործընկեր հիվանդանոցում։ Նյու Յորքի մասնագետների հետ նաեւ նախատեսվում է համագործակցություն շարունակական ուղղորդման եւ մշտադիտարկման ձեւաչափով», - նշում է Տաթեւիկը։ Առաջին անգամ Հայաստանում՝ աշխարհի առաջատար բուժհաստատությունների օրինակով, ներդրվում է LDR (Labor, Delivery, and Recovery) մոտեցումը։ Նախածննդյան շրջանը, ծննդաբերությունը, ինչպես նաեւ հետծննդյան շրջանը կինն անցկացնում է հարմարավետ սենյակում՝ համապատասխան կահավորանքով՝ տրանսֆորմեր մահճակալով եւ հոգատար բժշկական անձնակազմի հսկողությամբ։Տաթեւիկ Քոլոյանը Լուսանկարը` ՄեդիամաքսԾննդաբերական ցավի կառավարումը իրականացվում է ինչպես դեղորայքային, այնպես էլ ոչ դեղորայքային մեթոդներով, մասնավորապես նաեւ հիդրոթերապիայի միջոցով՝ երբ հղի կինը, տաք ջրում ընկղմվելով, կարողանում է ֆիզիկապես ավելի լավ, հանգիստ եւ թուլացած զգալ։ «Կնոջ հետ, ըստ ցանկության, ծննդալուծման ամբողջ ընթացքում նրա հետ կարող է լինել հարազատներից մեկը՝ որպես էմոցիոնալ աջակից», - պատմում է Տաթեւիկը։ Չնայած հղիության շրջանն ու ծննդաբերությունը կնոջ կյանքում ամենակարեւորն են, նա բայց սեփական օրինակով գիտի, որ հիվանդանոցային պայմանները, թերի բժշկությունը կամ կոպիտ վերաբերմունքը որքան խոցելի են դարձնում կնոջը: «Որպես երեք երեխաների մայր, ով անցել է այս ճանապարհով Հայաստանում եւ բախվել շատ խնդիրների, ցանկանում եմ, որ «Ուիգմոր»-ում յուրաքանչյուր երեխայի ծնունդը իր մայրիկի համար լավագույն փորձառությունը լինի՝ ճիշտ կազմակերպած բուժօգնությամբ եւ ջերմ վերաբերմունքով», - բացատրում է Տաթեւիկը։ «Բոլոր աշխատակիցների համար շատ մեծ արժեք է ապրումակցումը» «Ուիգմոր»-ում հավասարապես հոգատար վերաբերմունք ու որակյալ բուժօգնություն է ստանում ցանկացած կին ու երեխա: «Մենք գործնականում ապացուցում ենք, որ անկախ նրանից՝ դուք ով եք, «Ուիգմոր»-ում լավագույն բուժօգնությունն ու վերաբերմունք եք ստանալու»։Լուսանկարը` ՄեդիամաքսՈրակը, բուժառուի անվտանգությունը, ապրումակցումը, արդարությունը, թիմային աշխատանքը և վստահությունը Ուիգմորի հիմնարար արժեքներն են։ «Անկախ նրանից՝ մայրապետն է, բուժքույրն է, տնօրենը, թե բժիշկը, բոլոր հավասար են մեր հիվանդանոցում ամրագրված օրենքների առջեւ: Դա բերում է շատ մեծ վստահություն անձնակազմի ներսում»: «Հայաստանում փոփոխություն բերելու մեծ ներուժ ենք տեսնում» Տաթեւիկ Քոլոյանը շեշտում է, որ չեն ցանկանում Հայաստանի առողջապահական համակարգում «օազիս» լինել։ Իրենց նպատակը համակարգային փոփոխություն բերելն է, ինչն էլ անհնար է առանց շարունակական կրթության: Հենց այդ պատճառով նրա աշխատանքի առանցքային ուղղություններից է Ուիգմորի ակտիվ կրթական օրակարգը և միջազգային լավագույն գիտելիքի ու փորձի յուրացումն ու տեղայնացումը Հայաստանում։ Համագործակցությունների շարքում առանձնացնում է ամերիկյան մանկական լավագույն հիվանդանոցների տասնյակում ընդգրկված Valley Children’s Healthcare-ի հետ եռամյա համագործակցության հուշագիրը։Հարցազորւյցի ամբողջական տարբերակը կարդացեք այս հղումով։
19 Դեկտեմբեր 2023
Բարձրակարգ, վստահելի և անվտանգ բուժօգնությունը պետք է հասանելի լինի Հայաստանի բոլոր երեխաների համար․ Զավեն Քոլոյան
 Ուղիղ մեկ տարի առաջ Երևանում՝ Հրաչյա Ներսիսյան 10/7 հասցեում բացվեց «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 220 մահճակալով հագեցած, ՀՀ առողջապահության  երրորդ մակարդակի արժանացած այս բուժհաստատությունը իր աշխատանքի հիմքում ներդրել է համապարփակ, հասանելի և բարձրորակ առողջապահական ծառայություններ մատուցելու մշակույթը։ Մեկամյակի կապակցությամբ «Ուիգմոր»-ի տնօրեն Զավեն Քոլոյանի հետ հարցազրույցը ստորև։ -  Զավեն, ինչպիսի՞ն էր ճանապարհը՝ 2017թ․-ին բացված «Ուիգմոր Քլինիք»-ից մինչև առանձին հիվանդանոց։ - Հետադարձ հայացք գցելով անցած տարիներին՝ չեմ սխալվի, եթե պատասխանեմ, որ, իրականում, անցած ճանապարհը չափազանց հեշտ էր․ այո՛, մի զարմացեք այս ձևակերպումից։ Պատճառը մարդիկ են, ովքեր հավատացին գաղափարին, կիսեցին «Ուիգմոր»-ի արժեքները, և միասին այս ճանապարհն անցանք։ Կառուցել բազմապրոֆիլ հիվանդանոց մի թիմի հետ, որը կիսում է գաղափարներդ, ունի նույն արժեհամակարգերը, գնահատում է բաց և համակարգային կառավարման մշակույթը, հեշտ է և ոգեշնչող։ - Կանանց և երեխաների հիվանդանոցի գաղափարն ինչպե՞ս ծնվեց․ շուկայի կամ ժամանակի թելադրա՞նք էր, թե՞ սեփական մասնագիտական, գուցե անձնական երազանք։   Չէի անվանի երազանք մի բան, որն ընդամենը պահանջում է կենտրոնացում, հետևողական աշխատանք և ռեսուրսների ճշգրիտ կառավարում։ «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցի ստեղծումը, այո, և՛ շուկայի, և՛ ժամանակի թելադրանք էր։ Մինչ օրս մեր երիտասարդ պետությունը ձևավորել է պետության կենսագործելու համար պահանջվող բոլոր մինիմալ համակարգերն ու ինստիտուտները։ Եվ, կարծում եմ, հասել ենք զարգացման մի կետի, որտեղ այլևս մեծ ասելիք ունի որակը։ Այսօր միայն բարձր որակի ծառայություններ ստեղծելու շնորհիվ է հնարավոր շուկայում դիրքեր ամրապնդել․ սա ոչ միայն առողջապահության բնագավառին է վերաբերում։ - Անդրադառնալով հիվանդանոցի առաջին տարեդարձին՝ ո՞ր ձեռքբերումներով կամ կարևոր իրադարձություններով եք առավել հպարտանում: - Հպարտություն է տեսնել գաղափարակիցների բանակ, որն ամենօրյա քրտնաջան և կարգապահ աշխատանքով ապացուցում է, որ մեր երկրում նույնպես հնարավոր է բարձրորակ և առաջադեմ բժշկական օգնություն և ծառայություն մատուցել։ - Հաճախ խոսվում է «Ուիգմոր»-ի առաքելությունից՝ միջազգային նշաձող սահմանել Հայաստանի մանկաբուժական ոլորտում․ ի՞նչ է սա նշանակում և ինչպե՞ս է «Ուիգմոր»-ի այս գաղափարը գործնականորեն արտահայտվում։     Մեր նպատակն է հենց մեր հայրենիքում զարգացնել բարձր որակի և ապացուցահեն բուժօգնություն՝ համաձայն բժշկական և հիվանդանոցային միջազգային չափանիշների և, որ չափազանց կարևոր է, հասանելի բոլոր երեխաների համար։ Այս նպատակով մեր գործունեության առաջին տարում մենք բազմաթիվ (6) նոր միջազգային համագործակցություն ենք հաստատել արտերկրի լավագույն բժշկական հաստատությունների հետ՝ փորձի փոխանակման և մեր բուժանձնակազմի շարունակական կրթության համար։ Իսկ պետպատվերի շրջանակում աշխատանքը մեր հիվանդանոցային և անհետաձգելի բուժօգնությունը հասանելի է դարձնում յուրաքանչյուր ընտանիքի համար։ - Գիտենք, որ վերջերս «Ուիգմոր»-ը շատ կարևոր և ոլորտի համար եզակի համագործակցություն է սահմանել․ կպատմե՞ք դրա մասին։ Ինչպե՞ս այն կայացավ։ Ի՞նչ դեր է այն խաղալու ընդհանուր մանկաբուժական ոլորտի, նաև հիվանդանոցի մասնագետների համար։ - Այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ համագործակցություններ ենք նախաձեռնել Արևմուտքի և ԱՄՆ լավագույն բուժհաստատությունների հետ՝ նոր գիտելիք և փորձառություն բերելով Հայաստան։ Նոյեմբերի 2-ին համագործակցության հուշագիր ստորագրվեց ԱՄՆ առաջատար մանկական հիվանդանոցներից մեկի՝ Valley Children’s healthcare-ի հետ՝ նպատակ ունենալով էականորեն բարելավել մեր երկրում մատուցվող առողջապահական ծառայությունների որակը։ Հայաստանյան մանկաբուժության ոլորտի համար սա եզակի իրադարձություն է․ միջազգային այս համագործակցությունը ներառում է բժիշկների շարունակական փորձի փոխանակում, բուժքույրական կրթություն, ինչպես նաև որակի և բուժառուների անվտանգության միջազգային չափանիշների ներդրում Հայաստանի հիվանդանոցային կառավարման ոլորտում։ - «Ուիգմոր» երեխաների հիվանդանոցը սեպտեմբերին վերանվանվեց՝ ««Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոց», և ունի արդեն նաև կանանց առողջության հետ կապված համալիր ծառայություններ մատուցող բաժանմունք։ Նաև հայտնի է, որ պլանավորվում է ընդլայնել ծառայությունները և բացել ծննդատուն․ կպատմե՞ք ինչ ծառայություններ են լինելու ներկայացված։  - Աշխարհի զարգացած շատ երկրներում կանանց և երեխաների առողջությունը դիտվում է որպես կարևոր և շարունակական ամբողջականություն՝ առողջ կին, առողջ երեխա և առողջ հասարակություն սկզբունքով։ Այո, մոտ ապագայում կունենանք նաև արհեստական բեղմնավորման և ծննդօգնության ծառայություններ։ - Թեպետ հիվանդանոցը շատ երիտասարդ է, բայց արդեն ունի հավատարիմ հաճախորդներ, որոնք մշտապես հենց «Ուիգմոր»-ն են ընտրում․ կարծում ենք, նրանց հետ կապված հետաքրքիր պատմություններ կունենաք։  Այս մեկ տարվա ընթացքում մեր հիվանդանոցում ընդունել ենք շուրջ 72 հազար բուժառուի, հետևաբար, պատմությունները բազմաթիվ են։ Սակայն մեր նպատակն է ոչ թե հավաքել սեփական  պատմություններ, այլ «Ուիգմոր»-ում ունեցած անձնական փորձը դրական հիշողություն դարձնել հենց բուժառուների և նրանց ընտանիքների համար։ Հասարակության մեջ հիվանդանոցները այլևս չպիտի ընկալվեն մի միջավայր, որտեղ տիրում է վախի, անորոշության, անվստահության մթնոլորտը․․․ Մենք մեր աշխատանքով և ընտանիքակենտրոն մոտեցումով փոխում ենք այդ ընկալումները։ Հարցազորւյցի ամբողջական տարբերակը կարդացեք այս հղումով։
28 Նոյեմբեր 2023
Ուիգմորի օրթոպեդ-վնասվածքաբանները վերադարձել են ԱՄՆ-ի վերապատրաստումից
Ուիգմորի օրթոպեդ-վնասվածքաբանները վերադարձել են ԱՄՆ-ի վերապատրաստումից «Ուիգմոր   կանանց   և   երեխաների   հիվանդանոց»-ի   մանկական  օրթոպեդ- վնասվածքաբաններ Յուրի Սիմոնյանն ու Դավիթ Սեկոյանը, և «Ուիգմոր Քլինիք»-ի օրթոպեդ   վնասվածքաբան   Մուշեղ   Վարժապետյանը   վերադարձել   են   ԱՄՆ կատարած   մասնագիտական   վերապատրաստման   մեծ   ճամփորդությունից, հետևյալ օրակարգով․   SMART կուրս (Surgical Management and Reconstructive Training) Ռիչլենդի օրթոպեդիկ կենտրոնում,   SIGN իմպլատների  կիրառման  տեսական  և  պրակտիկ  դասընթացներ   SIGN fracture care International-ում (Րիչլենդ),   SIGN   ինտրամեդուլյար   մեխերի   օգտագործումը   վիրահատական միջամտությունների ժամանակ վարպետության դասընթաց (Րիչլենդ),   Մասնակցություն   Վնասվածքաբանների   Ամերիկյան   Ասոցիացիայի կոնգրեսին՝ Սիեթլում,  Չորսշաբաթյա վերապատրաստում Սան Ֆրանցիսկոյի Վնասվածքաբանության ընդհանուր հիվանդանոցում։  Վերապատրաստման  ծրագիրը  Ուիգմորի  ավագ  խորհրդատու,  բժիշկ-օրթոպեդ Ֆրանսուա   Անթունյանի   և   Ուիգմոր   կանանց   և   երեխաների   հիվանդանոցի համատեղ  նախաձեռնությունն  է․  շարունակական  կրթական  ծրագրերի  շնորհիվ Ուիգմորի մասնագետները ծանոթանում և ակտիվորեն կիրառում են միջազգային առաջադեմ փորձառությունը։  «Շատ  տպավորված  եմ  Սիեթլի  Վնասվածքաբանների  Ամերիկյան  Ասոցիացիայի կոնգրեսից», - նշում է Դավիթ Սեկոյանը։  Սա  բարձր  մակարդակի  ակադեմիական իրադարձություն   է,   որտեղ   աշխարհի   առաջատար   մասնագետները ներկայացնում   են   իրենց   գիտական   աշխատանքները․   այս   համաժողովը մասնագիտական նորությունների և միտումների ահռելի և անգնահատելի ծավալ է»,   -   նշում   է   Դ․Սեկոյանը։   «Տպավորված   եմ   նաև   մեր   արտասահմանյան կոլեգաների  աշխատանքի  համակարգվածությունից  ու  կրթական  համակարգի լիարժեքությունից․ ԱՄՆ-ում ուսանողական  միջավայրն  այնպես  է  կառուցված, որ ուսանողը  ավարտում  է  այն  արդեն  որպես  կայացած,  ինքնուրույն  և  ինքնաբավ մասնագետ։»  Իր   հերթին   մանկական   օրթոպեդ-վնասվածքաբան   Յուրի   Սիմոնյանը   ևս փաստում   է,   որ   ամերիկյան   կրթական   համակարգը   շատ   է   տարբերվում հայկական իրականությունից․  «Տեսական պատրաստվածությունից զատ,  ԱՄՆ-ում   սովորող   ուսանողները կուրսից  կուրս  անցնելիս  պարտավոր  են  բարդագույն  քննություններ  հանձնել, գիտական   բարձր   մակարդակի   աշխատանք   կատարել   և   որոշակի քանակությամբ պրակտիկ վիրահատություններ իրականացնել, ինչը  նշանակում է,   որ   համալսարանից   դուրս   են   գալիս   արդեն   պատրաստի,   տեսական   և ամենակարևորը՝ պրակտիկ գիտելիքով զինված բժիշկներ, - նշում է Յ․ Սիմոնյանը։  
03 Նոյեմբեր 2023
Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը միջազգային նշաձող է սահմանում Հայաստանի մանկաբուժական ոլորտում
Մադերա (Կալիֆորնիա) – Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը և ԱՄՆ լավագույն մանկական բուժհաստատություններից մեկը՝ Valley Children’s Healthcare-ը հայտարարել են իրենց համագործակցության մասին․ շարունակական գործակցության համաձայնագրի նպատակն է միջազգային ստանդարտներ ներդնել Հայաստանի մանկաբուժական առողջապահության ոլորտում։ Հուշագիրը ենթադրում է հայ և ամերիկացի բժիշկների շարունակական երկուստեք փորձի փոխանակում, բուժքույրական կրթություն և վերապատրաստում, որակի և հիվանդների անվտանգության արձանագրությունների մշակում, ինչպես նաև օրդինատուրայի ծրագրերի և համատեղ հետազոտական ջանքերի շուրջ համագործակցություն: «Ուիգմորի և ընդհանրապես Հայաստանի մանկաբուժական ոլորտի համար պատմական այս հուշագիրը նոր նշաձող է սահմանում բոլորիս համար», – նշում է Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի տնօրեն բժիշկ Զավեն Քոլոյանը։ Ըստ նրա խոսքերի՝ Ուիգմորն ու Valley Children’s-ը միավորում են միևնույն տեսլականն ու արժեքները, որոնց հիմքում է համապարփակ, մատչելի և բարձրորակ առողջապահական ծառայություններ մատուցելու մշակույթը։ «Միացյալ Նահանգների առաջատար առողջապահական հաստատության հետ համագործակցության այս հուշագրի կնքումը վերահաստատում է Ուիգմորի առաքելությունը՝ վերափոխել մանկական առողջապահությունը, համակարգային փոփոխություններ բերել Հայաստանի առողջապահական ոլորտ՝ սահմանելով որակի և խնամքի միջազգային չափանիշներ», - նշում է Զավեն Քոլոյանը։ Իր հերթին, Valley Children’s Healthcare-ի նախագահ և գործադիր տնօրեն Թոդ Սունտրապակը իր երախտագիտությունն է հայտնում Ուիգմորի թիմին համագործակցությունը հաստատելու համար։ «Համագործակցության հուշագրի ստորագրումը մեր հարգանքի տուրքն է երկու բուժհաստատության ընդհանուր արժեքների՝ գործնական դաշտում արտահայտմանը․ ԱՄՆ մանկական բուժօգնության փորձառությունը, Valley Children’s-ի 70-ամյա փորձն ու ժառանգությունը հայ մասնագետների հետ կիսելու հնարավորությունը, ինչպես նաև նման համագործակցության պրակտիկ չափելիությունը մեզ համար կարևոր ու անգնահատելի են», – նշել է Թոդ Սունտրապակը։ Ավելի վաղ, Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի բժիշկների արդեն երկրորդ խումբը մեկնել էր Valley Children's մասնագիտական փորձի փոխանակման մանկաբուժության, մանկական վիրաբուժության և ռադիոլոգիայի ոլորտներում: *** Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը, ՀՀ, Երևանում տեղակայված 220 մահճակալներով հագեցած առողջապահական հաստատություն է, որի աշխատանքի հիմքում երեխաների և կանանց համապարփակ, մատչելի և բարձրորակ առողջապահական ծառայություններ մատուցելու մշակույթն է։ Ընդունելով ընտանիքներ հանրապետության ողջ տարածքից՝ Ուիգմորը տրամադրում է միջազգային ճափանիշներին համապատասխան ընդհանուր մանկաբուժական, նեղ մասնագիտացված մանկաբուժական, ինչպես նաև կանանց առողջապահական ծառայությունների լայն շրջանակ: Ուիգմորի առաքելությունն է նպաստել Հայաստանի առողջապահական ոլորտի համակարգային փոփոխություններին, վերափոխելով մանկական առողջապահությունը, սահմանել որակի և խնամքի միջազգային չափանիշներ՝ դառնալով Հայաստանի Հանրապետության առողջապահական ոլորտի անփոխարինելի հիմնաքարերից: ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի հուլիսի 6-ի թիվ 3350-Ա որոշման համաձայն՝ Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցն արժանացել է մանկական խնամքի երրորդ բարձրագույն աստիճանի։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.wigmore.am կայք։ *** Valley Children’s Healthcare ԱՄՆ կենտրոնական Կալիֆորնիայի մանկական առողջապահական բարձրորակ և համապարփակ խնամքի ծառայությունների մատակարար է։ Հիվանդանոցն ապահովում է մասնագիտացված բժշկական և վիրաբուժական ծառայություններ, ունի 358 մահճակալ կարողություն: Valley Children’s Healthcare-ն իր տարածաշրջանի առաջին բուժ. հաստատությունն է, որ ստացել է Magnet Nursing՝ աշխարհի ամենաբարձր բուժքույրական հենանիշը։ 2023թ. Valley Children’s-ը ԱՄՆ-ի խոշորագույն՝ U.S. News and World Report մեդիա ընկերության կողմից հերթական անգամ ճանաչվել է որպես երկրի լավագույն մանկական հիվանդանոցներից մեկը՝ մանկաբուժական յոթ մասնագիտություններով: Իր 3500 աշխատակիցներով Valley Children’s-ը բարձրորակ, համապարփակ խնամք է տրամադրում կենտրոնական Կալիֆորնիայի ավելի քան 1,3 միլիոն երեխաների։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.valleychildrens.org:    
07 Սեպտեմբեր 2023
Հրաշալի նորություն
Հրաշալի նորություն  Մեծ ուրախությամբ և հպարտությամբ տեղեկացնում ենք, որ մենք մատուցում ենք բժշկական ծառայություններ նաև կանանց համար և այսուհետ կոչվում ենք «ՈՒԻԳՄՈՐ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ»   Հավատարիմ մնալով մեր զարգացման տեսլականին և արժեքներին՝ մենք առաջարկում ենք կանանց առողջության նորարար  մոտեցումներ՝ օգտագործելով նորագույն սարքավորումներ և հոգատար վերաբերմունք։  Մանրամասները՝ շուտով։ Ուիգմոր․ հիվանդանոց, որ սիրտ ունի։ 
16 Օգոստոս 2023
Շնորհակալ ենք աջակցության համար
Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի ջանքերով մեր բուժառուներից մեկը հնարավորություն ունեցավ ստանալ շատ թանկարժեք դեղորայք, որի 1 գրամը 50.000 դրամ արժի։ Երեխային այս դեղորայքը պետք էր 30 գրամի չափով։ Անչափ շնորհակալ ենք հիմնադրամին արագ արձագանքելու և օգնության ձեռք մեկնելու համար։ Այս քայլը շատ արժեքավոր էր փոքրիկի առողջության համար։
11 Հուլիս 2023
Ուիգմոր` երրորդ մակարդակի հիվանդանոց
 Ըստ ՀՀ առողջապահության նախարարի 2023թ․ հուլիս 6-ի No 3350–Ա հրամանի՝ «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնին շնորհվել է երրորդ մակարդակ։ Երրորդ մակարդակ հիվանդանոցին շնորհվում է, եթե վերջինս․ Ենթակառուցվածքների և առաջարկվող ծառայությունների առումով համապատասխանում է սահմանված ամենաբարձր մակարդակին: Կարող է կազմակերպել ծանր ընթացքով, ինչպես նաև հազվադեպ հանդիպող, քրոնիկ հիվանդությունների վարումը:    Ունի սանավիացիայի ծառայություն, և ապահովում է ծանր, վերակենդանացման միջոցառումներ և հսկողություն պահանջող հիվանդների տեղափոխում մարզերից Երևան։ Սա պետության արժանի գնահատականն է մեր թիմին, ով մշտապես մեծ պատասխանատվությամբ կատարում է իր աշխատանքը։